«Իշխանության գործողությունները հստակ քաղաքական ենթատեքստ ունեն, նպատակը մեկն է՝ ոստիկանական բռնաճնշումների միջոցով փորձել վախեցնել, կասեցնել «Դիմադրության» շարժումը, համազգային այս զարթոնքը»,-այսօր Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը: Նա հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հայտնել էր, որ Խաչիկ Գալստյանը հրավիրվել է քննչական որպես վկա: Խոսքը օրերս տեղի ունեցած միջադեպի մասին է, որի ժամանակ ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին և տեսախցիկին, խոչընդոտել էր լրագրողների մասնագիտական գործը: Այդ դեպքի առթիվ ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին։
Խաչիկ Գալստյանն ասաց. «Սա վերջին փրփուրներն են, որոնցից կախված է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը: Սա մարդկանց էլ ավելի է համոզում, որ իրենք ճիշտ ուղու վրա են, իրենց պայքարը ճիշտ է, հաստատակամ են եւ ոստիկանական բեսպրեդելին մի օր պետք է վերջ տրվի եւ մենք իսկապես ունենանք իրավական այն պետությունը, որի համար պայքարում ենք»:
Նրա խոսքով, իրենց շարքերն օր օրի ավելանում են նոր մարդկանցով եւ հնարավոր է, որ ժամերի ընթացքում քաղաքացիները հարյուր հազարների վերածվեն:
Կարդացեք նաև
«Այս պայքարը անձնավորված չէ, սա յուրաքանչյուրիս պայքարն է: Մեզ հարկավոր է ընդամենը 100 հազար քաղաքացի, որոնք ընդամենը 100 հա տարածք են զբաղեցնելու: 100 հա տարածք զբաղեցնող ժողովուրդը կարողանալու է ազատագրել հարյուր հազարավոր հեկտարներ: Ես վստահ եմ, որ այս պայքարը հաջողելու է: Մենք մեր պատմության ընթացքում բազմաթիվ անգամ այսպիսի փոսերում հայտնվել ենք, բայց Աստված մեզ նրա համար չի ստեղծել, որ Նիկոլի նման մեկը ազգի վերջնական շիրմաքարը դնի: Այդպես չի լինելու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ