Լրահոս
Օրվա լրահոսը

Ես բարոյական պարտքս եմ համարել խորհուրդներ տալ, և այդ պահին եղել եմ Շուշիի հրամանատարական կետում․ Սեյրան Օհանյանը՝ Վարագ Սիսեռյանի մեղադրանքների մասին․ 168.am

Մայիս 14,2022 21:47

168.am-ը Վարագ Սիսեռյանի մեղադրանքների համատեքստում ևս մեկ անգամ զրուցել է Սեյրան Օհանյանի հետ և փորձել հասկանալ՝ ո՞վ է եղել Շուշիի ուղղությամբ պատասխանատուն, քանի որ իշխանությունները հստակ անուն չեն տալիս և ժամանակ առ ժամանակ Շուշիի անկումը տարբեր մարդկանց «գրպանն են գցում»:

– Այդ հարցը առաջին անգամ չէ, որ բարձրացնում են: Իմ պատրաստակամության և Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով ես եղել եմ Շուշիում: Սկզբնական շրջանում՝ հոկտեմբերի վերջերին, օգնել եմ, որպեսզի Շուշիի աշխարհազորը ձևավորվի: Այնտեղ եղել է հրամանատար, վարչակազմի ղեկավար՝ իր ամբողջ կազմով, վարչակազմի բոլոր ծառայությունները:

Ես պարզապես օգնել եմ՝ խորհուրդներ տալով, թե ինչ կառուցվածք կարող է ունենալ ստորաբաժանումը, այն ինչ խնդիրներ կարող է կատարել: Եվ երբ իրենք ցույց են տվել, թե այդ ստորաբաժանումը Շուշիի ներսում որտեղ է անցել պաշտպանության, ես մի քանի տեղով անցել եմ և առաջարկություններ եմ արել՝ ինչ անել ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար: Սա՝ մեկ:

Երկրորդ՝ Շուշիում հրամանատար կարող է լինել այն անձնավորությունը, որը լիազորված է, պաշտոնատար անձ է, զինվորական ծառայության մեջ է և հրամանով անցնում է: Շուշիում նշանակված է եղել հրամանատար, նրան ես պարզապես կողքից աջակցել եմ: Երրորդ՝ Վարագ Սիսեռյանին ես Շուշիում տեսել եմ 1-2 անգամ, ինչ-որ ստորաբաժանում էր բերել, որը, ես չեմ էլ իմանում՝ ինչ ստորաբաժանում է: Պետք է հարց տալ, թե ինքը ո՞նց է հայտնվել Շուշիում, որին ինչ-որ տեղ են ուղարկել, որ անցնի պաշտպանության: Պատերազմի ավարտից հետո Վարագ Սիսեռյանը ինձ մոտեցավ մեկ անգամ և ասաց՝ ինչո՞ւ Շուշին թողեցիք և դուրս եկաք:

Նախ ուզում եմ մեկնաբանել, որ Շուշիի հրամանատարական կետը ենթարկվում էր ՊԲ հրամանատարին և այդ հրամանատարական կետը կարող է Շուշիից հանել միայն ՊԲ հրամանատարը: Ես բարոյական պարտքս եմ համարել խորհուրդներ տալ, և այդ պահին եղել եմ Շուշիի հրամանատարական կետում: Եվ ՊԲ հրամանատարը որոշել է հրամանատարական կետը տեղափոխել, որի տեղափոխման ժամանակ ես իրենց հետ տեղափոխվել եմ: Վարագ Սիսեռյանը այդ հարցազրույցում օգտագործում է մի քանի բառ, որն ինձ համար անընդունելի է՝ «փախան», «թռան»: Ինքը հասկանալով իմ ֆիզիկական վիճակը, որ եթե ուզեմ էլ փախչել՝ չեմ կարող, և դա, գտնում եմ, որ բարոյական չէ: Եվ ամենակարևորը՝ Վարագ Սիսեռյանի հետ մենք պայմանավորվել ենք, որ հանդիպենք և խոսենք, ինքը ինձ երկու հեռախոսահամար է տվել: Ընդ որում, վերջին հանդիպման ժամանակ ասել է՝ «ես պարզեցի և այդպես չէ՝ ինչ որ մտածում էի»:

Մի քանի անգամ ես փորձել եմ նրա հետ կապնվել, մի քանի անգամ զանգել եմ իր տված հեռախոսահամարներով, զանգերը գնում են, և նա իմ զանգերին չի պատասխանել: Չեմ կարծում, որ Վարագ Սիսեռյանը կարող է գնահատական տալ ռազմական գործողություններին, ասել՝ ինչպես է ղեկավարվել Շուշին, ով է եղել Շուշիի հրամանատարը: Իսկ ես այս պահին Վարագ Սիսեռյանի հայտնվելը և խոսելը այս մասին, ընդ որում, դա կապել ընթացող քաղաքական գործընթացներին և այլն, ինձ համար անհասկանալի է:

Երբ ես հանդիպել եմ նրա հետ, ինքը ինձ վրա նորմալ մարդու տպավորություն է թողել: Թե ինչո՞ւ է հիմա ինչ-որ մեկի պատվերը կատարում, անհասկանալի է: Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող իմանալ, թե ես ով եմ եղել այնտեղ: Բանակի ղեկավարման ոլորտում ղեկավարություն կարող է ունենալ այն մարդը, որն ունի լծակներ, իսկ ես պաշտոնյա չեմ եղել և ոչ մի լծակ չեմ ունեցել: Եթե կոնկրետ այս պահին է Սիսեռյանը այդ մասին բարձրաձայնում, ինքը խառնվում է քաղաքական գործընթացներին և ինչ-որ պատվեր է կատարում: Իսկ ինձ, կրկնում եմ, վերջին օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է խնդրել լինել Շուշիում:

Վերադառնալով 44-օրյա պատերազմին և շարունակելով մեր հարցադրումները Սեյրան Օհանյանին՝ փորձեցինք պարզել՝ արդյո՞ք պատերազմը Շուշիի համար էր, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, և ի՞նչ առաջարկներ է արել, որոնք ընդունվել կամ չեն ընդունվել, այդ թվում՝ Շուշիի հետ կապված:

– Պատերազմը եղել է Արցախի համար, ինչո՞ւ չէ՝ տարբեր շրջանների և Շուշիի համար: Եվ Շուշիում ընթացող մարտական գործողությունները պետք է տեսնել Արցախում ծավալված ընդհանուր մարտական գործողությունների և զարգացումների համատեքստում:

– Կարո՞ղ էինք Շուշին պահել՝ հաշվի առնելով, որ, այսպես ասած, աշխարհագրական դիրքային առումով առավելությունը մեր կողմում էր:

– Իհարկե կարող էինք Շուշին պահել, եթե Շուշիի մարտական գործողությունները կազմակերպված լինեին: Եթե Շուշիում բանակի ղեկավարությունն իրականացներ կառավարում, գար և տեղում փոխգործակցություն կազմակերպեր ստորաբաժանումների միջև: Կարծում եմ, որ Շուշիի մեջ 2 հարթության վրա են եղել ստորաբաժանումները. առաջին՝ բանակային, որը ենթարկվել է բանակի ղեկավարությանը, երկրորդ՝ աշխարհազոր, որն ունեցել է իր հրամանատարը, դա եղել է Շուշիի դատախազը, որն անմիջապես ենթարկվել է Շուշիի շրջվարչակազմին, որն էլ իր հերթին՝ ենթարկվել է Արցախի ղեկավարությանը: Այսօր այդ ամեն ինչը բարդել… դե յուրե ես այնտեղ ոչ մեկն եմ եղել, իսկ դե ֆակտո բարոյական եմ համարել գնալ և խորհուրդներ տալ, օգնել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031