Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարկոսյան. «Եթե պետության ղեկավարը իր պետության տարածքի մասին ասում է մի սար այս կողմ, մի սար այն կողմ, ինձ համար միանշանակ անընդունելի է»

Մայիս 14,2022 22:30

Նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարկոսյանը «Կա՞, արդյոք, քաղաքական ճգնաժամ Հայաստանում» թեմայով բանավեճի ժամանակ նշեց, որ 2002/2003 թվականներին ամերիկյան սոցիոլոգները գնահատեցին Հայաստանը որպես ձախողված պետություն:

«Այսօր այդ ձախողված պետությունից ընդհանրապես բան չի մնացել: Ղարաբաղի խնդիրը թողնեմ մի կողմ եւ փաստերով ներքին քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգերի վիճակի մասին խոսեմ:

Քաղծառայության համակարգը ներդրվեց 2002 թվականին: Տրամաբանությունը հետեւյալն էր. կայուն մնա մասնագիտական խումբը եւ տարանջատվի քաղաքականից, որպեսզի  քաղաքական թիմերը փոփոխվեն, իսկ մասնագետները պահպանվեն: Այսօր այդ համակարգը, ըստ էության ոչնչացված է: Մարդիկ իրենց հայացքների համար հեռացվում են աշխատանքից:

Աշխատավարձերի համակարգը շատ կարեւոր էր, որովհետեւ աշխատավարձը սոսկ փող չէ՝ կարգավիճակ է, հարաբերություններ եւ այլն: 2010/2012 թվականներին հաջողվեց աշխատավարձերի համակարգ ներդնել: Այս պարգեւավճարների ներմուծումը էականորեն ազդեց աշխատավարձերի վրա, ինչը բերեց աշխատակազմերի մեջ դժգոհության: Ըստ որում, պարգեւավճարները ոչ միայն սուբյեկտիվ էին՝ իշխանամետներին տալիս էին, իսկ ոչ իշխանամետներին չէին տալիս, այլեւ իշխանամետների մեջ տարբերություն էին դնում: Այս բոլորը ազդեց աշխատակազմերի աշխատանքի արդյունավետության վրա:

Հաջորդը` այս իշխանությունները առաջացնում են ներքին սոցիալական բախումներ ըստ սոցիալական խմբերի: Օրինակ, կան քննիչներ տարբեր աշխատավարձերով: Աշխատավարձերի տարբերություն կա զինվորականների ու ոստիկանների միջեւ: Եթե պետության մոտ առաջնահերթությունները տարբեր են, այս բոլորը առաջացնում են կոնֆլիկտներ, դժգոհություններ, ազդում մարդկանց տրամադրությունների, աշխատանքի արդյունավետության վրա, եւ կառավարման համակարգի վրա ընդհանրապես:

Համայնքային օրենքը առանց լուրջ մշակելու անցկացվեցին ընտրություններ, որը նույնպես ավարտվեց բախումներով: Դեմոկրատական մի սկզբունք կա, որը մեծամասնության իրավունքն է: Համայնքային ընտրություններում փոքրամասնություն կազմող խումբը կարող էր ազդել եւ իշխանություն վերցնել: Այսօր ամբողջ հանրապետությունում համայնքային կառավարումը անհասկանալի վիճակում է: Ես անձերի, կոնկրետ ուժերի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ երեւույթների մասին:

Ես էկրանների դեմ չեմ գնում, բայց միտինգների գնում եմ միշտ: Իմ դիրքորոշումը հստակ է: Ես չեմ կարող ընդունել մեկ անձի թատրոնով այդ անձի վարած քաղաքականությունը, որովհետեւ եթե մարդու մտածողությունը հայրենիքի վերաբերյալ՝ մի սարը ձյունոտ է եւ այլն, ինձ համար անընդունելի է: Եթե պետության ղեկավարը իր պետության մասին, իր  պետության տարածքի մասին ասում է մի սար այս կողմ, մի սար այն կողմ, ինձ համար միանշանակ  անընդունելի է»,- ասաց Ռազմիկ Մարկոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031