Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք ուզում չէ՞ վաղը մյուս օրը դիվանագիտական գիտելիքը Թուրքիային ծառայեցնել»․ ցուցարարը՝ ուսանողին

Մայիս 13,2022 13:08

«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր ՀՀ-ի եւ Արցախի դրոշներով, «դասադուլ» կոչերով ԵՊՀ մասնաշենքերում էին։ «Ուսանողներ, դուրս եկեք»,-կոչ էին անում նրանք՝ շրջելով, կարելի է ասել, կիսադատարկ միջանցքներում ու լսարաններում։ «Սա ո՞րն է, միջազգայի՞նը։ Սովորում եք, որ լավ մասնագետներ դառնաք, չէ՞, բայց վստահ եմ, որ վաղը մյուս օրը չեք ուզում դիվանագիտական գիտելիքները Թուրքիայի շահերին ծառայեցնեք»,-մտնելով լսարաններից մեկը՝ ուսանողներին ասաց նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։

«Գիտելիքները ՀՀ շահի համար են, չէ՞, միանշանակ։ Հիմա որ չպայքարենք, վաղը չեք կարողանալու ձեր գիտելիքները ՀՀ շահի համար ծառայեցնել։ Վստահեցնում եմ»,-ասաց նա։

Լսարանում նստած տղաներից մեկը կարծես անհամաձայնություն էր հայտնում, որ դասապրոցեսը խափանվում է։ Հովհաննես Հարությունյանը, դիմելով նրան, նշեց․ «Ես ուսխորհրդի նախագահ եմ եղել եւ միշտ ասել եմ, որ ուսանողները պետք է նստեն դասի, որովհետեւ վարձը վճարելն ու դասի չնստելը մեծագույն հիմարություն է։ Բայց այսօր իրավիճակն այլ է։ Եթե այսօր նստենք դասի, վաղը մեր ստացած գիտելիքը չենք կարողանալու ծառայեցնել երկրին։ Հավատացեք՝ վիճակն այդ է։ Երբ երկրի ղեկավարն ասում է, որ Արցախը եւ Նոյեմբերյանի յոթ գյուղերը պետք է հանձնենք, որ Գորիս-Կապան ճանապարհը մերը չի, հասկացեք, թե վաղը մյուս օրը ինչ կասի»։

Հարությունյանը հավելեց․ «Հիշում եք, չէ՞, որ 2018թ․-ի շարժիչ ուժն ուսանողներն էին, եթե ուսանողությունը ոտքի չկանգներ, այդ ամենը չէր լինի։ Հիմա հասկանում եմ, որ ուսանողների մեջ կոտրվածություն եւ թերահավատություն կա գործընթացի հանդեպ, բայց վստահեցնում եմ, որ եթե ոտքի կանգնեք՝ փոխելու ենք երկիրը»։ Ապա իրազեկման գործողությունները շարունակվեցին այլ մասնաշենքերում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031