Ռուսաստանն «այսօր ամենաուղիղ սպառնալիքն է աշխարհակարգին»,- մայիսի 12-ին Տոկիոյում կայացած ԵՄ-Ճապոնիա գագաթնաժողովից հետո ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ վկայակոչելով «Ուկրաինայի դեմ բարբարոսական պատերազմը, ինչպես նաև Չինաստանի հետ մտահոգիչ պայմանագիրն ու «նոր» միջազգային հարաբերությունների մասին նրանց խիստ կամայական կոչը»։
Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան և դրա հետևանքները ԵՄ-Ճապոնիա գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկն էր, որին ֆոն դեր Լեյենի հետ մեկտեղ մասնակցում էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Ինչպես Եվրոպական միությունը, Ճապոնիան նույնպես հասկանում է, թե ինչն է վտանգված»,- ասել է ֆոն դեր Լեյենը՝ հավելելով. «Ոչ միայն Ուկրաինայի ապագան։ Ոչ միայն Եվրոպայի ապագան։ Նաև՝ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ապագան»:
Համատեղ հայտարարության մեջ ԵՄ-ն և Ճապոնիան խստորեն դատապարտել են Ռուսաստանի ագրեսիան, «որը մեծ մարդկային կորուստներ և տառապանքներ է պատճառում խաղաղ բնակչությանը»՝ շեշտելով, որ «Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և վայրագությունների համար պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության ու կկանգնեն արդարադատության առաջ»:
Կարդացեք նաև
Երկու կողմերն էլ պարտավորվեցին աշխատել միասին՝ մեղմելու ագրեսիայի հետևանքով առաջացած բացասական գլոբալ ազդեցությունները, կանխելու պատժամիջոցների շրջանցումը և շարունակելու համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական և մարդասիրական աջակցությունը Ուկրաինային։
Նրանք նաև դատապարտեցին Բելառուսում Լուկաշենկոյի վարչակարգի դերը Ռուսաստանի ռազմական ագրեսիան դյուրացնելու գործում։
Միշելը և ֆոն դեր Լեյենը երախտագիտություն հայտնեցին Ճապոնիային այս տարվա սկզբին ԵՄ շուկաներ բնական հեղուկ գազի բավարար և մատչելի մատակարարումների ապահովման համար:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լույսի ներքո մենք կհամագործակցենք համաշխարհային էներգետիկ շուկաների կայունության պահպանման և միմյանց մատակարարումների, մասնավորապես՝ բնական հեղուկ գազի մատակարարման անվտանգության ապահովման ուղղությամբ»,- ասվում է գագաթնաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ «Մենք կհամագործակցենք Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու և էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացում ապահովելու, ինչպես նաև դրան հասնելու համար ներդրումների անհրաժեշտության գիտակցումն ապահովելու ուղղությամբ»:
ԵՄ-ն և Ճապոնիան նաև հայտարարել են, որ կամրապնդեն համագործակցությունը մարդասիրական օգնության և աղետների ռիսկի նվազեցման, արձագանքման և վերականգնման հարցերում:
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ցույց տվեց, որ համագործակցության խորացումը ոչ թե շքեղություն, այլ կենսական անհրաժեշտություն է»,- ասել է Շառլ Միշելը գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
EU NEIGHBOURS east