«Ազգ»-ի նախորդ համարում իրազեկել էինք մայիսի 11-ին Զալցբուրգի աստվածաբանական ֆակուլտետում Արցախի հայկական վտանգված ժառանգությունը պատկերող ցուցահանդեսի եւ գիտաժողովի մասին, որ հաջորդող օրերին ներկայացվելու էր Վիեննայում։ Ավստրիայի կաթոլիկական kathpress լրատուն մայիսի 12-ին անդրադառնալով իրադարձությանը, վերնագրային շեշտադրում է անում՝
Զալցբուրգի արքեպիսկոպոս Լաքները վերահաստատեց Ավստրիայի եկեղեցու համերաշխությունը Հայ եկեղեցու հետ։
«Ցանկանում եմ ընդգծել, որ կանգնած ենք Արցախի մեր քրիստոնյա եղբայրների եւ քույրերի կողքին՝ պահանջելով երկարատեւ խաղաղություն, կայուն եւ արդարացի դիվանագիտական լուծում», հնչեցրել է Լաքները՝ մայիսի 11-ի երեկոյան «Մշակույթը հակամարտության ծիրում. Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։
Լրատուն հաղորդում է, որ ցուցահանդեսը Արցախի մշակութային ժառանգությունը կներկայացնի լայն հանրությանը։ Նույն օրը կայացած ոչ ընդարձակ գիտաժողովի ժամանակ բանախոսներն անդրադարձել են մշակութային արժեքների վտանգվածությանը, ինչպես նաեւ ակնարկել անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների մասին։ Թե՛ Հայաստանում, թե՛աշխարհում աճում է մտավախությունը, որ Ադրբեջանը լրջորեն մտադիր է ԼՂ-ի քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնել։ Կարեւոր քրիստոնեական վայրեր, ինչպիսիք են Շուշիի Ս. Ամենափրկիչ տաճարը կամ Դադիվանքը, այլեւս հայկական վերահսկողության տակ չեն։ Ելույթները հստակ ցույց տվեցին Արցախի հարուստ ժառանգությունն ու դրանց կրոնական նշանակությունը, իրազեկում է կաթոլիկական լրատուն եւ շարունակում՝ Լաքների խոսքը փոխանցելով. «Մեզանից շատերն այստեղ՝ Արեւմուտքում, ցավոք իմացան միայն այն ժամանակ, երբ դրանք վտանգվեցին պատերազմի պատճառով։ Որպես թեմ շարունակելու ենք համերաշխությունը մեր հայ եղբայրների, քույրերի հետ։ Մի համերշխություն, որով հանդես եմ եկել նաեւ Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների հետ բանակցություններում»։
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում