Այսօր կեսօրին՝ ժամը 15․30 սահմաններում պայթյունից մահացել է Վահրամաբերդ գյուղի 56 տարեկան հովիվը։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հովիվը, որի անունը Դերենիկ է, մտել է Գյումրու 102-րդ ռազմաբազային հանձնված տարածք՝ կրակադաշտ, որտեղ վերջին մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել, սակայն ամենայն հավանականությամբ հին զորավարժանքներից մնացած պայթուցիկ է եղել։
«Իրավունք չկա այնտեղ մտնելու, երևի անասունն է մտել այնտեղ, ինքը՝ հետևից, 200 մետր հեռավորության վրա եղել են ռուս զինծառայողներ։ Սիրտս չտարավ մարմինը տեսնել, պայթյունը լսել եմ։
Այս պահին և ռուսական 102-րդ ռազմաբազային փորձագետներ են այստեղ, նաև մեր զինվորական դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները», -ասաց Կարեն Արշակյանը
Կարդացեք նաև
Հովիվը չորս երեխա ուներ։
Այդ նույն տարածքում՝ 2013 թվականի ապրիլին ականի պայթյունից զոհվել էին երկու երեխաներ ՝10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:
Դա Վահրամաբերդ գյուղի արոտավայրն էր, որը, ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 1997 թվականին ստորագրված պայմանագրի, հատկացված է ռուսական զորքերի տանկային հրաձգարանին, տեղում անփութորեն շպրտված պայթուցիկ զինամթերքից զոհվել էին երեխաները։ Արթուր Մկրտչյանը ընկերոջ հետ հաց էր տարել իր հովիվ հորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ