Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի դեպքից հետո կանգնել ու զսպել զորքին, թե՝ պետք չի լարվածություն ստեղծել, պետք չի պատասխան տալ, ուժ կիրառել, դրանից հետո ի՞նչ կարելի է սպասել». Տիրան Խաչատրյան

Մայիս 14,2022 20:16

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում անվտանգության թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ առաջիկայում զինված ուժերի անելիքին:

Ըստ նրա, պետք է հասկանալ նախ՝ ինչ անել, ինչով եւ ինչպես. «Այս իշխանությունները ինչ են արել՝ կարծես թե անվտանգային ռազմավարություն մշակել են, բայց դա ի՞նչ ռազմավարություն է: Նախ պետք է լինեն դա իրականացնող կամ դրա գործիքակազմը կյանքի կոչող մարդիկ: Հիմնական անլուծելիության խնդիրը գալիս է նրանից, որ ովքեր դրանով զբաղվում են, դրա մասնագետները չեն կամ վերցրել են օդից ինչ-որ բաներ: Չկա այնպիսի տերություն, որտեղ այսպիսի իրավիճակ ստեղծված լինի, հետեւաբար այդ մոդելով ղեկավարվելը սխալ է: Ինչո՞վ անել՝ նյութատեխնիկական բազան, անձնակազմը, որը պետք է ներգրավված լինի ու ինչպես պետք է պատրաստված լինեն, սրանք հարցեր են: Վերջին հաշվով պետք է հասկանանք, որ իրավիճակ է փոխվել ու այն մոտեցումները, որոնք նախկինում եղել են, պետք  վերանայվեն: Վերանայվե՞լ են՝ իհարկե, ոչ: Ուշադրություն է դարձվում խնդիրների արագ լուծմանը, բայց ուշադրություն չի դարձվում պաշտպանվածությանը»:

Տիրան Խաչատրյանն ասաց, որ այն տեղերում, որտեղ կազմակերպված են գործել, արդյունքի են հասել, իսկ որտեղ մատների արանքով են նայել՝ ձախողել են. «Հաճախ ասում ենք՝ պատերազմը ԶՈՒ-ի խնդիրն է: Իրականում պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ ռազմական ճանապարհով: Ինչպես քաղաքականությունն է իր ընթացքը վերցնում, այնպես էլ պատերազմը վարող ուժերն են դա տանում: ԶՈՒ-ի դերակատարումը 12-15%- է ընդամենը»:

Տիրան Խաչատրյանը նշեց, որ հիմա այս իրավիճակում լայնածավալ պատերազմի մեջ չենք կարող մտնել, անիմաստ է, բայց առանձին ուղղություններով խնդիր կարող ենք լուծել, ինչը ցույց տվեց անցած տարի նոյեմբերին Սյունիքի դեպքը. «Բայց դրանից հետո կանգնել ու զսպել զորքին, թե՝ պետք չի լարվածություն ստեղծել, պետք չի պատասխան տալ, պետք չի ուժ կիրառել եւ այլն, դրանից հետո ի՞նչ կարելի է սպասել: Նորից խնդիրը գալիս է ոչ մասնագետ, ոչ գիտակ, ոչ կարող ուժերի գլխավորությամբ գործող զինված ուժերի հարցին: Եթե լինեն մտածող, կազմակերպված եւ բանիմաց ղեկավարներ, կունենաք կարող ուժեր՝ դրանք իրագործելու համար: Եթե չկան՝ պետք է մտածենք ի՞նչ փոփոխություններ անենք, որ կարողանան խնդիրը կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031