Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր «SNAP» երգով ելույթ կունենա 8-րդ համարի ներքո:
«Անչափ ուրախ եմ, որ երկամյա դադարից հետո կարողացա պատվով ներկայացնել Հայաստանն ու անցնել եզրափակիչ: Ես բազմիցս նշել եմ, որ թեև «SNAP»-ն իմ անձնական պատմությունն է, սակայն այդ հուզական իրավիճակը կարող է հոգեհարազատ լինել բոլորին: Եվ փաստորեն, եվրոպացի հանդիսատեսը հավատաց ինձ և իմ պատմությանը. շնորհակալ եմ բոլորին, որ քվեարկել են իմ օգտին: Անելու եմ առավելագույնը, որ եզրափակիչում ևս տպավորիչ ելույթ ունենամ»,- նշում է Ռոզան։
Եզրափակիչում Ռոզա Լինից զատ հանդես կգան ևս 24 երկրի պատվիրակներ, սակայն քվեարկել կարող են մասնակից բոլոր 40 երկրներից։
Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, Սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։
Կարդացեք նաև
Հեռուստադիտողների քվեարկությանը գումարվում են պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները` 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:
Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնելու է Գարիկ Պապոյանը:
Մրցույթին հետևեք Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ ժամը 23։00-ին։
«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժին