Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրահարված եմ Գյումրիին»․ Ընտանիքի միջազգային օր ու Եվրոպայի տոն նշող Եվրամիության դեսպանի խոստովանությունը

Մայիս 13,2022 20:30

Այսօր Գյումրիում էր  Հայաստանում Եվրամիության դեսպան  Անդրեա Վիկտորինը, որը մասնակցեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին:

Դեսպանն ասաց, որ բացի Ընտանիքի տոնից, նաև Եվրոպայի օրը պիտի նշվի հենց Գյումրիում։

«Ինչո՞ւ հենց Գյումրիում, այստեղ գաղտնիք չկա, բավական երկարատև հարաբերություններ ենք ունեցել  և ես ինքս սիրահարված եմ Գյումրիին և Շիրակի մարզին։ Այն խորհրդանշում է Եվրամիության և Հայաստանի միջև եղած  երկարատև հարաբերությունները»,- ասաց Անդրեա Վիկտորինը ։

Դեսպանն անդրադարձավ նաև Ընտանիքի միջազգային տոնին՝ նշելով, որ բոլոր երեխաները պիտի ապրեն անվտանգ միջավայրում,  կարողանան կրթվել ու ապագան ձևավորելու հնարավորություն ունենան։ Ըստ դեսպանի,  հատուկ հաստատություններից երեխաներին պիտի ընտանիք վերադարձնել, քանի որ ամենալավ կառույցը ընտանիքն է։

«Մի գաղտնիք էլ բացեմ, մեքենայի մեջ թեժ քննարկում ենք ունեցել երկու մայրերի հետ, որոնք ինձ ուղեկցում էին։ Քննարկում էինք, թե ինչպես է պետք պաշտպանել մեր աղջիկներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապագայում ընտրել իրենց ճանապարհը։ Եթե խոսում ենք ընտանիքիների մասին, առաջին հերթին պիտի խոսենք ծնողների մասին։

Ծնողների համար  շատ բարդ առաջադրանք է ուղղորդել երեխային դեպի ճիշտ ապագա, հաղորդել այն արժեքները,  որոնցով որ կցանկանանք երեխան օժտված լինի, բայց միաժամանակ տանք նրանց ազատություն, որպեսզի սխալներ անեն և այդ սխալներից սովորեն։ Եվ դառնան անկախ չափահասներ, որոնք ի վիճակի են ընտրել  իրենց ճանապարհը։

Ընտանիքը երեխայի զարգացման օրրան է, և ամենալավ կառույցը, որտեղ կարող  է այդ զարգացումը  տեղի ունենալ, ընտանիքն է, ընտանիքում աշխատում են լավագույն սոցիալական աշխատողները», -ասաց դեսպանը։

Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովին ներկայացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի արդյունքները։ Այս ծրագիրն 2019թ․-ից մեկնարկել է Հայաստանի 6 մարզերում (Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք) և կարողացել են  շուրջօրյա խնամքի հաստատություններից  506 երեխայի վերադարձնել  ընտանիք՝ գնահատելով  նրանց  սոցիալական կարիքներն ու  տնտեսապես հզորացնելով։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 1․500․000 եվրո է, Եվրամիության ներդրումը 1․350․000 եվրո է։ Ծրագիրն իրականացնում են «Վորլդ Վիժն Հայաստան»-ը՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ, «Հույսի կամուրջ»-ը և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031