Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվածներին բռունցքով հարվածել են, թքել նրանց վրա, վնասվածքներ հասցրել. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հրատապ զեկույցը

Մայիս 14,2022 12:20

«Իմ գլխավորած Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 90-ական թվականներից իրականացնում է խաղաղ հավաքների դիտարկում, 2008 թվականից սկսած, հատկապես այս լարված օրերին մեր դիտորդներով ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում: Մի միջանկյալ զեկույց մենք հրապարակել էինք շուրջ 10 օր առաջ»,-ասուլիսում նշեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ներկայացնելով խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկման հրատապ զեկույցը:

Նա ասաց, որ հրատապ զեկույցի հրապարակումը պայմանավորված է Ավետիք Չալաբյանի ձերբակալությամբ :

«Առաջին հայացքից թվում է, թե մշտադիտարկումը կապ չունի ձերբակալության հետ, բայց երբ ներկայացնեմ, թե ինչպիսին են միջազգային նորմերը՝ խաղաղ հավաքների,  կհասկանաք, թե ինչու ուզեցինք այսօր հրապարակել զեկույցը եւ չսպասել մինչեւ երկուշաբթի»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանը ներկայացրեց 20 էջանոց զեկույցը, որը ներառում է ապրիլ-մայիս ամիսները, երբ սկսվեցին ընդդիմության բողոքի գործողությունները: Ասաց, որ դիտարկվել է 80 հավաք, նկարագրված է, թե որ ուժերն են կազմակերպել դրանք: Ապա հավելեց. «Երբեմն եղել է, որ Երեւանից դուրս մարզերի այցելության ժամանակ դիտորդներ չենք ունեցել, բայց դիտարկումը կատարվել է տեսանյութերի օգնությամբ: Դա առաջին  հայացքից լիարժեք դիտարկում չէ, բայց ամեն դեպքում մանրամասն ուսումնասիրվել են այդ տեսաժապավենները»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահն առանձնացրեց ոստիկանության նույնականացման խնդիրը, որը կարեւորներից մեկն է միջազգային նորմերում՝ խաղաղ հավաքների ժամանակ. «Դա եւ ԵԱՀԿ-ի նորմերի մեջ է մտնում, եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ փորձագետների ուղեցույցների մեջ: Հատկապես մայիսի 2-ին բազմաթիվ ոստիկաններ տարբերանշաններ չեն կրել: Մայիսի 2-ին տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում  մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններում մասնակցել են դեմքն ամբողջությամբ ծածկող, դիմակներով, առանց տարբերանշանի ոստիկանական համազգեստ կրող անձինք: Սա միջազգային, եվրոպական բոլոր նորմերի խախտում է:

Ավելին ասեմ՝ մայիսի 4-ին ԱԺ ներքին տարածքի երկայնքով տեղադրված էինք «Պլամյա» տեսակի լուսաձայնային նռնակներ եւ ներկա էին ինքնաձիգով զինված եւ դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ եւ դիպուկահարներ»:

Պարոն Իշխանյանի խոսքով. «Հայաստանում վերջին շրջանում ընդհանրապես ահաբեկում են խաղաղ հավաքների մասնակիցներին՝ դիպուկահարներով եւ այլնով»: Նա անդրադարձավ նաեւ ընդդիմադիր ցուցարարների եւ կարգադրիչների հարցին. «Առաջարկություն ունենք, որ ցույցի մասնակիցներն ունենան հստակ կարգադրիչներ թեւկապներով, որովհետեւ կարգադրիչի դերը հիմնականում առանց թեւկապի կատարում են խաղաղ հավաքների կազմակերպիչները, բայց նրանք ամեն տեղ չեն հասցնի, ուստի ցանկալի կլիներ, որ կարգադրիչներն ուղեկցեին ցուցարարներին, ունենային թեւկապներ՝ «կարգադրիչ» գրությամբ»:

Հաջորդ կարեւոր կետը, որի մասին խոսեց իրավապաշտպանը, անհամաչափ ուժի կիրառումն ու բռնություններն էին. «Դիտարկված հավաքներին մասնակիցներին բերման ենթարկելու գործողությունները հաճախ ուղեկցվում են անհամաչափ ուժի կիրառմամբ, բռնություններով: Ես նույնիսկ կասեի ոչ միան անհամաչափ, այլեւ անհիմն: Անհամաչափի դեպքում գոնե հիմքեր են լինում: Շատ հաճախ մենք դիտարկում ենք անհիմն ուժի կիրառումը»:

Ի թիվս այլնի, նա խոսեց նաեւ մայիսի 2-ին Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկով անցկացվող բողոքի գործողություններից, որի ժամանակ ոստիկանության ծառայողը բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել բերման ենթարկվողների գլխին՝ կրելով կոշտ ձեռնոցներ. «Այդպիսի դեպքեր նկատվել են նաեւ Իտալիայի, Մովսես Խորենացու փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի գործողությունների ընթացքում: Հրապարակվել են մի շարք արժանահավատ վկայություններ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում ֆիզիկապես տուժած քաղաքացիների վերաբերյալ, եւ բոլորն էլ հղումներով են»:

Ավետիք Իշխանյանը խոսեց նաեւ կին ցուցարարների, անչափահասների, հաշմանդամություն ունեցողներ հանդեպ բռնություններից, ցուցարարների վրա թքող ոստիկանության ծառայողներից, ոստիկանության գործողությունների պատճառով տուժած  լրագրողներից:

Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031