Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռնիկ Ալիյանը «հետ է կանգնել» Ավետիք Չալաբյանի դեմ տված ցուցմունքից. Արթուր Հարությունյան

Մայիս 14,2022 22:15

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ  Ավետիք Չալաբյանի գործով ձերբակալման իրավաչափության եւ վարույթ իրականացնող մարմնի կողմից կալանավորման միջնորդությունները քննվել են մեկ նիստում, այսօր:

«Դատարանում ներկայացվեցին փաստաթղթեր, որոնք, ըստ էության, կազմվել էին միջնորդությունը ներկայացնելուց հետո»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ իր վստահորդի տանը խուզարկություն իրականացնելուց, նրան բերման ենթարկելուց եւ ձերբակալելուց հետո, վարույթ իրականացնող մարմինը դատարանում ևս շարունակեց իր հակաօրինական գործողությունները: Կալանավորման միջնորդությունը, վարույթ իրականացնող մարմինն, ըստ պաշտպանի, դեռ երեկ էր ներկայացրել:

Ինչեւէ, դատարանն այսօր Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:

Խոսելով Ավետիք Չալաբյանի կալանավորման հիմքերի եւ հիմնավոր կասկածի մասին՝ պաշտպանն ասաց, որ որոշման ամբողջական տարբերակը դեռ չունի, սակայն այն ստանալուն պես բողոքարկելու են՝ բոլոր հնարավոր անհամաչափություններով:

Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով: Ըստ պաշտպանի, քրեական գործի նյութերում, որոնք հասանելի են պաշտպանական կողմին, չկան համապատասխան ապացույցներ եւ մեղքն ապացուցող հիմնավորումներ: Պաշտպանը նկատում է, որ քրեական գործի հիմքում ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույց է դրված, միջնորդավորված անձանց միջոցով, ինչը իրավական տեսանկյունից պատշաճ չէ:

Նա նաեւ նկատեց, որ առերես հարցաքննության ժամանակ Թոռնիկ Ալիյանը «հետ է կանգնել» իր սկզբնական ցուցմունքից, չի պնդել այն: Պաշտպանը փորձեց բառացի մտաբերել նրա խոսքը. «Մինչ այս ես մտածում էի, որ պարոն Չալաբյանն է կանգնած այս ամենի ետեւում, բայց ես հիմա համոզվեցի, որ այդ մարդն այս ամենի մեջ չկա»: Միակ վկայի հակասական ցուցմունքից հետո վարույթ իրականացնող մարմինը փորձել է փրկել իրավիճակը՝ հրապարակելով նրա նախաքննական ցուցմունքը եւ խաչաձեւ հարցերով փորձել է հիմքեր նախապատրաստել, որ վկան պնդի իր նախաքննական ցուցմունքը:

Պաշտպանը մեկ այլ կարեւոր հանգամանք էլ նշեց. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր Քրեական օրենսգրքով՝ այն հոդվածը, որով մեղադրվում է Ավետիք Չալաբյանը, գոյություն չունի. «Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որովհետեւ նրա արարքն այդ պահին այլեւս հանցագործություն չի համարվի։ Ստացվում է, որ այս կալանավորումն ընդամենը միջոց է Ավետիք Չալաբյանին լռեցնելու համար, որովհետեւ ազատության մեջ Չալաբյանը որեւէ կերպ չէր կարող միջամտել գործի քննությանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031