Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Յուրաքանչյուր փողոցային միջոցառում, լինի համերգ, ներկայացում, հեղափոխություն, հեղաշրջում, գործում է համապատասխան օրենքների շրջանակներում»

Մայիս 14,2022 16:24

«Ներքաղաքական զարգացումներ. կա՞, արդյոք, քաղաքական ճգնաժամ Հայաստանում»  ընդդիմության նախաձեռնած դիմադրության շարժման թեմայով քննարկմանը տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը իրավիճակը վերլուծեց՝ ելնելով իր մասնագիտությունից:

«Ես ժողովրդի անունից չեմ խոսի, որովհետեւ դա պատասխանատվությունից խուսափելու ամենալավ ձեւն է: Կարծում եմ, բողոքի  գործընթացներին, ցույցերին մասնակցողները տարբեր մոտեցումներ ունեցող, տարբեր մշակութային, կրթական, բարոյական չափանիշներով մարդիկ են: Երբ Շեքսպիրն ասում էր՝ աշխարհը թատրոն է, իսկ մարդիկ՝  դերասաններ, դա ընկալվում էր, պարզապես, որպես գեղեցիկ խոսք: Իրականում յուրաքանչյուր փողոցային միջոցառում, լինի համերգ, ներկայացում, հեղափոխություն, հեղաշրջում, գործում է համապատասխան օրենքների շրջանակներում: Եվ հաջողությունը  կախված է նրանից, թե ինչպես են այդ օրենքները  իրագործվում եւ պահպանվում, արդյոք կազմակերպիչները հաշվի առնո՞ւմ են այդ օրենքները, թե արհամարհում են: Որպեսզի այդ թամաշան տեղի ունենա հաջողված, կա երեք կարեւորագույն պահանջ:

Առաջինը նոր բովանդակությունն է, երկրորդը՝ հետաքրքիր ձեւը, երրորդը՝ խարիզմատիկ, տաղանդավոր կատարողները: Մեր պատմության մեջ փողոցային ներկայացումները երկու անգամ են հաջողություն ունեցել, հաղթել են:

Առաջինը Ղարաբաղյան շարժումն է: Լրիվ նոր գաղափարներ, շատ հետաքրքիր ձեւ՝ կուտակված Ազատության հրապարակում եւ շատ տաղանդավոր դերակատարներ: Սա վատ իմաստով չեմ ասում: Կանոն է, պարտադիր, որ հանրային գործիչը պետք է ունենա խարիզմա: Շատ տարբեր էին Ղարաբաղ կոմիտեի անդամները, շատ հակասական, բայց հետաքրքիր էին: Դրանից հետո մշտապես փորձեցին կրկնել այդ ձեւը: Հավաքվում էին հրապարակում, բողոքում էին` չէր ստացվում: Ձևը իրեն սպառել էր:

Եկավ 2018 թվականը: Նոր գաղափարներ, նոր ձեւ՝ փողոց փակել: Մեկ դերասանի թատրոն այս պարագայում: Եվ դա էլ է թատրոն՝ լավ իմաստով:

Եվ կա եւս մի շատ կարեւոր թատերական սկզբունք, հանգամանք: Դերակատարը իրավունք չունի իրեն ավելի բարձր դնել, քան հանդիսականը, վերեւից խոսել նրա հետ, իրավունք չունի խելք սովորեցնել, իրավունք չունի վիրավորելու, դատապարտելու: Նա պետք է ասի՝ ես ձեզնից մեկն եմ եւ այն, ինչ ես ասում եմ, դուք եք թելադրում: Սա թատերական ամենակարեւոր սկզբունքն է ինտերակտիվ ներկայացման համար: Եթե դու չես կատարում թամաշայի այս կարեւորագույն սկզբունքները, իսկ ես կարծում եմ, որ այս շարժման կազմակերպիչները չեն կատարում»,- ասաց Ռուբեն Բաբայանը եւ հավելեց, որ հրապարակում  ազգայնամոլական գաղափարներ են հնչում, իսկ ինքը ազգայնական չէ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031