Լրահոս
Օրվա լրահոսը

9։0՝ հօգուտ Ասատուր Գյուզելյանի

Մայիս 14,2022 13:15

Մայիսի 14-ին իր ծննդյան 90-ամյակն է նշում ազգային, հասարակական, գրական, մշակութային և եկեղեցական գործիչ, գրող-հրապարակախոս, հայ բարերար և մեծ մտավորական լոնդոնաբնակ Ասատուր Գյուզելյանը։

Իսկ նրա բովանդակալից կենսագրությունը, որն, ասես, հայ ժողովրդի պատմության համառոտ ամբողջացումը լինի, հազիվ կտեղավորվի 90 հատորի մեջ։ Թեև նրա հեղինակած գրքերի շարքը տարեց տարի համալրվում է նոր հատորներով։ Ու ներկա պահին Ասատուր Գյուզելյանը ամենօրյա ռեժիմով անգին հուշերը հանձնում է թղթին, ավելի ճիշտ, համակարգչին՝ հերթական անտիպը հրատարակելու պատրաստակամությամբ։

Պարույր Սևակ, Նաիրի Զարյան, Հովհաննես Շիրազ, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան, Հրաչյա Ղափլանյան, Հենրիկ Մալյան, Վիլյամ Սարոյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Պավել Լիսիցյան, Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան, Վիկտոր Համբարձումյան, Լեւոն Հախվերդյան, Սարա Չերչիլ` Անգլիայի հայտնի վարչապետ Ուինսթոն Չերչիլի դուստր․․․ Ահա այն խիստ համառոտ անվանի մարդկանց ցանկը, ում ոչ միայն ճանաչել է Ասատուր Գյուզելյանը, այլև նրանք անկեղծորեն համարել են Ասատուրին իրենց կրտսեր ընկերը։ Ամեն անգամ, երբ առիթ է լինում կիսվել մեծերի հետ կապված հուշերով, ուշագրավ պատմություններով՝ զարմանում ես նրա ֆենոմենալ հիշողության ու հանրագիտարանային  գիտելիքների վրա։ Դրան գումարվում է Գյուզելյանի արտիստիկ հմտությունը, ասմունքելու անզուգական ձիրք ու սրտից սիրտ խոսքը հասցնելու բացառիկ տաղանդը։

Ասատուր Կարապետի Գյուզելյանը ծնվել է 1932թ., Թուրքիայում: Ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը, ապա դասավանդել նույն վարժարանում: 1957թ. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձության հրավերով մեկնել է Մադրաս և դասավանդել տեղի հայկական ճեմարանում: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում: Ապրելով և գործելով նշված երկրներում` նա մշտապես քաջատեղյակ է եղել հայկական գաղթօջախների հասարակական, քաղաքական, մշակութային ու ներքին կյանքին: Լոնդոնում հրատարակվող «Արեգակ» եւ «Լոնդոն» հայկական ամսաթերթերի գլխավոր խմբագիր եւ հրապարակախոս Ասատուր Կյուզելյանը հանդիսանում է նաև բազմաթիվ գրքերի, հոդվածների, հրապարակումների ու հարցազրույցների հեղինակ: Նա մշտապես աչքի է ընկնում հայրենագիտության, հայ ժողովրդի և եկեղեցու բազմադար պատմության, ինչպես նաև բազմաշերտ հայ գրականության իմացությամբ և ազգանպաստ գործունեությամբ:

Ընտանեկան պատմությունները ներդաշնակորեն միահյուսվում են մեծահամբավ մարդկանց հետ ծանոթությանն ու երկարամյա ընկերությանը: Ասատուր Գյուզելյանն այսօր այն սակավաթիվ մարդկանցից է, ով եղել է Արամ Խաչատրյանի կրտսեր ընկերը: Կոմպոզիտորը ո՛չ Թիֆլիսում, ո՛չ էլ Մոսկվայում ուսանելու տարիներին հայկական կրթություն չի ստացել: Գրել և կարդալ Արամ Խաչատրյանը սովորել է ինքնուրույն արդեն հասուն տարիքում: Եվ հենց Ասատուր Գյուզելյանին, ում հետ ծանոթացել էր շրջագայությունների ժամանակ, կոմպոզիտորը գրում էր բացառապես հայերեն: «Սիրելի և անմոռանալի Ասատուր». միշտ այսպես էր սկսում իր նամակները՝ ուղղված Գյուզելյանին, ով հետագայում դարձավ «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի մեծ բարեկամը:

Թեև մեծ մտավորականը քաղաքական գործիչ իրեն չի համարում, որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ հաճախ է անդրադառնում մշտապես իր մտահոգության առիթ հանդիսացող բազմակուսակցության հարցին: Նա ասում է. «Հիմա հայրենակցական միություններն ու հատկապես կուսակցությունները պետք է մեկ շղթայի օղակները լինեն և բռնցքացած միասնականության ուժով` աշխատեն ստեղծել մի հայրենիք, որը լինի արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Հայրենիքի զորացումը մեծ չափով կախում ունի սփյուռքի միասնականությունից: Իսկ կուսակցությունները այդ գործին խանգարում են: Իմ համոզումն է. կա՛մ՝ պետք է ստեղծվի համահայկական կենտրոնացված մի կազմակերպություն, կա՛մ՝ կուսակցությունները պետք է լուծարվեն: Այսօր մեր ուժերի կարևոր մասը արտասահմանում է` Կալիֆորնիա, Լոնդոն, Փարիզ… որտեղ ասես չկան: Մենք այսօր ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեզ համար ամենից կարևորը` միասնական աշխատանքն է: Վիճելի հարցերը պետք է զանազանել անվիճելի հարցերից և բոլոր ուժով համախմբվել անվիճելի հարցերի շուրջ: Այդ ժամանակ կկարողանան պարտադրել Հայաստանին, ստեղծել թափանցիկ, արդար, ժողովրդավարական մի հայրենիք, որ բոլորիս ուժով դառնա այնքան հզոր, որ մեր հարևանները չկարողանան րոպե անգամ մտածեն, թե այս ճեղքված, մասնատված ժողովրդին կարելի է կուլ տալ: Այդ ժամանակ Հայաստանն, իրականում, կզորանա»:

Ասատուր Գյուզելյանը սկզբունքորեն չի սիրում խոսել բարերարության և բարեգործության մասին։  Միայն մի առիթով ասել է. «Ճշմարիտ տիկինը երբեք չի շպարվում ու գեղեցկանում ի ցույց ուրիշների: Նա դա անում է ծածուկ և առաջին հերթին իր համար: Բարեգործությունն էլ դրա պես մի բան է: Այն ի ցույց դնելու համար չէ»:

Յուրաքանչյուր մարդ, ով գեթ մեկ անգամ առիթ է ունեցել շփվելու մեծ հայի՝ Ասատուր Կյուզելյանի հետ, անկասկած, համարում է մեծ պատիվ՝ լինել նրա ժամանակակիցը։ Իսկ անվերջանալի հետաքրքրաշարժ պատմությունները՝ համեմված անզուգական հումորով, ուզում ես լսել նորից ու նորից, հասկանալով, որ խոսում է կենդանի լեգենդը, որին բացահայտելը բնավ հեշտ գործերից չէ։

Մի առիթով, «Ասատուր» ֆիլմի ռեժիսոր` Գրիգոր Հարությունյանը հրաշալի բնութագրեց  «Ասատուր Գյուզելյան» երևույթը․ մասնագիտությամբ` ՄԱՐԴ:

Շնորհավոր 90-ամյա հոբելյանը, հարգելի պարոն Գյուզելյան, և թող Աստծո կամոք, գրանցենք 10։0 հաշիվը՝ Ձեր պայծառ ներկայությամբ։

 

Պատրաստեց` Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031