Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերասիմ Վարդանյանի գործով քննիչը 2018թ․ օրենք խախտելով միացել է Փաշինյանին, հետո դարձել ԱԱԾ քննիչ»․ փաստաբան

Մայիս 14,2022 14:35

«Ասածս հիմնված է ՄԻԵԴ մի շարք նախադեպային որոշումներով ամրագրված կանոնների եւ ԵԽԽՎ դիրքորոշումների վրա․ Գերասիմ Վարդանյանը քաղբանտարկյալ է, եւ սա ոչ թե քաղաքական հայտարարություն է, այլ իրավաբանի հայտարարություն»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի պաշտպան, փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Նա կալանքի տակ է գտնվում ապօրինի՝ այն դեպքում, երբ քրեական դատավարության օրենսգիրքն արգելում է նույն հիմքով երկրորդ անգամ կալանքի տանելը։ Նա կալանավորվել է, որովհետեւ չի կարողացել վճարել 60 միլիոն դրամի գրավ։ Ստանում է 200 000 դրամ աշխատավարձ, երբեւէ չի ունեցել բարձր եկամուտ, կամ հարուստ պապիկ-տատիկ»,-տեղեկացրեց պաշտպանը։

Նրա խոսքով․ «Գերասիմ Վարդանյանի քննչական խմբի ղեկավարը, որը քրեական գործ է հարուցել եւ նրան որպես մեղադրյալ ներգրավել «զանգվածային անկարգություններին օժանդակելու» համար, այդ նույն քննիչը՝ Սուրեն Նավոյանը, 2018թ․-ին, հանդիսանալով քննչական կոմիտեի ավագ քննիչ, բարձրանում է ամբիոն եւ ասում, որ միանում է Նիկոլ Փաշինյանին, հեղափոխությանը։ ՔԿ մասին օրենքը քննիչին արգելում է մասնակցությունը քաղաքական գործընթացներին, բայց նա մասնակցում է, հեղափոխությունից հետո դառնում ԱԱԾ ՀԿԳ ավագ քննիչ։ Հիմա քննում է Գերասիմ Վարդանյանի գործը եւ մոռանում է, որ նույն թվականին մտել էին հանրային ռադիոյի շենք, ընդ որում՝ կոշտ ձեւով։ Ոչ մեկ չի ուզում այս հանգամանքը տեսնի։ Հիմա հսկող դատախազի անունը չեմ ասի, բայց չի տեսնո՞ւմ սա, երբ մենք բացարկ ենք հայտնում այդ քննիչին»։

Բենիկ Գալստյանը նաեւ հայտնեց՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդություններից մեկը մերժած դատավորը ճնշումների է ենթարկվել, ու այդ մասին առաջիկայում փաստեր կհրապարակվեն։ Իսկ Վարդանյանին կալանավորած դատավորը հայտնի է 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանի համար թմբուկ զարկելով։

Հիշեցնենք՝ Գերասիմ Վարդանյանը 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալ է, սակայն նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց հենց դիմադրության շարժման ժամանակ։ Բենիկ Գալստյանը հայտարարեց՝ Գերասիմ Վարդանյանի գործով ապօրինություններ գործած իրավապահների՝ պատասխանատվության ենթարկվելուն ինքը հասնելու է՝ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանը կամ մեղադրող-դատախազը դա ուզում են, թե ոչ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031