Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով:
Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, 63 տարի հողաշեն վթարայինում ապրած Գագիկն ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը: Կենցաղավարության տարրական պայմանների բացակայությունն այլևս խնդիր չէ բազմանդամ ընտանիքի համար: Նոր տունը քարաշեն է՝ կոմունալ բոլոր հարմարություններով:
«Մեր պապական տանն ապրում էինք տասը հոգով. ես, կինս ու մեր երկու որդիներն իրենց ընտանիքներով: Հողաշեն տունը վթարայնության չորրորդ աստիճանի է: Տասը տարի առաջ, կիսակառույցի շինարարություն ձեռնարկեցինք, որի ձգձգվող ընթացքը հուշում էր, որ գուցե ևս տասը տարի պիտի պահանջվեր՝ այն ավարտին հասցնելու համար: Բնակարանաշինության ծրագիրն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը: Ավագ որդուս ընտանիքն արդեն տեղափոխվել է բարեկարգ բնակարան, իմ հոգսն էլ կիսվել է: Հույս ունեմ, որ շուտով մյուս որդուս համար էլ կկարողանանք տան խնդիրը լուծել», -ասել է ընտանիքի պապը՝ Գագիկը:
Կարդացեք նաև
Արդեն տասը տարի, Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրն իրականացվում է անկախ մարտահրավերներից ու հանգամանքներից: Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները, տեսազանգի և շրջայցերի միջոցով, պարբերաբար ծանոթանում են աշխատանքների ընթացքին:
«Արդեն տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը: Եթե ուզում ենք երկիր շենացնել` պիտի համախմբվենք և ջանասիրաբար աշխատենք: Մեր գործընկերների հետ ձգտում ենք լինել հետևողական՝ արդյունքի հասնելու համար: Հաճախ էլ, տարբեր իրավիճակներում, անհրաժեշտ է լինում դրսևորել ճկունություն՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Մենք ոգևորվում ենք, երբ տեսնում ենք, թե որքան ամուր է մեր հայրենակիցների՝ գյուղում ապրելու վճռականությունը: Յուրաքանչյուր ընտանիքի՝ ոտքի կանգնելու փաստը կարևոր ձեռքբերում է: Դա է ծրագրի հաջողության ամենակարևոր ցուցանիշը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սուքիասյանները 2021 թվականի՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում աջակցություն ստացած 87 ընտանիքներից մեկն է:
«Բնակարանաշինության ծրագիրը միտված է օգնելու բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն տան կարիք: Տվյալ դեպքում՝ մասնակիորեն կարողացել ենք լուծել այս բազմանդամ ընտանիքի խնդիրը: Հույս ունենք՝ մոտ ապագայում կկարողանանք աջակցել նաև ընտանիքի մյուս կեսին և ավելի քան հարյուրամյա կենսագրություն ունեցող վթարային տունը կավարտի իր ոդիսականը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ ՀՀ դրամի ներդրում:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000 թ.- ի հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
***
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին: