Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյանը Երեւանի քաղաքապետին իր քանդվող տուն է հրավիրում

Մայիս 14,2022 13:00

Ստուգայց-հետազննման համաձայն՝ բնակելի տան հիմքերը խարխլվել եւ թուլացել են

«Սասուն» ազգագրական համույթի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի սեփական տան՝ Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեի անվտանգության խնդիրների հետ կապված նոր ապացույցներ են ի հայտ գալիս: Երեկ նա ՀՀ Կառավարության շենքի մոտ մի պահ կանգ առավ, ասաց. «Ուզում եմ՝ բոլորը տեսնեն, հասկանան, հրդեհային տեսչությունը երկու տարի առաջ որոշում է կայացրել, որ այդ կառույցն ամբողջովին խախտումներով է: Նույնը հիմա է տվել: Հիմա էլ գնում եմ քաղաքապետին տեսնեմ, հրավիրեմ մեր տուն, խնդրում եմ արագ արձագանքեն, որտեղ է կոռուպցիան, կարգուկանոն բերեն իմ երկրին, որ ես խաղաղ ապրեմ, ոնց որ սաղի տունը քանդեն, ասեն՝ եկեք օգնենք»:
Հիշեցնեմ, որ Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեի բնակելի տան անմիջական կողքին՝ 5/9 հասցեում կառուցվում է տասներկուհարկանի բազմաբնակարան շենք, իսկ ընդդեմ կառուցապատողի եւ Երեւանի քաղաքապետարանի հայցը գտնվում է վարչական վերաքննիչ դատարանում: Օրերս տեղեկացանք, որ «Բաբայան Լատ-նախագիծ» ՍՊԸ տնօրեն Հ. Բաբայանի եզրակացության համաձայն, որը հաստատվել է ապրիլի 27-ին, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/4 հասցեում կատարվել է ստուգայց-հետազննում, պարզաբանելու տվյալ հասցեում գտնվող բնակելի տան կրող եւ պարփակող կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը, ինչպես նաեւ նրա հարեւանությամբ` Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5/9 հասցեում, կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի շինաշխատանքների ազդեցությունը վերը նշված բնակելի տան կոնստրուկցիաների լարվածադեֆորմացված վիճակի վրա:

Ուսումնասիրություններից պարզվել է, որ հողային աշխատանքները կատարվել են էքսկավատորով, որտեղ հիմքերի համար փորված փոսորակի խորությունը հասնում է մինչեւ 7,0 մ, իսկ աշխատանքների կատարումը ընթացել են դինամիկ ցնցումներով` խարխլելով եւ թուլացնելով տվյալ տեղամասի շենք-շինությունների հիմքերի տակ գտնվող հիմնատակերը, այդ թվում նաեւ՝ քննարկվող բնակելի տան հիմքերը: Հիմնական կոնստրուկցիաներում առկա էին զգալի ճաքեր, վնասվածքներ, մասնավորապես, քարե պատերում միջանցիկ, թեք եւ անկյունագծային (0,2-0,5 մմ) ճաքեր, քարե երկայնական պատերում միջնապատերի աննշան շերտավորում եւ նստվածք, ծածկի առանձին տարրերում կան տեղափոխություններ:

Ըստ եզրակացության, շինարարական աշխատանքների ժամանակ չեն պահպանվել շինարարական տեխնոլոգիական պահանջները, որոնց հետեւանքով վերը նշված բնակելի տանը պատճառվել է վնաս (ճաքեր, նստվածքներ՝ հատկապես հիմնատակերում), ուստի Թումանյան փողոց 2-րդ անցուղի հ. 5/4 հասցեի բնակելի տան կրող եւ պատող կոնստրուկցիաներում պետք է իրականացվեն ամրացման եւ վերականգնման կոնստրուկտիվ միջոցառումներ: Ակնադիտական տեղազննումից էլ պարզվել էր, որ Անդրանիկ Մանուկյանի տան ներսի պատերում եւ միջնորմներում տեղ-տեղ նկատելի են ճաքեր: Նշվել էր, որ բնակելի տունը կառուցվել է մինչեւ Սպիտակի 1988թ. երկրարաշարժը, ուստի ակնհայտ է, որ նրա ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներում կան անհամապատասխանություններ ՀՀ-ում ներկայումս գործող «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր», շիննորմերի պահանջներին:

Բնակելի տան ֆիզիկական մաշվածությունը դասվում է 3-րդ աստիճանի (անբավարար վիճակ): Ու դրան գումարած այն, որ գլխավոր կոնստրուկտոր Հ. Բաբայանն արձանագրել է. «5/9 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ չեն պահպանվել շինարարական տեխնոլոգիական պահանջները, որոնց հետեւանքով Անդրանիկ Մանուկյանի տանը պատճառվել է վնաս (ճաքեր, նստվածքներ` հատկապես հիմնատակերում)»: Նա առաջարկում է. «Եթե անհրաժեշտ են բնակելի տանը կամ հարակից տարածքում կատարել քանդման աշխատանքներ, ապա բոլոր տիպի քանդման աշխատանքները իրականացնել ծակող, կտրող եւ հատող ժամանակակից գործիքներով եւ տեխնիկայով», ինչի արդյունքը աչքներիս առաջ է Մանուկյանի տանը հասցված անհերքելի վնասներով:



Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031