Լրահոս
Օրվա լրահոսը

Երկնիշ թվերով գնաճ. տարեսկզբից սպառողական գներն աճում են

Մայիս 14,2022 14:00

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը

Հայաստանում սպառողական գները տարեսկզբից ի վեր յուրաքանչյուր ամիս աճում են։ Թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, սննդամթերքը, ծառայությունները, ոչ պարենային ապրանքները։ Երեւի չկա մի ընտանիք ու քաղաքացի, որը չզգա, թե ինչ արագությամբ է փոքրանում իր սպառողական զամբյուղը, չնկատի, որ ամեն հաջորդ ամիս կամ հաջորդ շաբաթ նույն գումարով ավելի քիչ ապրանք, հատկապես սնունդ է գնում։

Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է սպառողական գների ինդեքսը։

Ապրիլ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում 8.4% գնաճ է արձանագրվել, նկատենք, որ այս տարվա մարտ ամսին, նախորդ մարտի համեմատ, գնաճը կազմել էր 7.4%, հունվարին՝ 7.1%, իսկ փետրվարին՝ կազմելով՝ 6.5%։

Սննդամթերքի շուկայում գրեթե ամեն ինչ կտրուկ թանկացել է։ Նախ՝ ընդհանուր սննդամթերքի գնաճն այս ապրիլին նախորդ ապրիլի նկատմամբ կազմել է 14.5%, մարտ ամսին՝ 13%, փետրվարին՝ 11.5%, հունվարին՝ 12.5%:

Ապրիլին հացը թանկացել է 14.1%-ով, մարտին՝ 12.3%-ով, փետրվարին՝ 9.2%-ով հունվարին՝ 9.6%-ով:

Միջինից մի փոքր ցածր կենսամակարդակ ունեցող ընտանիքներում ամենաշատն, ավանդաբար եւ գրպանին հարմար, սպառում են հաց, մակարոնեղեն, կարտոֆիլ, ձավարեղեն, բրինձ, կաթնամթերք։ Սակայն այս ապրանքներն էլ են բավականին թանկացել, ինչը նշանակում է՝ այս ընտանիքներում այս սննդամթերքի սպառումը կկրճատվի։

Ըստ վիճակագրական կոմիտեի, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճն ապրիլին կազմել է 15.7%, մարտին՝ 13.3%, փետրվարին՝ 10.1%, հունվարին՝ 10.4%:

Ամենաբարձր գնաճը գրանցվել է կարտոֆիլի շուկայում. այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կարտոֆիլը թանկացել է 89.5%, մարտին՝ 73.4%, փետրվարին՝ 71.4%, հունվարին՝ 67.4%:

Բրինձն այս տարվա ապրիլին թանկացել է 17.7%-ով, մարտին՝ 16.8%-ով , փետրվարին` 13.4%-ով, հունվարին՝ 13.6%-ով, իսկ մակարոնեղենը՝ ապրիլին՝ 26.5%-ով, մարտին՝ 18. 2%-ով, փետրվարին՝ 11%-ով, հունվարին՝ 10.3%-ով:

Մսամթերքը նույնպես թանկացել է, տավարի եւ հորթի մսի թանկացումն այս տարվա ապրիլին կազմել է 10.6%, մարտին՝ 9.1%, փետրվարին՝ 8% , հունվարին՝ 4.2%։

Խոզի թարմ եւ սառեցրած միսը ապրիլին թանկացել է 20.1%-ով, մարտին՝ 26%-ով, փետրվարին՝ 31.8%-ով, հունվարին`34.6%-ով։
Թարմ եւ պաղեցրած ձուկն այս տարվա ապրիլին թանկացել է՝ 24.7%-ով, մարտին՝ 34.3%-ով, փետրվարին՝ 36%-ով, հունվարին՝ 36.2%-ով։

Կաթի գնաճն ապրիլին կազմել է 12%, մարտին՝ 9.5%, փետրվարին՝ 7.5%, հունվարին՝ 7.2%, իսկ պանրի եւ կաթնաշոռի շուկայում գնաճը ապրիլին կազմել է 20.8%, մարտին՝ 17.6%, փետրվարին՝ 16. 4%, հունվարին՝ 14.6%։

Կարագի գնաճը ապրիլին կազմել է 9.4%, մարտին՝ 10.7%, փետրվարին՝ 7.8%, հունվարին 9.4%:

Ձիթապտղի յուղն, ի տարբերություն այլ առաջնային սպառման ապրանքների, ավելի քիչ է թանկացել, ոչ երկնիշ. այսպես՝ ապրիլին ձիթապտղի յուղի գնաճը կազմել է 3.3%, մարտին՝ 3.5%, փետրվարին՝ 2.2%, հունվարին՝ 2.7%:

Բանջարեղենն այս տարվա ապրիլին նախորդ ապրիլի նկատմամբ թանկացել է 48.8% –ով, մարտին՝ 40.8%-ով, փետրվարին՝ 31.1%-ով, հունվարին՝ 36.8%-ով:

Ոչ պարենային ապրանքներից, որոնք եւս կարեւոր են՝ հագուստի եւ կոշիկի շուկայում գնաճը ապրիլին կազմել է 7.7% մարտին` 7.2% փետրվարին` 9.3%, հունվարին՝ 10.8%:

Երկնիշ թվերով է աճել նաեւ վարձակալությամբ բնակարանների վարձավճարը, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ՌԴ քաղաքացիների մեր երկիր տեղափոխմամբ։ Ենթադրվում է, որ նույն պատճառով գնաճ է արձանագրվել նաեւ ռեստորանների եւ հյուրանոցների, հանգստի եւ մշակույթի ծառայությունների ոլորտներում։

Բնակարանների վարձն այս տարվա ապրիլին աճել է 16.9 %–ով, մարտին՝ 12.5%-ով, փետրվարին՝ 3.4%-ով, հունվարին՝ 3.7%-ով:
Ռեստորանների եւ հյուրանոցների ծառայության ոլորտում գնաճն այս տարվա ապրիլին կազմել է 6.1%, մարտին՝ 5.5%, փետրվարին եւ հունվարին՝ 5.1%:

Իսկ հանգստի եւ մշակույթի ոլորտում ապրիլ ամսին գնաճը կազմել է 12.4%, մարտին՝ 12%, փետրվարին՝ 10.1%, հունվարին՝ 9.6%;
Ապրիլին ամենաբարձր գնաճը գրանցվել է մայրաքաղաք Երեւանում՝ 8.8%, ապա՝ Գավառում՝ 8.7%, հետո՝ Հրազդանում՝ 8.5%, Վանաձորում՝ 8.2%, Աշտարակում՝ 7.9%, Իջեւանում եւ Վաղարշապատում՝ 7.8%, Գյումրիում՝ 7.4%, Արտաշատում՝ 7.7%, Կապանում՝ 7.4%, Եղեգնաձորում՝ 6.9%:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.6%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031