Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նախկինների և ներկաների մոտեցումները նույնն են նաև նրանց միջև իբրև թե ջրբաժանի վերածված Արցախի կարգավիճակի հարցում. ԱԺԲ

Մայիս 13,2022 12:46

Ազգային-ժողովրդավարական բևեռը բազմիցս բացահայտել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը և նախկին վարչակազմերի ներկայացուցիչները Մոսկվայի թույլատրած սահմանների մեջ միմյանց դեմ ընդամենը պայքարում են հանուն իշխանական կերակրատաշտի, իսկ Մոսկվան այդ պայքարն օգտագործում է իր համար կարևոր խնդիրներ լուծելու համար:

Նախկիններին և ներկաներին միավորում է այն հանգամանքը, որ նրանք առաջնորդվում են չեկիստական համակարգի ծնունդ «Խորհրդային Հայաստանի իրավաքաղաքական հայեցակարգ»-ով և դրանից բխող ռազմավարությամբ:

Նրանց հավատո հանգանակը դարձած այս հակահայ հայեցակարգի հիմքն այն անհեթեթ ու ապօրինի պնդումն է, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է: Մինչդեռ Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ պետություն չէր: Այն ընդամենը ԽՍՀՄ վարչատարածքային միավոր էր և այդ պատճառով չէր կարող լինել Հայաստանի Հանրապետության իրավանախորդ: Իրականում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է միջազգայնորեն ճանաչված 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության:

Ըստ նախկինների ու ներկաների որդեգրած «Խորհրդային Հայաստանի իրավաքաղաքական հայեցակարգ»-ի՝ լեգիտիմ և անփոփոխելի են.
1.Ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի միջոցով 1920-21թթ․ Հայաստանի Հանրապետության զավթումը, մասնատումն ու բռնակցումը, ուստի նաև՝ այդ ամենն ամրագրած Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերը և դրանցով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, ինչպես նաև այդ պայմանագրերի տրամաբանությանը համապատասխան ընդունված՝ Բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմամբ Արցախը Խորհրդային Ադրբեջանին հանձնելը։

2.1988-94 թթ. ազգային-ազատագրական պայքարով Արցախի փաստացի ազատագրման հետևանքով մասամբ խախտված ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետության նորովի վերականգնումը, որը տեղի ունեցավ 2020 թ. Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա ռուս-թուրք-ադրբեջանական պատերազմով և արձանագրվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ինչպես նաև դրանից բխող բոլոր հետագա հայտարարություններով ու գործողություններով:

3.Անդամակցությունը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին, որոնց առաքելությունը Ռուսական կայսրության վերականգնումն է:

Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ նախկինների և ներկաների մոտեցումները ըստ էության նույնն են նաև նրանց միջև իբրև թե ջրբաժանի վերածված Արցախի կարգավիճակի հարցում:

Այս հարցում նրանց բեմադրած կեղծ երկվությունը Մոսկվայի ձեռքին մի յուրօրինակ մկրատ է, որով նա կարողանում է ըստ իր ցանկության կտրատել և թուրք-ադրբեջանական տանդեմին վաճառել ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն ու կենսական շահերը:

Զուգահեռաբար, այս բեմադրված պայքարով Մոսկվան փորձում է արժեզրկել ու խափանել հանուն ապագաղութացման մղվող իրական ազգային-ազատագրական պայքարը և թույլ չտալ, որ ժողովուրդը համախմբվի ազգային ուժի շուրջ ու կարողանա իսկապես փրկել Արցախն ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը:

Ազգային-ժողովրդավարական բևեռը հետևում է արտաքին ու ներքին զարգացումներին և առաջիկա հարմար պահին կհայտարարի հետագա անհրաժեշտ քայլերի մասին:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031