Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան․ Մենք ազգի գոյության եւ պետության գոյության խնդրի առաջ ենք կանգնած․ «Հրապարակ»

Մայիս 14,2022 11:55

2021 թ․ հուլիսին Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Սինգապուրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հետ կանչվեց։ Նա եւս մասնակցում է դիմադրության շարժման հանրահավաքներին։ Հարցին, թե ինչն է իրեն բերել հրապարակ, ասաց․ «Հայրենիքի հանդեպ մտահոգությունը»։

– Ինչո՞ւ հայրենիքի հանդեպ մտահոգությունը մարդկանց չի հանում փողոց, անտարբեր ենք դարձել։

– Ինձ թվում է՝ մենք շատ հարցեր ունենք պարզելու այդ առումով, եւ նաեւ այն վախի, ցավի, հիասթափության, անհանգստության տարրերը, որոնք լիարժեքորեն չեն արտահայտում, եւ, բնականաբար, իրենց պատասխանները կարճ ժամանակում չենք կարող գտնել։

– Մի շարք նախկին կամ ներկա դիվանագետներ հայտարարություն էին տարածել՝ իրենց մտահոգությունն արտահայտելով արցախյան խնդրի վերաբերյալ։ Ձեր ստորագրությունը չկար այդ ցանկում։

– Ճիշտն ասած՝ ինձ հայտարարության մասին ոչ ոք տեղյակ չէր պահել։

– Իսկ Դուք միանո՞ւմ եք, համամի՞տ եք այդ տեքստին։

– Մի պարզ ճշմարտություն կա ինձ համար, որ հայրենիքն ինձ համար անքննելի եւ անբաժանելի մաս է, եւ Արցախն այդ հայրենիքի անքակտելի մասն է կազմում։

– Դուք Նիկոլ Փաշինյանի գործողություններում կամ հայտարարություններում ի՞նչ առարկայական վտանգներ եք տեսնում, որոնք մեզ պետք է ստիպեն փողոց դուրս գալ։

– Ամենամեծ վտանգը երկրի եւ պետականության հանդեպ եղած վտանգն է, որն իր հետ կարող է բերել նաեւ ընդհանրապես մեր ազգի՝ այս տարածքում անվտանգ գոյության սպառնալիքին։

– Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ինչո՞վ են սպառնում դրան:

– Վարած քաղաքականությամբ։

– Իսկ ավելի կոնկրետ՝ որտե՞ղ եք տեսնում այդ վտանգները։

– Ինձ թվում է՝ շատերն են շատ ավելի մանրամասն դրա մասին խոսել, բացահայտել, իմ կարծիքով՝ ով աչք ունի, տեսնում է, ով ականջ ունի, լսում է, ով միտք ունի, ընկալում է։ Էստեղ մի հոգի ավել ասի նույն բանը, թե ոչ, դա տարբերություն չի տալու։ Կարեւորը, որ հանրությունն իրոք գիտակցի, որ մենք ազգի գոյության եւ պետության գոյության խնդրի առաջ ենք կանգնած, եւ այն բոլոր քայլերը, անկախ նրանից՝ նրանք իշխանության ներկայացուցիչն են, թե ընդդիմության, պիտի բերեն միանշանակորեն ազգի եւ պետության ու պետականությունների պահպանությանը։

– Մեր երկրի առջեւ ծառացած այս սպառնալիքները միայն գործող իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությա՞ն հետեւանք են, թե՞ նաեւ արտաքին քաղաքական ճնշումների։

– Ինձ թվում է, որ արտաքին քաղաքական ոչ թե ճնշում, այլ մասնակցություն կա, բայց ցանկացած մասնակցություն կարելի է չեզոքացնել, եթե հանդես ես գալիս հայանպաստ եւ հայաստանանպաստ դիրքերից։

– Նիկոլ Փաշինյանը, ըստ Ձեզ, պրոթուրքական եւ պրոադրբեջանակա՞ն վեկտոր է որդեգրել, թե՞ Արեւմուտքի կամ Ռուսաստանի ազդեցության տակ է գործում։

– Դա բազմաշերտ խնդիր է, մեկ խնդիր չէ։

– Տեսեք` վերջին ամսում նախ Բրյուսել գնաց, ապա` Մոսկվա եւ 30 կետանոց փաստաթուղթ ստորագրեց, հետո մեկնեց Հոլանդիա․․․

– Կարեւոր չէ՝ ուր է գնում եւ ինչ է ստորագրում, կարեւորը, թե ինչ գործողություններ են իրականացվում։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ էսօր մեր սահմաններն էլ են վտանգված։ Խոսքերով շատ հրաշալի կարելի է արտահայտվել, բայց կարեւորը դրան հաջորդած գործողություններն են` խոսքին հաջորդող գործողությունները։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031