Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շարժումը մասամբ վիժեցրել է իշխանության հող հանձնելու քաղաքականությունը». Էդգար Էլբակյան

Մայիս 14,2022 23:22

«Իշխանության մասը հանդիսացող բանախոսի կողմից հայտարարվեց, թե Տավուշի անկլավների հարց չկա՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը չի ներկայացրել որեւէ իրավական հիմնավորում: Նախապատերազմյան, իրենց բնորոշ «զգայուն» հոխորտանքով, ասվում էր՝ հո էդպես չի՞, մենք էլ կարող ենք մի հատ քարտեզ գծել եւ ասել՝ մերն է. չեղավ, ո՞ւր է իրավական հիմնավորումը: Հարց է ծագում՝ իսկ ո՞ր իրավական հիմնավորումով է Ադրբեջանը բռնազավթել Գորիս-Կապան ճանապարհը, որը կապիտուլյանտի ձեւակերպմամբ՝ Ադրբեջան է, որպես Էյվազլի, Չայզամի»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայկական նախագծեր» նախաձեռնության կազմակերպած՝ «Ո՞վ հանձնեց Արցախը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ օրերս Հայաստանի սահմանում գոյություն ունեցող ադրբեջանական անկլավների մասին արած հայտարարությանը:

Բանախոսի բնութագրմամբ, այսպիսով, «կապիտուլյացիոն վարչակազմը փորձ է անում տեղեկատվական պաշտպանության անցնելու»:

Ամեն դեպքում, կա մեկ քարտեզ, որի հիման վրա Ադրբեջանը կարող է պնդել, որ այդ ճանապարհը եւ անկլավներն իրեն են պատկանում. դա, ըստ Էդգար Էլբակյանի, ՍՍՀՄ ԳՇ 1982-84 թվականների քարտեզն է, ուստի, նա երկրորդ հարցն է հնչեցնում՝ ինչպե՞ս է, որ այդ քարտեզով, Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանը կարողանում է վերցնել, իսկ Տավուշի անկլավների դեպքում պաշտոնական Երեւանը մոտավորապես ասում է՝ «գնա գրողի ծոցը»:

Իր իսկ հարցին Էդգար Էլբակյանը պատասխանում է. «Կապիտուլյացիայից հետո Տավուշում կանգնած է եղել բանակ՝ «նախկինների» կառուցած առաջնագծով, խրամատով, կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովով եւ այլն, Ադրբեջանն այդտեղ չի կարողացել մտնել: Իսկ Սյունիքը կարողացել է, որովհետեւ իշխանություններն այնտեղ դիտմամբ ոչ մի խրամատ չեն կահավորել, ՄՈԲ ռեսուրս չեն տարել, որպեսզի փակեն նոր առաջացած ճակատը, որովհետեւ գուշակում էին, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, իսկ իրենց ոչ պոպուլյար քայլեր պետք չէին: Իրենք նախընտրում էին կարճաժամկետ վարկանիշը չկորցնել, ոչինչ որ այնտեղ տարածքներ կկորեին»:

Բանախոսն անդրադարձավ խնդրի մեկ այլ մասին էլ. «Կա դեռ նախորդ տարվա մայիս ամսին գաղտնազերծված փաստաթուղթ, որ իրականում անկլավների թեման կա: Իշխանություններից ոչ մի հերքում չի եղել, ավելին, կա իշխանության հետ փոխկապակցված անձի՝ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանի հարցազրույցը մայիսի 22-ին, որ, այո, Տավուշի մարզում կան ադրբեջանական անկլավներ, կա նաեւ ապրիլի 7-ին, կառավարությունում կապիտուլյանտի ելույթը, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ»:

Բանախոսի գնահատմամբ, անկախ իշխանության վարած հակաարցախյան քաղաքականությունից, մարդիկ հասկանում են «հողի կարեւորությունը», կա նաեւ «Դիմադրության» շարժումն իր հստակ օրակարգերով ու եթե այն չշարունակեր թափ հավաքել, իշխանությունը նման բան չէր ասելու եւ իր գործողությունները փորձելու էր սահմանազատում-սահմանագծում ներկայացնել:

Քաղաքագետը ենթադրում է, որ իշխանությունն ընկրկել է «Դիմադրության» շարժման դիմաց, շարժումը մասամբ վիժեցրել է իշխանության հող հանձնելու քաղաքականությունը: Բայց նաեւ նկատում է, որ իշխանության նման հայտարարությունները ժողովրդի զգոնությունը բթացնելու համար են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031