Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար շատ հասկանալի են այստեղի Թուրքիայի դեմ ցույցերը, բայց, ցավոք, մեր երկրում լռեցված է շատերի ձայնը»

Մայիս 14,2022 13:30

Ասում է թուրք իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինը

«Հոս եւ հիմա» ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի միջոցով Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին, տեղի ունեցավ մայիսի 6-ին, ՆՓԱԿ-ում, ուր ներկա էին Դինքի այրին, դուստրերը եւ բազմաթիվ հյուրեր, ինչպես նաեւ Դինքի փաստաբան, գրող եւ մարդու իրավունքների իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինը։ Հարցազրույցը կայացավ մայիսի 9-ին։

– Տիկին Չեթին, Ձեր գրքերի հայ ընթերցողները Ձեզ գիտեն, որ Դուք առաջինն էիք, որ քաջություն ունեցաք գրելու Ձեր հայ տատիկի պատմությունը, եւ այնուհետ, հազարավոր հայ տատիկ-պապիկների թոռնիկների համար ինքնության երկվության հարց առաջացավ՝ հա՞յ եմ, թե՞ թուրք։ Ինչպե՞ս հաղթահարեցիք այն։

– Երկու ինքնությունների միջեւ լինելը տարօրինակ կերպով ինձ համար խնդիր չեղավ։ Երբ մտածում եմ, թե ինչու, հասկացա, որ երիտասարդ տարիքից ես ընդդիմություն էի եւ արդեն վստահություն չունեի պետական (ցեղասպանության) դիսկուրսին մասնակցել։ Տատիկիս պատմությունը մեծ շոկ էր ինձ համար. ես այն ապրեցի եւ հասկացա, որ մեր ցավերը թաքցրել են մեզնից եւ ամբողջովին կորցրի հավատս պետության հանդեպ։ Ես կրոնական էլ չէի՝ աթեիստ էի, եւ դա էլ խնդիր չեղավ ինձ համար։ Ես մեծացել էի տատիս գրկում եւ նա էր կյանքումս ամենասիրելի անձը, որ հայ էր։ Ես չէի կարող մերժել նրա ինքնությունը։

– Ինչո՞ւ սպանվեց Դինքը: Ի՞նչ փոխվեց թուրք հասարակության մեջ Դինքի սպանությունից հետո:

– Հրանտ Դինքն առաջինն էր, որ գրեց եւ խոսեց ցեղասպանության մասին։ Իր խոսքը եւ կեցվածքը երեւան բերեց անցյալը, որ փորձում էին մոռացնել տալ։ Այդ պատճառով նա վտանգ էր ներկայացնում։ Այդ տարիներին պետության ներսում տարաձայնություններ շատ կային, որովհետեւ Եվրամիությանը միանալու գործընթացը կշարունակվեր, եւ երբ ցեղասպանության մասին խոսվեց, չէին կարողանում որոշել, թե ո՞վ պիտի թիրախ դառնա։ Մեկ մասը հակված էր ասելու, որ Օրհան Փամուքը, մեկ ուրիշ թեւ՝ Հրանտ Դինքը։ Եվ զգուշացրեցին Օրհան Փամուքին եւ կյանքը փրկեցին։

– Պետության բոլոր օղակները գիտեին, որ այս սպանությունը պիտի իրականանա՝ զինվորականությունը, ժանդարմերիան, ոստիկանությունը… բայց որեւէ մեկը չպաշտպանեց Հրանտ Դինքին եւ սրա պատճառը միայն այն էր, որ Հրանտ Դինքը հայ էր։
Դինքը ցանկանում էր, որ մեր եւ ձեր երկրները կարգավորեն եւ զարգացնեն իրենց հարաբերությունները։ Ի՞նչ եք կարծում, Էրդողանի՝ Ադրբեջանին մատուցած մեծ օգնության փաստը, վերջին պատերազմում եւ հատկապես այս օրերին Երեւանում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին, մեծ թվով մարդիկ դեմ են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, չեն վստահում Թուրքիային։ Արդյոք հնարավո՞ր են հարաբերություններն այսօրվա պայմաններում։

– Շատ մեծ խումբ կա Թուրքիայում, որ դեմ էին Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած օգնությանը։ Մեզ համար շատ հասկանալի է այստեղի Թուրքիայի դեմ ցույցերը, բայց, ցավոք, Թուրքիայում կան մեծ թվով մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց ձայնը բարձրացնել, լռեցված է նրանց ձայնը։ Մենք կարծում ենք, երբ նրանք էլ կարողանան բարձրացնել իրենց ձայնը, երկխոսությունը երկու երկրների միջեւ հնարավոր կդառնա։

– Ամերիկան եւ վերջերս ԱՄՆ-ի վերջին՝ Միսիսիպի նահանգը ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը։ Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան էլ երբեւէ կընդունի՞ Ցեղասպանությունը։

– Որեւէ կառավարություն չի ընդունի ցեղասպանությունը՝ մինչեւ ստիպված չլինի։ Եթե միայն վերջին ճարը լինի, ստիպված կլինի։ Հիմա Թուրքիայում շատ մեծ թվով մարդիկ կան, որ համաձայն չեն այս կառավարության վարած քաղաքականությանը։

– Այդ դեպքում ո՞վ կարող է ստիպել Թուրքիային հրաժարվել մերժման քաղաքականությունից եւ ընդունել ցեղասպանության փաստը։

– Քաղաքացիական հասարակությունն է, որ պիտի պահանջի։ Ինչպես ասացի՝ կառավարությունները երբեք չեն ընդունի։ Վստահ եմ, որ հասարակությունը կպահանջի. մարդիկ դեմ են մերժման դիսկուրսին եւ ասում են, որ ձե՞զ պիտի հավատամ, թե՞ մեծ հորս կամ մեծ մորս, քանի որ ընտանիքներում սերնդեսերունդ պատմվում են այդ պատմությունները, այդ հուշերը։ Չգիտեմ, լսե՞լ եք Հաբաբի աղբյուրների մասին, որ նորոգեցինք. հայ երիտասարդներ եկան Հաբաբ եւ տեղացիների հետ աշխատեցին։ Տեսանք, որ հասարակությունն է, որ պիտի ուզի եւ պահանջի կառավարությունից։ Հասարակությունը, երբ քով-քովի գա, արդեն ամեն ինչ կարելի է լուծել։ Այն մեծ ուժ է։

– Իսկ արտաքին ուժերը կարո՞ղ են ազդել Թուրքիայի պետական քաղաքականության վրա, քանի որ հայությունը չի կարողանում վստահել Թուրքիային, որը քանիցս խախտել է պայմանավորվածությունները եւ խոստումները։

– Լավ է, որ հարց տվեցիք։ Այլեւս, այս պահին, երբ ԱՄՆ-ի կառավարությունը ճանաչել է, սա ցույց է տալիս, որ Թուրքիան աշխարհում անհուսալի եւ անլսելի վիճակի մեջ է։ Թուրքիայի մերժողական դիրքորոշումն արդեն չի ընդունվում։ Միայն Թուրքիայի սահմաններից ներս կարող է մնալ ու շարունակվել մերժման քաղաքականությունը։

– Ո՞րն է Թուրքիայի վախը՝ ընդունել Եղեռնի փաստը։ Հոգեբանորեն դժվար է։ Շատ ավելի կարեւոր պատճառներ ունի հերքելու, քանի որ առաջ պիտի քաշվի հողային պահանջների եւ փոխհատուցման հարցերը։

– Երբ օսմանական կայսրությունը փլվեց, նոր Թուրքիան իր ինքնությունը կառուցեց ոչ միայն հայերի կոտորածով եւ այլ էթնիկ զտումներով՝ հույների, սուրիանիների, քաղկեդոնացիների, ասորիների, այլեւ նոր երկիրը պետք ուներ նոր պատմության։ Երկիրը պետք ուներ դրամի։ Դրա աղբյուրը հայերի հարստությունն էր, ամեն մեկի պատառի մեջ հայի հարստությունը կա։ Այն մարդիկ՝ «հերոսները», որոնք կազմեցին այս երկիրը (ընդունման դեպքում), պիտի պարզվի, որ ձեռքները արյունոտ ոճրագործներ էին բոլորը։ Ուրեմն այդ պատմությունը պահելու եւ Թուրքիա երկիրը պահպանելու համար պետք է այդ սուտը ապրի եւ շարունակվի մնալ, որ մնա այն պատմությունը, որ ստեղծել են Թուրքիայի հիմնադիրները։

– Եթե Ֆեթհիյե Չեթինը Թուրքիայի թիվ մեկ դեմքը՝ վարչապետը լինի, ի՞նչ կանի։ Խոստովանություն կանի՞ եւ ներողություն կխնդրի՞, ինչպես ակնկալում է ամեն մի հայ, քանի որ Թուրքիան ոչ միայն սպանդի է ենթարկել հայ ժողովրդին, այլեւ նրանից խլել է պատմական հայրենիքը։

– Երկար եմ մտածել, թե ինչո՞ւ Թուրքիան նորմալ երկիր չի դառնում, որոնք են պատճառները։ Թուրքիայի պատմության եւ ժողովրդի մեջ տրավմա կա, որը սերնդեսերունդ շարունակվում է։ Եթե նորմալանալ ենք ուզում՝ պիտի կարողանանք բուժել այդ վնասվածքը։ Բուժելու համար ներողություն պիտի խնդրել։ Ինչպես Գերմանիան. Վիլի Բրանթը ծունկի եկավ եւ ներողություն խնդրեց հրեաներից, այդ ժամանակից սկսեց արագ ընթանալ ներման եւ հաշտության պրոցեսը։ Ես էլ կգայի եւ սիմվոլիկ մի վայրում ծունկի կգայի եւ ներողություն կխնդրեի։ Դրանից հետո ցեղասպանություն ապրածների եւ ժառանգների հետ միասին խոսելով կփորձեի մի հնար, մի լուծում գտնել եւ միասին քայլեր ձեռնարկել։ Պիտի վերապրածներին հարցնել, թե դո՞ւք ինչ եք ուզում։ Տարիներով ծածկված է եղել այդ վերքը, ներողություն խնդրելը շատ կարեւոր է։ Դրանից հետո ցեղասպանություն իրագործած ոճրագործների հետ պիտի հեռավորություն պահպանել եւ դատապարտել նրանց, որպես հանցավորներ։

Հարցազրույցը վարեց
Շաքե Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031