Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հայաստանի դիվանագիտության սև օրերն ու տարիները

Մայիս 13,2022 16:25

Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հարցով բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախատեսված էր անցկացնել հիմք ընդունելով երեք հայտնի միջազգային սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, երկրների տարածքային ամբողջականություն, բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

Տարօրինակ է, որ Հայաստանի դիվանագիտությունը առաջին երկու սկզբունքներից շեշտադրում էր միայն առաջինը, մինչդեռ պարտավոր էր շեշտադրել նաև երկրորդ սկզբունքը, քանի որ դրա համար ուներ պատմական և միջազգային իրավական բոլոր հիմքերը։ Օգտվելով մեր դիվանագետների և ղեկավարների անփութությունից ու անպատասխանատվությունից՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը հարյուրից ավելի տարիների ընթացքում կրկնում է իր բազմիցս կրկնվող ստոր սուտը՝ Լեռնային Ղարաբաղը միայն իրենց պատկանելու մասին։ Այսօր նրանց գրեթե հաջողվել է հասնել XX դարի 20-ականներին հռչակված իրենց նպատակին՝ Ադրբեջանի տարածքային վերամիավորմանը Թուրքիայի հետ։ Այս նպատակին հասնելուց հետո բոլոր ճանապարհները բաց են պանթուրքիզմի դեպի Արևելք անարգել տարածման համար։ Բայց ճշմարտությունը չպետք է մեռնի։ Այս ճշմարտությունը կայանում է նրանում, որ Ղարաբաղի հայերը հանդիսանում են աբորիգեններ, այդ մասին վկայում են Ստրաբոնը, Պլուտարխը, Պտոլեմեյը և ուրիշները:

Ադրբեջանցիների նախնիներ են հանդիսանում Кара-Коюнлу («Սև ոչխարներ») և Ак-Коюнлу («Սպիտակ ոչխարներ») քոչվոր ցեղերը, որոնք հայտնվել են Անդրկովկասում XV-XVI դարերում և նրանք չեն կարող հանդիսանալ Ղարաբաղում աբորիգեններ (տես. Босворт К.Э. Мусульманские династии. Справочник по хронологии и генеалогии. Москва. Наука. 1971. стр. 221-224).

Միջին դարերում Ղարաբաղը գտնվել է Պարսկաստանի կազմում: Ըստ ռուսական ուսումնասիրության՝ «Ղարաբաղը երկիր է, որն ընկած է Արաքսի ձախ ափի և Քուռ գետի աջ ափի միջև, Մուղանի դաշտավայրից վերև, սարերում: Նրա գլխավոր բնակիչները հայեր են, որոնք ղեկավարվում են ժառանգաբար 5 իրենց Մելիքներով կամ բնիկ իշխաններով, համաձայն գավառների թվի: Յուրաքանչյուրը կարող է ցուցադրել մինչև 1 հազար զինվոր: Այդ Մելիքները ըստ Նադիր շահի սահմանած կարգի անմիջապես ենթարկվում են շահին» (Академик А. Бутков. Материалы по новой истории Кавказа. СПб., 1869) :

Արցախ-Ղարաբաղում իշխել են հետևյալ Խամսայի Մելիքությունները («խամսը» արաբերեն՝ հինգ).

  1. Գյուլիստան- տարածվում է Գանձակի (Գյանջա-Կիրովաբադ) սահմանից մինչև Թարթառ գետը (մոտավորապես Ադրբ. ԽՍՀ Խանլարի և Շահումյանի շրջանները),
  2. Ջրաբերդ – տարածվում է Թարթառ գետից մինչև Խաչեն գետը (Քարվաճար (Քելբաջար), ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային և կենտրոնական մասերը),
  3. Խաչեն – տարածվում է Խաչեն գետից մինչև Բալուջա գետը (ԼՂՀ կենտրոնական մասը),
  4. Վարանդա– տարածվում է Բալուջա գետից մինչև Դիզափայտի լեռնային գոտին (ԼՂՀ Ասկերանի, Շուշիի և Մարտունու շրջանները),
  5. Դիզակ – տարածվում է այդ սարերից մինչև Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Բերդաձորի, Կովսականի, Կորյագինո- Ֆիզուլիի շրջանները):

Գյուլուստանի Մելիքության զինանշանը (Լուսանկարը՝ Melik Hovsep of Gyulistan)

Նրանք օգտվել են լրիվ ազատությունից, վճարել են Պարսկաստանին հարկ և բանակին մատակարարել են ղարաբաղյան հայտնի ձիեր: Այդ հինգ հայկական իշխանությունները լինելով անմիջական հարևաններ կազմել են մեկ ամբողջություն և հարատևել են մինչև Ռուսական տիրապետության հաստատումը՝ 1813թ. միացումը Ռուսաստանին:

Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների, Դիզակի Մելիք-Եգանյանների տոհմածառը վկայում է Արցախի մելիքների տոհմերի մեծության մասին, որոնց ժառանգները այսօր էլ Արցախում կարևոր դեր են խաղում: Իսկ որտե՞ղ է Արցախում գտնվում թուրք-ադրբեջանցիների տոհմածառը:

Ղարաբաղը մտավ Ռուսական Կայսրության կազմ Ռուս-Պարսկական պատերազմի արդյունքում՝ 1813թ. Գյուլիստանի համաձայնագրով, որն ընդունվեց հայկական Գյուլիստան գյուղում՝ այժմ ադրբեջանցիների կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանում: Ռուսներին բազմակողմանի մեծ օգնություն են ցուցաբերել Արցախի Մելիքները (տես՝ զինվորական պատմաբան, գեներալ В.А. Потто. Кавказская война. В 5-и томах. СПБ. 1889г.; Москва, Центрполиграф. 2006г.): Ցարական Ռուսաստանի կազմում Արցախը ստացավ ազատություն ձեռներեցության և լուսավորչության բնագավառներում, Շուշին դարձավ Անդրկովկասում Թբիլիսիից հետո կուլտուրայի, մշակույթի, կրթության երկրորդ հայկական կենտրոնը: Հայերը պարտքի տակ չմնացին և ակտիվորեն մասնակցեցին բոլոր ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին, առաջադրելով հռչակավոր ու երևելի հրամանատարների մի ամբողջ համաստեղություն:

1918թ.-ի մայիսին հայտարարվեց Անդրկովկասում երեք անկախ հանրապետությունների ստեղծումը՝ Վրացական, Հայկական, Ադրբեջանական: 1918թ. հանդիսացավ առաջին անգամ աշխարհում ստեղծված Ադրբեջանի Հանրապետության տարեթիվը: Ցեղասպանություն ապրած Հայաստանը գտնվում էր թուլացած վիճակում՝ Արևմտյան Հայաստանից գաղթականներով լցված: Բաքվի, Շամախու և մասամբ Ելիզավետպոլ (Գյանջա) գուբերնիաների հիման վրա ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի դրդմամբ, իր առաջ խնդիր դրեց տերիտորիալ տեսակետից միանալ Թուրքիային: Հենց այդ ժամանակ առաջին անգամ հնչեցվեց, որ իբր «Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը՝ ադրբեջանական տարածքներ են»:

Հանրահայտ է, որ այդ տարածքները երբեք չեն գտնվել Թուրքիայի տիրապետության տակ, տեսականորեն նրանց կարող են հավակնել Ռուսաստանը և Պարսկաստանը: Այդ պատճառով Ազգերի Լիգան իր 6-ը դեկտեմբերի 1920թ. որոշումով մերժեց Ադրբեջանի խնդրանքը Ազգերի Լիգա ընդունելու վերաբերյալ՝ Վրաստանի և Հայաստանի հանդեպ տարածքային վեճ ունենալու պատճառով:

Ազգերի Լիգայի որոշումից հետո թվում էր, թե հարցը փակված է, բայց ոչ՝ թուրք-ադրբեջանական պետական մակարդակի բարձրացված սուտը սկսեց հնչեցվել ամեն հարմար պահի: Բոլշևիկյան և հետբոլշևիկյան Ռուսաստանը, որքան էլ զարմանալի է, նրանց պաշտպանեց և այսօր թուրք-ադրբեջանական տանդեմին գրեթե հաջողվել է հասնել իրենց նպատակին՝ մնացել է 45 կմ երկարության Սյունիքի տարածք նրանց տարածքային միավորման համար: Բայց նույնիսկ այդ է քիչ նորահայտ սուլթանիկ Իլհամի համար՝ Երևանը և Սևանը նույնպես ադրբեջանական են: Նա դա տարածում է զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, հատկապես ռուսական:

Հայտնի է, որ Անդրկովկասի սովետականացումն սկսվեց XI Կարմիր Բանակի օգնությամբ, արևելքից արևմուտք նրա շարժման ուղղությամբ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): 1920թ. ապրիլի 26-ին նա հատեց Ադրբեջանի հյուսիսային սահմանը: Անմիջապես հետևեց Աթաթուրքի հրամանը Բաքվում գտնվող Թուրքիայի Արևելյան բանակի հրամանատար Կարաբեքիրին՝ չխոչընդոտել XI Կարմիր Բանակի առաջխաղացումը: Ապրիլի 28-ին հռչակվեց Ադրբեջանի սովետականացումը: Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը անմիջապես սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել «բուրժուական» Հայաստանին՝ պահանջելով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը: Նորից հնչեցվեց թուրքական ծրագիրը – օգտվելով ստեղծված բարենպաստ իրավիճակից տարածքայնորեն միավորել Ադրբեջանը Թուրքիային քանի դեռ Հայաստանում սովետական կարգեր չեն հաստատված:

Դրա նախօրյակին 1920 թ. մարտին Շուշի ներխուժած Խալիլ և Նուրի-փաշաների զորքը անգլիական օկուպացիոն ուժերի թողտվությամբ, որոնց հրամանատարն էր գեներալ Թոմսոնը (անգլիացիները, ինչպես միշտ, համապատասխան պահին ներկա են), կրակի մատնեցին 30 հազարանոց քաղաքի՝ 90% հայ բնակչությամբ, հայկական բոլոր թաղամասերը: Սպանվեցին շուրջ 8000 հայեր, մյուսներին՝ կորցնելով ամեն ինչ, հաջողվեց հեռանալ կրակի մեջ բոցկլտող քաղաքից: Թուրք-աբրբեջանական անպատիժ մնացած հանցագործ տանդեմի անամոթ հետնորդներն այսօր հորջորջում են ԼՂՀ պարծանք Շուշին իրենցը համարելը:

ՌՍՖՍՌ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը անմիջապես պարզաբանեց ստեղծված իրավիճակը և չգնաց սովետականացված Ադրբեջանի ղեկավարության պահանջների բավարարմանը: Նա գտնում էր՝ «Ղարաբաղը բնիկ հայկական տարածք է», իսկ Վ. Լենինին ուղղված 29 հունիսի 1920թ. նամակում նշում է՝ «և խոսք լինել չի կարող ադրբեջանական ասկերներին հայերի դեմ ուղարկելուն՝ հայերից առգրավելու այն մարզերը, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ունի հավակնություններ», «խլել Հայաստանից ինչ-որ մասեր և մեր ձեռքերով հանձնել դրանք Ադրբեջանին՝ դա կնշանակեր Արևելքում մեր քաղաքականությանը հաղորդել կեղծ երանգ: Դա կխարխլի մեր քաղաքականության մասին պատկերացումը՝ որպես մաքուր անշահախնդիր և օբյեկտիվ»:

Գ. Չիչերինին հաջողվեց չբավարարել Սովետական Ադրբեջանի նկրտումները ընդհուպ մինչև Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում (29 նոյեմբեր 1920թ.): XI Կարմիր Բանակի հրամանատարությունը ևս հրաժարվեց բավարարել Սովետական Ադրբեջանի պահանջները, իսկ Զանգեզուրը կարողացան պաշտպանել հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այսպիսով Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային միացման ծրագրի իրականացումը XX դարի քսանական թվականներին տապալվեց:

Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա, առանց նույնիսկ մեկ կրակոցի Ադրբեջանին տրամադրեց ՌԿՊ(բ) Կովկասյան բյուրոն իր 1921թ. հուլիսի 5-ի որոշումով, երբ նույն բյուրոն մեկ օր առաջվա որոշումով (4 հուլիսի) Լեռնային Ղարաբաղը համարեց Հայաստանի անբաժան մաս: Չարագործ դեր խաղաց այն ժամանակ ազգային հարցերի գծով կոմիսար Ի. Ստալինը:

1921 թվականի հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար գումարվեց ՌԿՊ (բ) Կենտկոմի Կովբյուրոյի պլենում, որտեղ Ստալինի ներկայությամբ ձայների մեծամասնությամբ որոշվեց Լեռնային Ղարաբաղը ներառել Խորհրդային Հայաստանի կազմում (այդ որոշմանը կողմ են քվեարկել՝ Գ. Օրջոնիկիձեն, Ս. Կիրովը, Ալ. Մյասնիկյանը, Յու. Ֆիգանտները)։ Սակայն Ադրբեջանի հեղկոմի նախագահ՝ Ն.Նարիմանովը բողոքեց և պահանջեց որպեսզի հարցի վերջնական որոշումը փոխանցվի ՌԿՊ (բ) Կենտկոմին։ Կովբյուրոն այդպես էլ որոշեց։ Բայց Կովբյուրոյի որոշումը չիրականացվեց, և հաջորդ օրը գումարվեց Կովբյուրոյի նոր նիստ, որն առանց քննարկման և քվեարկության՝ Ի.Ստալինի ճնշման տակ, վերանայեց նախկին որոշումը։ ՀԿԿ Կենտկոմը Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ, 1921 թվականի հուլիսի 16-ի նիստում որոշում կայացրեց Կովբյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշման հետ իր անհամաձայնության մասին։

Հետագայում Արցախի հայերի համար առավել ահավոր գտնվեց Կովբյուրոյի որոշման բ) կետը՝ «հանձնարարել Ադրբեջանի կենտկոմին որոշել Ինքնավար Մարզի սահմանները և ներկայացնել Կովբյուրոյի հաստատման»:

Փոխանակ նոր ձևավորվող մարզի մեջ մտցնելու Ղարաբաղի այն տարածքները, որոնք կային Ռուսաստանի հետ Ղարաբաղի միացման պահին (1813թ.), կամ կազմեին խառը հանձնաժողով բաղկացած ռուսներից, ադրբեջանցիներից և հայերից, որը կորոշեր մարզի ծավալը և սահմանները, այդ հարցերի լուծումը վերապահեցին Ադրբեջանի Կենտկոմին: Օգտվելով բ) կետից, առանց համաձայնեցնելու Կովբյուրոյի հետ, որը պահանջվում էր, ադրբեջանական իշխանությունները, հեռահար նպատակով, կտրեցին Լեռնային Ղարաբաղից և ինքնավար մարզի մեջ չմտցրին Շամխորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները 97-98% հայ բնակչությամբ հյուսիս-արևմուտքում, Քելբաջարի և Լաչինի շրջանները արևմուտքում և Մայր Արաքսի երկայնքով ամբողջ հարավային շրջանները, որոնք կազմում էին Դիզակի Մելիքությունը: Այս ամենը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի առաջին լուրջ տրոհումը: Արդյունքում 1923թ. կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ)- հետագայում վերանվանվեց ԼՂԻՄ, դարձավ լիովին իզոլացված Հայաստանից և բոլոր կողմերով շրջափակված միայն Ադրբեջանով:

Լեռնային ղարաբաղը ԽՍՀՄ 1928թ. քարտեզում

Այդ թույլատրեց Ադրբեջանին ժամանակի ընթացքում արտագաղթի հասցնել բոլոր այն հայկական բնակավայրերը, որոնք դուրս էին թողնվել ԼՂԻՄ-ից և Արաքս գետի երկայնքով հնարավորինս մոտենալ Թուրքիային: Այսօր դժվար է պատկերացնել Հայաստանի և ԼՂՀ ապագան առանց Քելբաջարի(Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջանների: Այդ արհեստականորեն ստեղծված սեպը (այսպես կոչված Կարմիր Քուրդստան) Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև, հանդիսանալու է լարվածության մշտական աղբյուր, մասնավորապես նաև ռուսական խաղաղապահ ուժերի համար, քանզի բազմակի չափով մեծացել է սահմանը, որն անհրաժեշտ է պաշտպանել:

Ցավոք, 1994թ. հետո Ադրբեջանը շարունակեց նվաճողական քաղաքականությունը և անցած ժամանակահատվածը օգտագործեց իր բանակի մոդեռնացման, նոր հարձակողական զենքերի մեծ քանակի ձեռքբերման համար, արհամարհելով հայերի իրավունքը ապրելու իրենց հազարամյա տարածքների վրա, որոնք ողողված են հրաշակերտ ամրոցներով, քրիստոնեական կառույցներով, որոնց քարակերտ պատերին հայերենով փորագրված է երկրամասի փառավոր պատմությունը: Այդ տարածքներին հավակնող ադրբեջանցիները կարող են հակադրել գեթ մի արժեքավոր կառույց, թեկուզ ուշ շրջանի:

Մեր կարծիքով այս ամենին նպաստել է մեր դիվանագետների, ինֆորմացիայի միջոցների անատամ և ոչ ադեկվատ կեցվածքը, Արցախյան հիմնախնդրի ոչ պատշաճ ներկայացումը համաշխարհային անալիտիկ կենտրոններին և տեղեկատվություն տարածող միջոցներին, Հանրապետության, նրա բանակի, անվտանգության մարմինների ղեկավար անձնակազմերի ցածր մակարդակի պրոֆեսիոնալիզմը, հատկապես վերջին տարիների:

Հրավիրում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների ուշադրությունը ռուս հայտնի հրապարակախոս և բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարծիքի վրա. «Ամեն երկրի, ամեն ազգի մոտ առկա են իր բաղձալի պատվարները: Երբ պատմությունը դասավորվում է երջանիկ, նա դառնում է կրթվածության և քաղաքական կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, նա դառնում է ազգային կյանքի հենարան, հույսերի կղզի, վերածննդի երաշխիք: Հենց վերջին դերն է խաղացել ու խաղում է հայ ժողովրդի համար Ղարաբաղ լեռնային երկրամասը:

Լինելով միասնական էթնիկ, տնտեսական և լեզվական տեսանկյունից, Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը: Այդպիսին է նա եղել անցյալում, այդպիսին է այժմ, այդպիսին կլինի նա միշտ, քանզի Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը անհնար է պաշտպանել չտիրանալով Ղարաբաղին»: (Սերգեյ Գորոդեցկի, «Кавказское слово», 23.III.1919թ.)

Լինե՛նք արժանի մեր նախնիներին:

Լենսեր Աբգարի Աղալովյան

ԳԱԱ ակադեմիկոս,

Ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հ.Գ. Այս օրերին անցկացվող՝ դեմարկացիա և դելիմիտացիա բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ ապացույց են այն ահավոր իրավիճակի, որում սխալ քաղաքականության հետևանքով հայտնվել է Հայաստանը: Բանակցությունները պետք է կասեցվեն, մինչև բուն ճշմարտության վերականգնումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031