«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսի ժամանակ այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ Հայաստան են խոստանում քաղաքացիներին, որովհետեւ նրանց մեծ մասին սոցիալական խնդիրներն են հուզում։ Իշխան Սաղաթելյանը նախ նշեց, որ գործող իշխանությունը հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում, մարդիկ չեն տեսել այն արժեքներն ու խոստումները, որոնց համար իրենք 2018թ․-ին դուրս էին եկել փողոց։
«Այո, այն բոլոր խոստումները, որոնք այդ ժամանակ տվել են հանրությանը ու խաբել, նաեւ դրանք ենք մենք իրականություն դարձնելու։ Այո, հայ մարդը ՀՀ-ում պետք է ապրի բարեկեցիկ եւ արժանապատիվ։ ՀՀ-ում պետք է լինեն ներդրումներ, եւ դրանց հնարավորությունը կա։ Առաջին խնդիրը, որը պետք է լուծենք, վերջ դնելն է այս ատելության, պառակտվածության, թշնամանքի մթնոլորտին։ Պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ներուժը»,-նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը փաստեց․ «Իրականում լուծումները հեշտ չեն լինելու։ Երկիրը կանգնած է ծանր ու լուրջ մարտահրավերների առաջ։ Մենք որեւէ մեկին կախարդական փայտիկ չենք խոստանում, ինչպես իրենք էին խոստանում։ Հայ գյուղացուն չենք խոստանում, որ իրենց կովերի կաթնատվությունը կբարձրանա, ինչպես իրենք էին խոստանում, բայց ասում ենք, որ կանգնելու ենք նրա կողքին։ Չորս տարի չկա սուբսիդավորում, գյուղացուն գարնանն աջակցություն չկա, նա մնացել է իր խնդիրների հետ։ Այս էկոնոմիկայի նախարարով հնարավոր չէ գյուղատնտեսություն ունենալ, այս ՄԻՊ-ով հնարավոր չէ մարդու իրավունքները պաշտպանել։ Նա ՔՊ-ականների պաշտպանությամբ զբաղվողի գործառույթ ունի։ Այս արդարադատության նախարարով հնարավոր չէ արդարադատություն ունենալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ