«Մենք վաղը մեծ հանրահավաք և երթ չենք նախատեսել։ Վաղն ամբողջ այս հարթակը հատկացնելու ենք ծրագրային և բովանդակային քննարկումներին»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ խոսելով իրենց ծրագրերի մասին, հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Վաղը նախատեսված միջոցառումների մասին հայտնեց․ «Վաղը՝ ժամը 13։00-14։00 տեղի կունենա մշակութային ծրագիր, ժամը 14․00 հանդես կգամ ծավալուն մամուլի ասուլիսով։ Ժամը 15․00 հայտնի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունենալու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին քննարկում, խոսվելու է ապագա ծրագրերի ու անելիքների մասին։ Ժամը 16։30-ին տեղի է ունենալու մյուս քննարկումը, որտեղ հրավիրված են լինելու բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք ներկայացնելու են անվտանգության բլոկում երկրում ստեղծված իրավիճակն ու անելիքները։ Ժամը 18․00-ից հետո տեղի է ունենալու մշակութային ծրագիր»։ Իշխան Սաղաթելյանի տեղեկացմամբ՝ կիրակի օրը՝ ժամը 18․00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայաստանյան մեծ հանրահավաք։
Անդրադառնալով իրենց անհնազանդության գործողությունների բնույթին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Շատ ենք լինում, մեծ գործողություն ենք անում, քիչ ենք լինում, փոքր գործողություն ենք անում։ Ավելի շատ լինենք, ավելի մեծ շենքեր ենք շրջափակելու»։ Նա վստահեցրեց՝ ծրագրավորված, հետևողական պայքարն առաջ են տանում։
Պատասխանելով իրենց ուղղված այն հարցումներին՝ այս ճանապարհներով արդյոք հնարավո՞ր է հասնել դրված նպատակին՝ այսինքն Փաշինյանի հեռացմանը, թե՝ ոչ, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հանրային լայն, ժողովրդական ճնշման տակ իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհը սա է։ Այլ հեծանիվ հորինելու կարիք չունենք. երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։ Մենք այդ փուլում ենք, և օրեցօր դա ապացուցելու ենք։ Այս պայքարը մեկ օրվա, մեկ մարդու, մեկ կուսակցության շարժում չէ։ Սա հայ արժանապատիվ մարդու պայքար է»։
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, զգուշացրեց՝ հերթով գնալու են բոլորի հետևից․ «Իշխանությունն այլևս որևէ հենարան չունի, միակ հենարանը ոստիկանական բիրտ ուժն է, որը տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով փորձում է ապօրինի ձերբակալել և կալանքի տանել մեր պայքարի ընկերներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ