Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձաքննությամբ հաստատվել է, որ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորը գերազանցել է արագությունը

Մայիս 13,2022 12:50

Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը չի կալանավորվի:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան մերժեց Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ Երեւան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը:

Րաֆֆի Ասլանյան

«Ինձ համար կանխատեսելի էր դատարանի նման վարքագիծը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմիջապես անձը չէր տարվել կալանավորման ու հետագայում դատախազության ցուցումի հիման վրա էր մեղադրանքը լրացվել: Մեղադրանքում ներառվել էր դեպքի վայրը լքելու դրվագը: Դրա արդյունքում էր տարվել կալանքի: Իհարկե, այդ 15 օրյա ժամկետն իր ազդեցությունն ունեցել է դատարանի որոշման վրա»,- Aravot.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով, տուժող կողմը ի սկզբանե պնդել է, որ փախուստի հանցակազմը հիմնավոր է. «Նույնիսկ քրեական գործերի նյութերին ծանոթանալու կարիք չկա: Ակնհայտ է, որ անձը դեպքի վայրից հեռացել է… Ճանապարհային եւ երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքը 24-րդ հոդվածով հստակ ամրագրում է, որ բացի շտապ օգնություն կանչելուց ու օգնություն ցուցաբերելուց՝ նաեւ ծայրահեղ դեպքերում վարորդն ինքն անձամբ պետք է մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկված անձին տեղափոխի հիվանդանոց: Այս դեպքից ավելի ծայրահեղ դեպք դժվար է պատկերացնել»:

Մեր հարցին, թե մահը վրա է հասել դեպքի վայրո՞ւմ, փաստաբանը պատասխանեց. «Նման պնդումներ այս պահին հնարավոր չէ անել, բայց հիվանդանոց տեղափոխվելու պահին, մեր ունեցած տեղեկություններով, դեռ մահացած չի եղել: Քննության առարկա պետք է դառնա արդյոք ժամանակին տեղափոխելու դեպքում հնարավո՞ր էր կյանքը փրկել, թե՞ ոչ»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ համապատասխան փորձաքննությամբ հաստատվել է, որ շարասյան ղեկավարը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը, գերազանցել է արագությունը: Բացի այդ նշված վայրում, ըստ փաստաբանի, ռելիեֆի խնդիր էլ կա, այդ ռելիեֆը դեպի վերեւ է բարձրանում, կորանում է: Դա նշանակում է, որ նույնիսկ 100 արագությունը նման դեպքերում թույլատրելի չէ: Ըստ փաստաբանի, սակայն գերազանցվել է նույնիսկ 100 արագությունը:

Անդրադառնալով մեղադրյալի պաշտպանի պնդումներին, թե տեսանյութով հաստատվում է, որ կարգավորողը աղջկան ցուցում է տալիս կանգնել, սակայն աղջիկը բարձրացնում է ձեռքը կարգավորողի ուղղությամբ ու շարունակում անցնել փողոցը՝ Րաֆֆի Ասլանյանը շարունակեց. «Նման տեսանյութ գոյություն չունի, պաշտպանը յուրովի է մեկնաբանում: Կա մի տեսանյութ, որտեղ ընդամենը անելանելի վիճակում գտնվելով՝ ձեռքը բարձրացնում է, որ ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեցնի: Իրեն թվում է, թե ձեռքը բարձրացնելով ՝ հնարավոր է իրեն հեռվում տեսնեն: Խաչմերուկը կարգավորող ոստիկանի հետ որեւէ շփում չի եղել: Բացի այդ՝ հատուկ նշանակության ավտոմեքենաների ուղեկցման կարգը սահմանող կառավարության որոշմամբ՝ հստակ ամրագրվում է՝ եթե խաչմերուկներում ուղեկցման ժամանակ կան ոստիկաններ, ապա ոստիկանները պետք է գործեն բացառապես կանաչ լույսի ժամանակ: Իսկ մեր դեպքում լույսը կարմիր է, ճանապարհային ոստիկանության մեքենան խաչմերուկ է մտնում կարմիր լույսի տակ: Այսինքն, հետիոտնը իր կանաչով քայլում է, իսկ ճանապարհային ոստիկանության մեքենան մտնում է կարմիր լուսացույցի պայմաններում: Հետեւաբար՝ ուղեկցող ճանապարհային ոստիկանության մեքենան պարտավոր է կանգնել»:

Ինչո՞ւ է Սոնա Մնացականյանը ճանապարհի կեսից հետքայլ անում, եթե չաներ չէ՞ր խուսափի վրաերթից. այս հարցին փաստաբանն այսպես արձագանքեց․ «Հետքայլն էական նշանակություն ունի բացառությամբ այն դեպքերի, երբ անձն արգելված վայրով է հատում փողոցը: Ինչ վերաբերում է հետիոտնի համար նախատեսված անցումի վրա հետքայլ կատարելուն՝ այստեղ որեւէ խախտման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մեքենան պարտավոր է կանգնել այնքան, մինչեւ հետիոտնը ամբողջությամբ կհատի տվյալ անցումը: Իսկ եթե մեքենան մեծ արագությամբ գալիս է մարդու վրա, տվյալ մարդն ինչպե՞ս կարող է կողմնորոշվել՝ դեպի ուր գնալ, չի կարող հասկանալ, թե մեքենան ինչ ուղղությամբ կգնա: Եթե անձը վտանգ է զգում, դժվար է կանխատեսել, թե մարդն ինչ կարող է անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031