Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցալուծումը կախված է լինելու ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը չընտրած 1,3 միլիոն ՀՀ քաղաքացիների դիրքորոշումից

Մայիս 14,2022 14:30

«Նրանք, ովքեր կպնդեն, թե ընդդիմությունը չի կարողանալու կրիտիկական զանգված գեներացնել՝ պայքարը հանգուցալուծելու համար, պիտի հիասթափեցնեմ, քանի որ անունակ են ռեալ գնահատելու սեփական ժողովրդի հույզերը, պետության ու պետականության հանդեպ պատասխանատվության զգացումը»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

– Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Բրյուսելում ՀՀ իշխանությունը համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է, այսպես կոչված, «Ղազախի շրջանի 7 գյուղերի եւ Քյարքիի» հանձնումն Ադրբեջանին: Սա նշանակում է, որ Տավուշի մարզից եւ Արարատի մարզից գյուղեր ենք հանձնելու Ադրբեջանին: Պաշտոնական Երեւանից այս հայտարարությանն արձագանքեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ վերահաստատելով Ադրբեջանի առաջարկներին Երեւանի համաձայնությունը եւ հիշեցնելով, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ-ն նաեւ առձեռն ադրբեջանական կողմին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացներին:

– Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարածվող՝ այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում ներկայացված պահանջատիրական թեզերը Հայաստանի համար ոչ շահեկան, կասեի՝ հակահայկական են, եւ հուշում են, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է թաքցնել հանրությունից մանրամասներ, որոնք հնարավոր է՝ ձեռք են բերվել վերջին եռակողմ հանդիպման ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաների` մեկը մյուսին հակասող եւ իրարամերժ հայտարարությունները թշնամական Ադրբեջանին հնարավորություն են տալիս էլ ավելի անհեթեթ պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Իշխանությունը պետք է հասկանա, որ ցանկացած հերթական զիջում առաջացնելու է համաժողովրդական ցասում, որից խուսափել պարզապես չի կարողանալու։ Չի կարելի բանակցությունները վարել թույլի, տկարի, պարտվածի դիրքերից, հակառակ պարագայում, թշնամական երկրի ցանկացած պայման, պարտադրանք ստիպված պիտի լինենք ընդունել կամ կատարել, ինչն անթույլատրելի է։ Մյուս կողմից էլ, մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ գործող վարչակազմի անդամների դիվանագիտական ունակություններից եւ այլ հմտություններից, որպեսզի ստիպված մտածենք, որ հետպատերազմական աղետներից հետո նրանք ունակ են լինելու Հայաստանի ու Արցախի համար որեւէ շահեկան լուծում կորզել Ադրբեջանից կամ պատշաճ աշխատանքով միջազգային հանրությանը հայկական կողմնորոշման բերել։ Մենք կարող ենք հաջողել բացառապես ուժեղ դիրքերից հանդես գալով, քաղաքական կամք դրսեւորելով։ Միայն ուժեղ ու կայուն պետությունը կարող է հաջող բանակցություններ վարել։ Ճգնաժամային իրավիճակում պետությունը արագընթաց փուլ մտցնելը պարզապես կործանարար աճպարարություն է, որը հերթական աղետներն է բերելու Հայաստանին։

– Ընդդիմադիր ուժերը, որ մայիսի 1-ից առավել ակտիվ պայքարի փուլ են մտել, հայտարարում են, որ նաեւ այս համաձայնությունների չեղարկման համար են փողոց դուրս եկել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գործընթացին, ինչպե՞ս եք ընդդիմության հնարավորությունները գնահատում:

– Անպտուղ կանխատեսումներց զերծ կմնամ, քանի դեռ հնարավոր չէ լիարժեքորեն գնահատել, թե որքա՞ն է ժողովրդի մեծ մասի վերաբերմունքն ու վստահությունը խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաեւ նրանց նախաձեռնած գործողությունների ու ապագա ծրագրերի հանդեպ։ Անկախ ընդդիմության առանձին գործիչների կամ նրանց շարքերում գտնվող տարբեր վարկաբեկված անձերի հանդեպ վստահությունից կամ անվստահությունից՝ մարդիկ այսօր դուրս են գալիս պայքարելու սեփական իրավունքների, պետականության պահպանման, կորսված արժեքները վերագտնելու համար, եւ փողոցային դիմադրության մեջ կարեւորը հենց այս իրողությունն է։ Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ առնվազն 1,3 միլիոն ՀՀ քաղաքացի տարբեր պատճառներով չի ընտրել ո՛չ գործող իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը։ Հետեւաբար, պայքարի հանգուցալուծումը կախված է լինելու հենց այս մարդկանց դիրքորոշումից։ Նրանք, ովքեր կպնդեն, թե ընդդիմությունը չի կարողանալու կրիտիկական զանգված գեներացնել՝ պայքարը հանգուցալուծելու համար, պիտի հիասթափեցնեմ, քանի որ անունակ են ռեալ գնահատելու սեփական ժողովրդի հույզերը, պետության ու պետականության հանդեպ պատասխանատվության զգացումը։ Հարց է, թե ե՞րբ կստացվի արթնացնել այն մեկ միլիոնից ավելի քաղաքացիներին։ Ամեն դեպքում, փողոցային ճնշումն անհրաժեշտ ու պարտադիր է, եւ միայն ռեալ ընդդիմությունն իրատեսական օրակարգով ու ծրագրով՝ փողոցային ճնշմամբ եւ համաժողովրդական շարժմամբ մեծ շանսեր ունի հաղթելու։

– Իշխանափոխության հավանականություն կա՞, ի՞նչ հավելյալ գործընթացներ են անհրաժեշտ դրա համար, Նիկոլ Փաշինյանը ո՞ր դեպքում կզիջի իշխանությունը կամ կհեռանա իշխանությունից:

– Իշխանափոխության հավանականություն միշտ կա, ընդ որում՝ խաղաղ, ոչ բռնի ճանապարհով։ Դրա նախադեպն արդեն իսկ ունեցել ենք ոչ վաղ անցյալում։ Խնդիրը ընդդիմադիր դաշտի գործողությունների ճիշտ կոորդինացիայի մեջ է. անցանկալի, տխրահռչակ, անցյալում ակնհայտ զեղծարարության ու մութ գործարքների մեջ մասնակցություն ունեցած անձերի բացառում պետության ապագա կառավարման մեջ, միտումնավոր կամ պատահական սադրանքների, ժողովրդական պառակտիչ քայլերի եւ քաղաքացիական բախումների բառացում, հանուն, այլ ոչ թե ընդդեմ, ազգային, պետական ծրագրերի՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում վարվելիք քաղաքական գծի հստակեցում, Արցախի հարցի տեսլական՝ իրատեսականության, սեփական հնարավորությունների եւ ներուժի գնահատմամբ։ Ահա այն ամենը, ինչ պետք է անի ընդդիմությունը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, որ հեշտությամբ չի զիջելու ղեկավարի աթոռը, եւ դրա համար բոլոր հնարավոր ապահովագրումներն արել է` իր ենթակայության տակ թողնելով ուժային կառույցները։ Միակ ճանապարհը հայ ժողովրդի միասնական կամքի դրսեւորումն է. որքան ուժեղ լինի փողոցի ճնշումը, որքան շատ քաղաքացի դուրս գա իր անհամաձայնությունն ու ըմբոստությունն արտահայտելու, այնքան շուտ իշխանությունը կհասկանա, որ չունի ժողովրդի վստահությունն ու աջակցությունը։ Հուսամ՝ ողջախոհություն կդրսեւորի գոնե հիմա։

– Ձեզ է՞լ են վախեցնում, այսպես կոչված՝ նախկինները, նրանց հավանական վերադարձը, համամի՞տ եք գնահատականների հետ, այդ թվում նաեւ՝ «Լուսավոր Հայաստանի» ձեր նախկին կուսակիցների կողմից հնչող, որ ընդդիմադիրները ոչ թե ազգային եւ պետական շահերի համար են պայքար տանում, այլ՝ իշխանության վերադառնալու, որ հանրահավաքներին «փողով մարդ» են բերում, որ ընդդիմադիրների վարքն ագրեսիվ է եւ այլն:

– Ընդհանրապես վախենալը քաղաքական կատեգորիա չէ, հետեւաբար միակ վախը, որ կարող եմ ունենալ, դա հայրենիքիս, արյամբ ձեռքբերված պետականության, ինքնիշխանության կորստի վախն է։ Ինչ վերաբերում է նախկինների հնարավոր կամ հավանական վերադարձին, ապա պիտի ասեմ, որ իմ քաղաքական ակտիվության մեկնարկը կուսակցական գործունեության շրջանակներում պայմանավորված է եղել Հայաստանում անցյալ վարչակարգերի դեմ պայքարով, հայրենիքի համար բարեկեցիկ ներկա ու ապագա կառուցելու մեջ ներդրում ունենալու մղմամբ, ինչը շարունակում եմ նաեւ հիմա։ Ինձ համար անցյալն անցյալում է, անցյալը երբեք ապագա դառնալու շանս չունի, եւ անցյալ են բոլոր նրանք, ովքեր Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի դեմ անօրինական, հակապետական քայլ են թույլ տվել։

Ինչ վերաբերում է հանրահավաքներին փողով մարդ բերելուն, ապա պիտի հիշեցնեմ, որ պատասխանատվության ենթարկելու բոլոր օրինական գործիքակազմերը գոյություն ունեն. եթե կան բավարար ապացույցներ, անշուշտ ցանկացած ոք պետք է պատժվի՝ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, հետագայում նման արատավոր սովորույթները բացառելու համար։ Եթե մեղքն ապացուցված չէ, ցավոք, «փողով մարդ բերելու» մասին պնդումները մնալու են բամբասանքի եւ սոցիալական մեդիատեռորի մակարդակում։

– «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում, որ բռնություններին վերջ տրվի, եւ լարվածությունները նվազեն, եւ հակամարտությունը խաղաղության սեղանի շուրջ լուծվի»,- երեկ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն: Այս հայտարարությունն, ըստ էության, կարելի է համարել Նիդեռլանդներում վարչապետի՝ հանդիպումների ամփոփիչ արձանագրում, այն պարագայում, երբ հայկական կողմը շարունակաբար խոսում է խաղաղության դարաշրջանից, իսկ ադրբեջանական կողմը՝ անընդհատ եւ անթաքույց նորանոր հավակնություններ է դրսեւորում:

– Նիդեռլանդների վարչապետի կոչը կողմերին՝ բռնություններին վերջ տալու վերաբերյալ, փաստում է, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցչությունը պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան սահմաններին ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ գործընկեր պետություններին լիարժեք, ամբողջական եւ պատշաճ տեղեկատվություն տրամադրելիս եւս ձախողել է։ Այլ պատճառաբանություն չեմ կարող գտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելու անարդար փորձին։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031