Ինչպես հայտնել էինք, «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր ՀՀ-ի եւ Արցախի դրոշներով, «դասադուլ» կոչերով ԵՊՀ մասնաշենքերում էին եւ ուսանողներին կոչ էին անում դուրս գալ փողոց։ ԵՊՀ մասնաշենքերից միայն կենտրոնականում նրանց մոտեցան անվտանգության աշխատակիցները եւ ուղեկցեցին իրազեկման գործողությունները։
Ցուցարարները բարձրացան ռեկտորատ, ասացին, որ ցանկանում են ռեկտորին տեսնել։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր է, տեսնել այդպես էլ չհաջողվեց։ Անվտանգության աշխատակիցները ցուցարարներին նախ հորդորեցին սպասել, կճշտեն՝ կթույլատրեն մոտենալ։
«Չկարողացանք ռեկտորի աշխատասենյակը տեսնել, որովհետեւ ասացին՝ բանալիով փակած է, բանալի չկա։ Հիմա տեսել է, որ գալիս ենք, ներսից փակել է, թե ուրիշ տեղ է գնացել, չգիտենք»,-սպասելուց հետո հայտարարեց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։
«Արդեն երկրորդ անգամ ենք գալիս, որ իրեն հարց տանք, բայց մի տեսակ խուսափում է։ Անցած անգամ ես չկար։ Մեր ուսանողներից երկուսն էին եկել հանդիպելու, բայց ինքն անգամ իր ուսանողներին խուսափեց տեսնել։ Արձանագրենք, որ ԵՊՀ ռեկտորը խուսափում է ուսանողների հետ հանդիպել։ Երեւի ինչ-որ մտավախություն, թաքցնելու բան ունի։ Ինչ-որ հարցից խուսափելու առիթ ունի։ Սա ռեկտորին վայել պահվածք չի»,-հավելեց նա։
Կարդացեք նաև
Ապա իրազեկումը շարունակվեց նաեւ բժշկական համալսարանում, որի ռեկտոր Արմեն Մուրադյանին տեսնել եւս չհաջողվեց։ Այնուհետեւ երիտասարդները կարճ ժամանակով փակեցին Աբովյան փողոցը։ Կարմիր բերետավորները նրանց բերման ենթարկեցին ուժ կիրառելով, քաշքշելով։
Հատկանշական է, որ փորձում էին բերման ենթարկել անչափահասի, որին նախորդ անգամ օրենքի խախտմամբ արդեն բերման էին ենթարկել։ Այս անգամ տղային չտարան․ ոստիկաններից մեկը նրան հեռացնում էր երթեւեկելի հատվածից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ