«Արա Գեղեցիկ» վիպերգը միշտ ոգեշնչել է արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին: Մայիսի 13-ին «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանում ներկայացվեց դյուցազնավեպի հիման վրա բեմադրված յուրօրինակ պարային երաժշտական ներկայացում։
Բեմադրող-ռեժիսորը եւ խորեոգրաֆը SWAG պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Սարգսյանն էր, պրոդյուսերը՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակը Լևոն Գալստյանն էր, իսկ տեքստը կարդում էր սիրված դերասան Խորեն Լևոնյանը։
Կարդացեք նաև
«Արա Գեղեցիկ» երաժշտական պարային ներկայացման մեջ դասական լեգենդը ներկայացվել էր ժամանակակից, ազգային եւ այլ պարային ոճերի համադրությամբ։ Ընդ որում ներկայացման մեջ ներգրավված էին ոչ միայն պրոֆեսիոնալ ակրոբատներ, մարզիկներ, այլեւ կիրառվել էին նոր հնարքներ, լուսաձայնային և կրակի շոուի բացառիկ տարրեր։
Պրեմիերան փայլուն անցավ, բեմադրության ավարտին մի քանի րոպե բրավոների տարափ էր: Նորովի մատուցված «Արա Գեղեցիկի» առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ շեշտադրված էր ոչ թե Արա Գեղեցիկ-Շամիրամ- Նուարդ սիրային եռանկյունին, այլ հայրենասիրության վեհ գաղափարը:
Հավելենք, որ ավելի վաղ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանում ներկայացվել էր նաեւ «Հայկ և Բելը», որը նույնպիսի հաջողության էր արժանացել:
Ըստ մտահղացման հեղինակների ու ձեռնարկն իրականացնողի, նման նախագծերը հայոց պատմության մասին խոսելու, այն հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնելու յուրահատուկ ձևաչափ են ու մշակույթ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ