«Մի քանի հոգի կան, որ իրենց շարունակում են լկտի պահել, բայց ով չգիտի, թող տեղեկանա, որ ոստիկանությունն իրենց բոլորին վերցրել է հատուկ պահպանության տակ։ Այդ բոլոր հայտնի պատգամավորներին նկատի ունեմ, որովհետեւ հասկանում են, որ մարդիկ ցասում կդրսեւորեն իրենց արած հայտարարությունների համար»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, երբ լրագրողը գնահատական հայցեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ասածի մասին, թե ինքը կարեկցում է ընդդիմությանը։
«Եթե իրենց թվում է, թե ոստիկանության պահպանության տակ կամ ոստիկանների թիկունքում կարող են արտահայտություններ անել ու մարսել, սխալվում են»,-շեշտեց Իշխան Սաղաթելյանը, ապա հավելեց,-«Զուսպ լինելու կոչ եմ անում։ Մի հատ թող իրենց անցյալն ու ներկան նայեն, երբեմն էլ ապագայի մասին մտածեն ու կհասկանան, թե իրենց ինչ է սպասվում»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով․ «Դրանց թիվը շատ չի, մի 10-15 հոգի։ Մնացածը, կրկնում եմ, հնարավորություն ունեն շտկվելու եւ պատասխանատվություն չկրելու։ Իրենց թիմի մասին է խոսքը։ Չեմ կարծում, թե իրենց շատ ժամանակ է մնացել։ Իրենք պետք է մտածեն իրենց մանդատների մասին, ոչ թե մենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ