«Տարբեր խոսակցություններ կան։ Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով խոսակցություններին, թե դիմադրության շարժումը պառակտված է՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Շարժումը քաղաքական է, բայց՝ վերկուսակցական։ Հաճախ կուսակցություններն ավելի աչքի են ընկնում, որովհետեւ ունեն կազմակերպված ներուժ։ Բայց պառակտում չկա։ Հակառակը, կա լայն համախմբում, որովհետեւ գաղափարի շուրջ ենք համախմբվել, ոչ թե անհատի կամ կուսակցության։ Արցախյան շարժման ժամանակ որեւէ մեկը չէր հավաքվել որեւէ մեկի շուրջ, այլ Արցախի գաղափարի շուրջ։ Շարժումը նման է արցախյան շարժման գաղափարախոսությանը»,-նշեց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրական չեն խոսակցությունները, թե դիմադրության շարժումը պառակտված է, առաջնորդ է ման գալիս, թեկնածուների է փնտրում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ