«Կոնկրետ դեպք ասեմ։ Մայիսի իննի մեր հանրահավաքը, երբ մտնում էր Ֆրանսիայի հրապարակ, վերջը Փակ շուկայի մոտ էր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ իշխանության ներկայացուցիչները, վկայակոչելով ԻՔՄ հաշվարկները, պնդում են, որ դիմադրության շարժման մասնակիցների թիվն ամեն օր նվազում է, շարժումը մարում է։
«Հիմա ձեր ասած անձինք ով ոնց կարում է՝ թող հաշվեն, ես փաստ ասացի։ Մենք առավոտից գիշեր non stop ակցիաների մեջ ենք։ Որ օրը պետք է լինում, ժողովուրդը ներկա է։ Արժանապատիվ քաղաքացիները ցույց են տվել, որ պայքարից նահանջ չկա։ Դրանք երազախաբ են լինելու, չի լինելու նման բան․․․ Մենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ ունենք, որոնք օրը սկսում են դիմադրության շարժմանը մաս կանգնելով։ Շարժումը դադարեցնելու միակ միջոցն իրենց հեռացումն է»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այո, լինում են օրեր, երբ մարդկանց թիվը շատ չէ, որովհետեւ ամեն օր բողոքի գործողություններ են ընթանում․ «Անգամ 2018թ․-ին նրանք արել են չորս օր այն, ինչ մենք ենք հիմա անում, 14 օր փողոցում ենք։ Հաջողությունը մոտ է։ Բոլոր համակիրներին խնդիր ունենք մասնակից դարձնելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ