Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ սպորտի նախարարին

Մայիս 13,2022 17:42

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին:

Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, նախագահի օգնական Մաքսիմ Կոզինը, ՌԴ սպորտի նախարարի օգնական Անտոն Բարանովը, ՌԴ սպորտի նախարարության կրթության, գիտության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալեքսեյ Գորբունովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար Մարիա Կորոտինան:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից մինչև մշակույթ և սպորտ. «Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես շատ խորը հիմքերի վրա են դրված նաև մարզական ասպարեզում: Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր երկրում և պատրաստ ենք շարունակել ձևավորված ավանդույթները՝ խորացնելով բարիդրացիական հարաբերությունները: Վստահ ենք՝ մեր թիմերի համատեղ մարզումներն ու ուսումնամարզական հավաքները կնպաստեն երկուստեք մասնագիտական որակների բարելավմանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում անցկացվող մրցաշարերին, ապա Հայաստանը մշտապես կլինի դրանց ակտիվ մասնակիցը՝ ձգտելով գրանցել լավագույն արդյունքներ»:

ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը բարձր է գնահատել հայկական կողմի՝ ռուս մարզիկներին ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն ընձեռելու հարցում:

ՌԴ սպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանն իր մարզական կարիերայում կարևոր դերակատարություն է ունեցել, քանի որ ինքը ժամանակին զբաղվել է սեղանի թենիսով և հենց մեր երկրում է լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման:

Նշենք, որ ռուսական պատվիրակությունն այսօր այցելել է «Դինամո» մարզադահլիճ, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

««Դինամո» մարզադահլիճում բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, հիանալի հիշողություններ ունեմ: Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրին, ապա այն իսկապես հրաշալի կառույց է: Վստահ եմ, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հիանալի կընթանա»,- ասել է Օլեգ Մատիցինն ու հաջողություն մաղթել հայկական կողմին:

Վահրամ Դումանյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և անում է հնարավոր ամեն բան՝ դրա զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար: Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ մեկ շաբաթից Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ մեկ տարի անց ընդունելու ենք նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. «ՀՀ վարչապետի անմիջական հանձնարարականով մեծ տեղ է հատկացվում նաև մասսայական սպորտին: Վաղը Պարզ լճի տարածքում դպրոցականները մրցելու են թիմային խճուղավազք մարզաձևում, իսկ մայիսի 28-ին մեծահասակները Սևանա լճի տարածքում անցկացնելու են սիրողական հեծանվավազքի մրցաշարը: Այս մրցաշարերը կրում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռուս գործընկերոջը նաև պատմել է Գյումրիում կառուցվող նոր մարզաբազայի մասին, որն անվանակոչվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի պատվին:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են սպորտի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի միջոցով, սպորտային բժշկությանն ուղղված համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ մարզումային միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031