Լրահոս
Օրվա լրահոսը

Նորի՞ց՝ «սեփական կետից»

Մայիս 14,2022 10:00

Ուրբաթ օրը Դուշանբեում կայացան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների սկզբից երկկողմ, իսկ այնուհետեւ՝ եռակողմ հանդիպումները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվում էին սահմանագծման եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման խնդիրները:

Մինչ այդ տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի եւ մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը: Ըստ վերջինիս` Հայաստանը ադրբեջանական 5 հայտնի կետերին ավելացրել է իր 6 կետերը, որոնց մեջ ներառված են արցախահայության ավտանգության խնդիրները: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցներում նշվում է, որ նման խնդիրներ Հաջիեւի հետ չեն քննարկվել, քանի որ դրանք, ըստ հարեւան երկրի քարոզչության, Ադրբեջանի ներքին գործն են:

Իսկ ինչ մնում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, ապա, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի, բանակցությունների առարկա է «Ղազախի շրջանի», այսինքն՝ Տավուշի մարզի յոթ գյուղերի, ինչպես նաեւ Տիգրանաշենի՝ իրենց անվանմամբ՝ «Քյարքիի» փոխանցումն Ադրբեջանին: Սրանք, որքան հասկանում եմ, պահանջներ են, որոնք ադրբեջանական կողմը ներկայացրել է Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ: Թե ինչ է դրան պատասխանել Արարատ Միրզոյանը` առայժմ հայտնի չէ:

Այժմ Հայաստանի իշխանության առջեւ բարդագույն խնդիր է կանգնած. խուսափելով պատերազմի վերսկսումից` խույս տալ նաեւ անբարենպաստ փաստաթղթի ստորագրումից: Դա շատ դժվար կլինի անել՝ մանավանդ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի լուծարումը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնի վրա: Ժամանակն ընդհանրապես մեր օգտին չի աշխատում. Ռուսաստանը գնալով թուլանում է Ուկրաինայում սանձազերծած իր խելահեղ պատերազմի պատճառով: Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն այս տարածաշրջանից հեռու են թե՛ աշխարհագրորեն, թե՛ քաղաքական առումով: Ըստ ռուսական ասացվածքի՝ до царя далеко, до бога высоко: Այս պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքերն ավելի ազատ կլինեն:

Ի՞նչ է ասում փողոցում պայքար մղող ընդդիմությունը: Նա փաստացի ասում է՝ իշխանափոխություն անենք, եւ հետո մենք բանակցությունները կսկսենք «զրոյական կետից» կամ «մեր սեփական կետից»: Բայց գործնականում նրանք, չհասկանալով դա, ձգտում են խայտառակության հեղինակից՝ Փածինյանից վերջնական ստորացման բեռն իրենց վրա վերցնել: Պարզ չէ, թե հանուն ինչի: Նախ՝ նոր եկածներին առաջարկվող պայմանները, շատ հավանական է, ավելի վատն են լինելու՝ վերը նշված պատճառով:

Երկրորդ՝ անցած տարվա տվյալներով, Փաշինյանն ունի 680 հազար երկրպագուներ, որոնք, ենթադրում եմ, ծափահարելու են վարչապետի ցանկացած քայլին: Էլ ոչ մեկին այդքան ծափահարող չի լինի: Այնպես որ թող մինչեւ վերջ վայելեն իրենց ընտրության պտուղները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նախ՝ պարզ չէ, թե ինչու է հավանական, որ նոր եկածներին առաջարկվող պայմաններն ավելի վատն են լինելու: Ստացվում է, որ վատից խուսափելու պատճառով գործող իշխանությանը հեռացնում են, որպեսզի նորերը ավելի վատի համա՞ր ստորագրեն:

    Երկրորդ՝ ամբողջ ազգը Փաշինյանին ծափահարողների ձեռքը հո կրակը չի՞ ընկնելու: Տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են ծափահարել, մի մասը գործող իշխանությունում մոտիկ հարազատներ ու ծանոթներ ունեն (ցավոք, անձնական կապերը հայերիս մոտ մեծամասամբ հաղթում են գաղափարներին), մյուս մասը խաբվել է Փաշինյանի սուր լեզվին ու անորոշ խոստումներին (մարդիկ իհարկե պատերազմ չեն ուզում, բայց նրանք չեն պատկերացրել, թե խաղաղության դիմաց ինչ ենք վճարելու), մյուս մասն էլ ծափահարել է, որովհետև իրենք սովոր են գործող իշխանություններին ձայն տալ նրանից ստացած որևէ անձնական խոստումի դիմաց (իշխանությունն էլ նման գործերում շուստրի է, միամիտներին հեշտությամբ խոստանում է): Չի բացառվում նաև, որ իշխանությանը ծափահարողների թիվը ուռճացված լինի (Փաշինյանն ինչու՞ նախկինների վերարտադրության համար 2011թ.-ից քվեներ նկարելու մեծ փորձ ունեցող Մուկուչյանին 2018թ. հետո պահեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում, պարզ է, որ իր նեղ օրվա համար):

    Երրորդ՝ Փաշինյանի անցած տարվա տվյալներով 680 հազար երկրպագուների թիվը ներկայումս բավականին պակասել է: Փաշինյանն այդ պատճառով է կտրուկ ավելացրել ոստիկանների թիվը և նրանց վարձատրությունը, քանի որ ինքն արդեն բավարար սոցիալական հենարան չունի:

    Մի խոսքով, պետք է հավասարակշռված լուծումներ գտնել և պայքարել այս չափազանց ծանր վիճակից դուրս գալու համար: Կրկին հիշենք հանճարեղ Սևակի հուսադրող խոսքերը՝ «Միշտ անհնարին վիճակն է ծնում միայն նոր հնար»:

  2. Լավատես says:

    «Միշտ անհնարին վիճակն է ծնում միայն նոր հնար»:

    Շնորհակալություն հանճարի խոսքի համար: Մենք չպետք է վախենանք հայտնվել անհնար վիճակներում, հակառակը, իսկական հավատքը հենց անհնար վիճակներում է դրսեւորվում, անհնար վիճակներում է, որ Արարչի հետ շփվելու պորտալը բացվում է, բայց միայն հավատով ու համոզմամբ, որ նոր հնար կլինի, իսկ եթե նվնվանք, ապա կլինի անհնար վիճակ առանց նոր հնարքի: Ինչքան հանճարեղ ու հաջողակ մարդ գիտեմ, բոլորի ընդհանուր գիծը’ մշտական անհնար վիճակներում հայտնվելն է եւ նրանք են իսկական արարչագործ ասես թե իսկական հավատացյալ, նրանք չեն նվնվում, այլ օգտվում են նոր հնարքից եւ հրաշք է լինում’ հանճարեղ մտքի ու հաջողության: Կուզեի, որ մեր հայ մշակույթի մեջ անհնար վիճակներում հայտնվելը նույնքան բնական լիներ, ինչը ասենք լողալ կամ օտար լեզու սովորելը:

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Այժմ Հայաստանի իշխանության առջեւ բարդագույն խնդիր է կանգնած”

    Հայաստանի կոլաբորացիոնիստկան իշխանության առջեւ պարզագույն խնդիր է դրված. շարադրել թղթի վրա թուրքերին տրված բոլոր բանավոր խոստումները եւ պարզապես ստորագրել «խաղաղության դարաշրջանի» այդ ղազագիրը: Արցախը Սյունիքի միջանցքներով, Տավուշի գյուղերով ու Տիգրանաշենով հանձնել Ադրբեջանին, իսկ մնացած Հայաստանը՝ Թուրքիային՝ վիլայեթի կարգավիճակով…

    “Ռուսաստանը գնալով թուլանում է Ուկրաինայում սանձազերծած իր խելահեղ պատերազմի պատճառով”

    Իրականում Ռուսաստանը գնալով ուժեղանում է՝ արեւմտյան երկրների կողմից իր դեմ սանձազերծած խելահեղ պատերազմի շնորհիվ: Իսկ Ուկրաինան ընդամենը այդ գլոբալ առճակատման հիմար թատերաբեմն է՝ դատապարտված անիմաստ մարդկային կորուստների, «ցավալի զիջումների» ու անխուսափելի մասնատման: Ուկրաինական խելահեղ ռուսատյացությունը այլ արդյունք ունենալ չի կարող: Զարմանալի չէ, որ նիկոլին իշխանության բերած ռուսատյաց ուժերը խթանում են ռուսատյացությունը եւ Հայաստանում, բուծում Ուկրաինայի տարատեսակ վկաներ ու ստեղծում թուրքական շահերը սպասարկող բեւեռներ: Ռուսատյացությունը նիկոլիզմի կարեւորագույն բաղադրիչն է՝ իր գավառական շուստրիությամբ ու պարզունակ աճպարարությամբ…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “…անցած տարվա տվյալներով, Փաշինյանն ունի 680 հազար երկրպագուներ, որոնք, ենթադրում եմ, ծափահարելու են վարչապետի ցանկացած քայլին: “

    Եւ անցած տարի, եւ այժմ գերագույն գլխավոր թրքահպատակը չի ունեցել եւ չունի այդքան երկրպագուներ: Դա ուռճացված թիվ է եւ բոլոր դեպքերում ակնհայտ նվազման միտում ունի: Եթե այդքան թրքահպտակներ լինեին Հայաստանում, նիկոլը վաղուց արդեն հրապարակում մի հատ հուժկու պողոսահավաք կազմակերպած կլիներ՝ ի հակակշիռ դիմադրության շարժման: Բայց նա շատ լավ գիտի իր կողմնակիցների իրական թիվը եւ այդ պատճառով հույսը դրել է միայն իր անձնական օգտագործման ոստիկանության վրա: Հրահանգել է բերետավոր ենիչերիներին բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, իսկ իր թրքահպատակ քարոզիչներին՝ ամեն կերպ սադրել եւ վարկաբեկել ընդդիմադիրներին: Ո՞րն է այժմ նիկոլի սոցիալական հենարանը. ընդամենը մի քանի «պատահաբար» զբոսնող թրքահպատակ, մի խումբ գործուղման ուղարկված խուժան ու հայհոյախոս «խեղճ ծերունիներ», մի փռչոտ սադրիչ «նախկին ոստիկան» ու մի հատ էլ «ախուրյանցի Անո»: Ահա սրանց վրա է մնացել նիկոլի հույսը, սրանց հուժկու կոչով է նա փորձում «հայերի հախից գալ»…

  5. Ruben says:

    Նորություն չէ, որ ԼՏՊ-ի, Քոչարյանի, Սերժի և ներկայիս կառավարություններում պրոֆեսիոնալներ չկան։ Լևոն Տեր Պետրոսյանը ասպարեզից հեռացրեց բոլոր պրոֆեսիոնալներին և այդ ավանդույթը շարունակվում է առ այսօր։ Օտարերկրյա «մենթորները», ավելի ճիշտ՝ տիկնիկավարները (մուլտիպլիկատորները) միշտ որպես տարածքի ղեկավարի թեկնածու ընտրում էին ամբիցիոզ հիմարների, շահամոլ կարիերիստների, անհայրենիք լիբերալների և նմանատիպ աղբի:
    Խոսելով արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի բանակցությունների մասին («Ղազախի շրջանի», այսինքն՝ Տավուշի մարզի յոթ գյուղերի, ինչպես նաեւ Տիգրանաշենի՝ իրենց անվանմամբ՝ «Քյարքիի» փոխանցումն Ադրբեջանին) մի մոռացեք 1992 թվականի իրադարձությունների մասին՝ ինչպես ԼՏՊ-ի հրամանով Վազգեն Սարգսյանը իր օգնական Խաչատուրովի հետ դատարկեց Արծվաշենը: Արծվաշենից առաջինը փախան քահանաները: Իսկ նախկին արծվաշենցիներն ու նրանց հետնորդները կուռք են դարձրելնում գործող անհայրենիք «իշխանիկներին»։
    Արծվաշենը Խորհրդային Հայաստանի տարածքն էր:
    Ի՞նչ է թաքցնում ԼՏՊ-ն: Միգուցե Խալաֆովը կասի:

  6. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց գործնականում նրանք [փողոցում պայքար մղող ընդդիմությունը], չհասկանալով դա, ձգտում են խայտառակության հեղինակից՝ Փածինյանից վերջնական ստորացման բեռն իրենց վրա վերցնել:”

    Այս պնդումը, իհարկե, որեւէ աղերս չունի ոչ իրական քաղականության հետ, ոչ ընդդիմության պատկերացումների հետ, ոչ էլ տարրական տրամաբանության հետ: Սա ընդամենը լեւոնական ոճի պարտվողական մտավարժանք է՝ ի նպաստ ազգակործան պատուհասի ստորագույն իշխանության: Իրականում նիկոլի իշխանությունից հեռացումը նշանակում է Հայաստանի դուրս բերում խայտառակության եւ ստորացման դաշտից, դավաճանության եւ կոլաբորացիոնիզմի զրոյացում: Նոր եկածներին առաջարկվող պայմանները բոլոր դեպքերում չեն կարող ավելի վատը լինել, քան նիկոլի մինուս անվերջությունը, քանի որ նա հատել է հայկական բոլոր կարմիր գծերը, խախտել ազգային եւ միջազգային բոլոր բարոյական, հասարակական եւ քաղաքական նորմերը, նա խրված է այնպիսի գարշահոտ ճահճում, որից ներքեւ ընդհանրապես ոչինչ գոյություն չունի, նրանից անդին մահն է եւ չգոյությունը…

    Ինչ վերաբերում է «զրոյական կետից» սկսելուն, ապա դրանից պետք չէ վախենալ: Այնպես, ինչպես Աթաթյուրքը ժամանակին չվախեցավ եւ, մերժելով սուլթանի կոլաբորացիոնիստական կառավարությունը ու Ստամբուլում նստած անգլիացիների կապիտուլյացիոն պայմանները, սկսեց իր «զրոյական կետից» ու փրկեց Թուրքիան վերջնական կործանումից: Սա հենց այն դեպքն է, երբ արժի մի քիչ էլ թուրքերից խելք սովորել…

  7. Լավատես says:

    Նոր գաղափարներ ու պլաններ են պետք մեր ապագայի վերաբերյալ, հակառակ դեպքում ստիպված ենք հետեւել ուրիշի պլաններին, ինչ իմանաս, էդ ուրիշները առողջ են թե՞ հիվանդ: Նոր գաղափարները սկզբից հում են եւ անտրամաբանական, դրա համար դրանց մեջ գոնե մի հատիկ արժեք գտնելը պահանջում է խորը վերլուծություն, որը մակերեսորեն վերլուծողի համար հիմարություն կթվա: Բայց հենց այդ հատիկների միավորումից է, որ նոր գաղափարներ են ծնվում: Բերեմ մի նման գաղափար: Օրինակ, ինձ շատ է դուր գալիս լոբբինգի գաղափարը, երբ ոչ թե մեր ընտրողներին են ընտրակաշառք բաժանում, որ սրան նրան ընտրի որպես պատգամավոր, այլ մեր ընտրողներն են ընտրում ու վարձում իրենց պատգամավորին, ինչպես ասենք ընտրում ու վարձում են փաստաբանին: Նոր տերմին ու պարտադիր վարձ’ ընտրավարձ( բնակարանի, լույսի, ջրի վարձի հետ միասին), իսկ երբ գալիս է ընտրությունների օրը, մեր քաղաքացին իր կուտակված ընտրավարձը տալիս է իր ընտրյալ պատգամավորին: Նախընտրական ժամանակահատվածում կարելի է թեկնածուների միջեւ մրցամարտեր անցկացնել եւ միավորները հաշվել ճիշտ ֆուտբոլային մրցամարտերի անցկացման եւ միավորների հաշվառման մեխանիզմով: Կարծում եմ, այստեղ տրամաբանական ինչ որ հատիկ հաստատ կա, եթե մի քիչ խորանանք:

  8. Սարգիս Զեյթունյան says:

    «Այնպես որ թող մինչեւ վերջ վայելեն իրենց ընտրության պտուղները:»

    Կներեք, բայց հնչում է, ինչպես Նիկոլի արձագանքը ԱԺ-ի ամբիոնից. «Կեցցե՜ հայկական ժողովրդավարությունը»:

  9. Aha says:

    I agree with the overall spirit of the article but with some reservations (ex. the Ukraine war was started by Russia but very clearly instigated and pushed for by the west). In any case for us Armenians the train has sadly passed, the war of 2020, its catastrophic results, and the changing geopolitical landscape (including Russia’s weakening), have irreversibly altered the course of history. The sooner we hit rock-bottom by accepting our defeat and signing the god-damned peace (capitulation) treaty, the closer we will be to eventually stand-up (even with a broken back initially). I don’t think Armenia has options to avoid signing the treaty, it can’t reverse the defeat of 2020, it should look forward with a lesser-of-evils logic, as painful as it might be. This is not defeatism (or Levonism as some call it) but simply an objective assessment of Armenia’s forces, borders, strategic depth, allies, and also the priorities and choices of its citizens. Remember, everything is fair, this is the making of the majority of Armenians, their legitimate and transparent choice in 2018 and 2021, therefore there is nowhere to hide from responsibility (and perhaps humiliation).

    On a more intellectually interesting note, I suggest people read the following article from today’s Aravot. I don’t know the author but appreciate his big picture approach to this turning point (or Machiavellian Moment as he calls it) in Armenian history.
    https://www.aravot.am/2022/05/16/1268040/

    • Ջորդանո Գալիլյան says:

      And yet this is outright defeatism. It is this structural component that lies at the heart of both levonism and nikolism, or levonanikolism, in a word…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031