Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ անձի համար ռիսկ չեմ տեսնում, նման վախերով չեմ տառապում»․ Պաշտպանը հանրահավաքի վայր չայցելելու մասին

Մայիս 13,2022 14:55

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վարքագծին, ասաց՝ ՄԻՊ-ն արձանագրել է ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի եւ բռնության դեպքերը եւ համապատասխան պարզաբանումներ եւ հաղորդումներ են ուղարկվել իրավապահներին։

Անդրադառնալով ցույցերին մասնակցող ակտիվիստներին բերման ենթարկելու դեպքերին, Գրիգորյանն ասաց․«Իրավապահներից ստացած պատասխաններով՝ ներկայացվել են կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ, կասկածներ, որոնց շրջանակներում անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել են։ Մենք շարունակելու ենք հետեւել այս գործընթացներին, եթե որեւէ մեկը, որը կոնկրետ առերեւույթ հանցագործության, արարքի հետ կապ չունեցող կամ քաղաքական հայացքներով բերման ենթարկվի, մենք չենք հապաղելու, հետեւություն ենք անելու»։

Ինչ վերաբերում է դաշնակցական երիտասարդների կալանավորման դեպքերին, եւ Գերասիմ Վարդանյանի կալանավորմանը, որը ցույցերի հետ կապ չունի, պաշտպանն ասաց, որ ՄԻՊ-ը իրավապահ մարմնից պարզաբանում է պահանջել, սակայն չեն շտապում արագ հետեւություն անել․ «Ռիսկային է արագ հետեւություն անելը, պետք է ստանալ հստակ պարզաբանում՝ ի՞նչն է հանդիսացել հիմքը, որ հենց հիմա է տվյալ անձի նկատմամբ կալանք կիրառվում այսքան երկար քննված գործի վերաբերյալ»։

Հարցին՝ ինչո՞ւ պաշտպանը չի այցելել ընդդիմության ցույցերի առաջին օրերին հացադուլ հայտարարած երիտասարդներին կամ ցույցերի ու հանրահավաքի վայր, արդյոք վտա՞նգ է տեսնում, Գրիգորյանը պատասխանեց․ «Իմ անձի համար ռիսկ չեմ տեսնում, նման վախերով չեմ տառապում։ Ինչ վերաբերում է հավաքի վայր այցելելուն, ապա, ըստ անհրաժեշտության, ես կորոշեմ՝ ինչպիսի իրավիճակում կմասնակցեմ, օրինակ՝ եթե իմ մասնակցությունը կարող է ունենալ վճռորոշ եւ հանդարտեցնող դեր։ Նախկինում էլ ՄԻՊ-ի մոտեցումներն են եղել, որ հավաքների ընթացքում պաշտպանի մասնակցությունը կարող է սխալ տպավորություն ստեղծել հավաքի մասնակցության վերաբերյալ»։

Լրագրողի հարցին՝ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ՀՀ-ում անցկացվող ցույցերին անդրադառնալով, կոչ է արել իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ ճանապարհով, զերծ մնալ բռնություններից, արդյոք կա՞ բռնություն ցույցի մասնակիցների կողմից, պաշտպանը պատասխանեց․ «Մեր մեդիամոնիթորինգով բացահայտվել է, որ ցավոք, եղել են դեպքեր, երբ ցույցի մասնակիցների կողմից եղել են դեպքեր, երբ անձանց բռնության են ենթարկել, որոնք ցույցի մասնակից չեն, կամ տարբերվող հայացքներ ունեն՝ Արմեն Մարտիրոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Գյումրիում տարեց քաղաքացու դեպքը»։

Պաշտպանն ասաց, որ ցույցի կազմակերպիչներին կոչ է արել մասնակիցներին հորդորել, որ բռնությունն անընդունելի է, դատապարտեն․ «Բայց կա ատելության խոսք, բեւեռացված խոսքեր սոցիալական հարթակներում, մամուլում, ու լրատվականները ռեսուրսներ չեն տրամադրում, որպեսզի ատելության խոսքով մեկնաբանությունները հեռացվեն։ Մեր ուսումնասիրություններով օրինակներ ունենք, որ հրապարակվել է հայհոյանք եւ ատելության խոսք, որոնք չեն հեռացվել։ Սա վտանգավոր ֆենոմեն է, եւ տեսնում ենք՝ որքան այս ամպլիտուդը բարձրանում էր, այնքան բռնության դեպքերն ավելի իրական եւ նյութական էին դառնում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031