Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային հավաքների ընթացքում հանցավոր արարքների նկատմամբ դրսևորվելու է լիարժեք անհանդուրժողականություն. դատախազություն

Մայիս 13,2022 17:08

Տևական ժամանակ մայրաքաղաք Երևանում, որոշ օրերին նաև հանրապետության առանձին մարզերում շարունակվող հավաքների, երթերի, դրանց ընթացքում իրականացվող անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրվել են դրանց մասնակից առանձին անձանց կողմից ինչպես հավաքների անցկացման ընթացքում հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ այլ, հավաքի մասնակից չհանդիսացող, որոշ դեպքերում նաև հավաքների մասնակիցների հայացքների, կոչերի և կատարվող գործողությունների նկատմամբ անհամաձայնություն ունեցող քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների գործադրման, բռնությունների սպառնալիքներ հնչեցնելու կամ այդպիսիք հրապարակայնորեն արդարացնելու, ինչպես նաև գույք վնասելու բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես արձանագրվել են քաղաքացիների խմբերի կողմից ճանապարհներ փակելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, հարվածելու, ոստիկանությանն սպասարկող, ինչպես նաև այլ քաղաքացիների ավտոմեքենաներին, ակցիաներին հարակից օբյեկտների ապակիներին դիտավորյալ հարվածներ հասցնելու և գույքային վնաս պատճառելու, հրապարակայնորեն այլընտրանքային կամ հակադրվող դիրքորոշում հայտնած անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, դրանք հրապարակայնորեն արդարացնելու, խուլիգանական արարքներ կատարելու դրսևորումներ:

Ոստիկանության ծառայողների զեկուցագրերի, քաղաքացիների ահազանգերի, ԶԼՄ-ների և համացանցային հաղորդակցային այլ ռեսուսրների մշտադիտարկման արդյունքների հիման վրա հետաքննության և նախաքննության մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 226.2-րդ,, 316-րդ, 258-րդ հոդվածների տարբեր մասերով, համակցություններով հարուցվել և քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հատկանշական են հատկապես մայիսի 8-ին Շիրակի մարզ կատարված ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի ունեցած խուլիգանության միջադեպը, երբ ավտոերթի մի խումբ մասնակիցներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:

Մեկ այլ ակնառու դեպք արձանագրվել է 2022թ. մայիսի 11-ին կազմակերպված երթի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ, երբ նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մի քանի անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել ոստիկաններին: Քրեական օրենքով արգելված նշված գործողություները կատարելու կասկածանքով վերջինս ձերբակալվել է:

Քննվող քրեական գործերով նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մի քանի անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են հարուցվել դատարան:

Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններն ուղեկցվում են փոխադարձ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ծանր վիրավորանքի, ատելության խոսույթով, որոնք ակնհայտ հանցածին երևույթներ են և մեծացնում են ներհասարակական բևեռացվածությունը, ստեղծում հանցավոր արարքների կատարմանը նպաստող մթնոլորտ և պայմաններ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ խաղաղ, օրենքով սահմանված հավաքներին մասնակցությունը իրենց սահմանադրական իրավունքն է, և պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել դրանց խաղաղ ընթացքը, մասնակիցների իրավունքները: Մայրաքաղաքում ընթացող հավաքների, ակցիաների մասնակիցների նկատմամբ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ այլ քաղաքացիների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները ՀՀ դատախազության կողմից արժանացել և արժանանալու են համարժեք իրավական գնահատականի:

Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունը նաև հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և քրեական անխուսափելի պատասխանատվության չենթարկվելու, հասարակական կարգը, համակեցության կանոնները պահպանելու համար զերծ մնալ հանցավոր գործողություններից։

Բոլոր նմանատիպ արարքների նկատմամբ դրսևորվելու է լիակատար անհանդուրժողականություն և ձեռնարկվելու են բոլոր միջոցները այդպիսիք կատարող անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական համաչափ գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031