Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մի երկիր իր քաղաքականության հիմքում դնում է՝ տանք, որ չկրակեն, պրծնենք, տանք, որ հանգիստ նստենք հաց ուտենք, այդ պետությանը որեւէ մեկը լուրջ չի վերաբերվելու». Արտակ Զաքարյան

Մայիս 14,2022 19:47

«Վերջին 3-4 տարիներին ՀՀ իշխանությունները խարխլել են ներքին անվտանգային համակարգը, որը բազմաթիվ սպառնալիքներ է առաջացրել տեղեկատվական, հանրային կոնսոլիդացիայի դաշտում: Պետությունը վերածել են բդեշխության, մեկ անձի կառավարման, որի տգետ քմահաճույքներից կախված է յուրաքանչյուրիս նկատմամբ գոյություն ունեցող սպառնալիքներն ու մարտահրավերները»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում անվտանգության թեմայով քննարկման ժամանակ ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ միջազգային անվտանգային համակարգերը մեր տիպի երկրների դեպքում չեն աշխատում ու որպես անվտանգության սպառող պետություն պետք է կարողանանք աշխարհակարգում ունենալ մեր տեղն ու դերը: Դրա համար ազգային անվտանգության ռազմավարություն պետք է ունենալ, իսկ այն, ինչ մշակել է այս իշխանությունը, ամբողջությամբ պետք է վերանայել:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, որեւէ կերպ հստակ դիրքորոշում չի հայտնում իշխանությունը, որ կարողանա միջազգային հանրությանը ներկայացնել. «Իրավիճակից դուրս պլստալու համար անընդհատ հակասական հայտարարություններ անելը բնականաբար շատ վատ է անդրադառնում անվտանգային խնդրի վրա, ուստի մեր դիվանագիտական կորպուսը եւս պետք է վերանայի քաղաքականության փաթեթը»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ դիվանագիտությամբ պետք է հասնենք նրան, որ գոնե ՌԴ խաղաղապահ առաքելության ժամկետը չավարտվի 5 տարի հետո: Իսկ ՌԴ-ի հետ պետք է ունենանք տարածաշրջանային անվտանգության համատեղ ծրագրեր, պետք է վերանայել այն պայմանագրերը, որոնք գոյություն են ունեցել ու պաշտպանական քաղաքականությունը համապատասխանեցնել նոր ստեղծված իրավիճակին. «44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ թե՛ օդային, թե՛ ցամաքային ճանապարհով զինամթերքի ներկրման լուրջ պրոբլեմ ենք ունենում ու այդ առումով քաղաքական համապատասխան կոմունիկացիաներ են պետք»:

Զաքարյանը կարեւորեց նաեւ սփյուռքի ռեսուրսի օգտագործումը: Իսկ հաջողության հասնելը պայմանավորեց այս կառավարությանը դուրս շպրտելով. «Եթե մի երկիր իր քաղաքականության հիմքում դնում է՝ տանք, որ չկրակեն, տանք, որ իբրեւ թե խաղաղ լինի, տանք, որ պրծնենք, տանք, որ հանգիստ նստենք հաց ուտենք, այդ պետությանը որեւէ մեկը լուրջ չի վերաբերվելու: Պատմության մեջ չի եղել նման բան, որ տվող պետությունը դուրս գա քիչ թե շատ շահեկան վիճակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031