Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ խոսքն է հեղինակավոր

Մայիս 13,2022 10:00

Մի անգամ արդեն հիշեցրել եմ հին հռոմեական սկզբունքը՝ Cum potestas in populo auctoritas in senatu sit, այսինքն՝ ուժը ժողովրդի մեջ է, հեղինակությունը՝ սենատի, որտեղ սենատը օրենսդիր մարմին չէ՝ դա բարոյական եւ ռազմական հեղինակություն ունեցող մարդկանց խումբ է: Պատահական չէ, որ արեւմտահայերն օգտագործում են «ծերակույտ» բառը:

Այս ձեւակերպումը ես հիշեցի, քանի որ հիմա, կարծես թե, անհրաժեշտություն կա նման բարոյական հեղինակության, որի հորդորը՝ Հայաստանի ներսում հակամարտող կողմերին «հետքայլ» կատարել, արդյունավետ կլինի: Առաջին նախագահը նմանատիպ կոչով հանդես է եկել, բայց երկու կողմերից արձագանքը խիստ բացասական էր, իսկ դրանց վարձու եւ ինքնաբուխ «թրոլները» գրեցին հայհոյանքին մոտիկ մեկնաբանություններ («տո, դու ով դառար», «քեզ խելոքի տեղ ես դրել», «բա որ դու…»): Ենթադրում եմ, որ եթե Վացլավ Հավելը, Անդրեյ Սախարովը եւ Նելսոն Մանդելան նման կոչ հնչեցնեին, արձագանքը նույնը կլիներ: Կասկածո՞ւմ եք, որ կարելի է այդ մարդկանց մասին ինչ-որ մի վատ բան գրել (այդ թվում՝ իրականությանը համապատասխանող), եւ 10 մեկնաբանությունից հետո նրանց ասածը ոչ մի արժեք չի ունենա:

Հեղինակություն չեն, ցավոք, նաեւ հոգեւորականները, որոնք լարված հարաբերություններ ունեն իշխանության հետ, եւ համապատասխան քարոզիչներին հանձնարարված է նրանց «փչացնել»:

Հեղինակավոր կարծիք ձեւավորելու համար ժամանակին ստեղծվել էր Հանրային խորհուրդը, հիշո՞ւմ եք՝ այդպիսի կառույց գոյություն ունի, որն այժմ անգամ սահմանադրական կարգավիճակ ունի: Այդ խորհրդում, ըստ մտահղացման, պետք է ընդգրկվեն փորձագետները, հարգված, հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք քննարկումների արդյունքում գալիս են ինչ-որ մի եզրակացության, որն էլ պետք է հաշվի առնեն իշխանական մարմինները եւ հասարակությունը: Մինչեւ 2018 թվականը նման քննարկումներ եղել են, եզրակացություններ հրապարակվել են, թեեւ խիստ կասկածում եմ, որ դրանք ազդել են որոշում ընդունողների վրա: Վերջին 4 տարում ՀԽ նման գործունեության մասին, ճիշտն ասած, չեմ լսել: Նման կրավորական կեցվածքի պատճառը հասկանալի է. եթե կարծիքը ձեռնտու լինի իշխանությունը, խորհուրդը կսկսեն «փչացնել» ընդդիմադիրները, եթե իշխանությունը զգա, որ այդ տեսակետն իրեն է վնաս, նույնը կանեն Փաշինյանի «ադեպտները»: Նույնիսկ, եթե դա հատուկ չկազմակերպվի, ապա համացանցում կան սեւեռուն գաղափարներով տառապող հազարավոր մարդիկ:

Արդյոք այստեղից կարելի՞ է հետեւություն անել, թե պետք է ընդհանրապես ձայն չհանել՝ մտահոգվելով, թե ինչպիսին կլինի մտասեւեռվածների եւ հաստիքային քարոզիչների կարծիքը: Վստահաբար՝ ոչ: Քանի որ հոդվածը Հին Հռոմից եմ սկսել, մեջբերեմ կայսր եւ փիլիսոփա Մարկոս Ավրելիոսի խոսքերը. «Որքա՜ն ժամանակ է շահում նա, ով չի նայում, թե ինչ ասաց, արեց կամ մտածեց իր մերձավորը, այլ կենտրոնանում է նրա վրա, թե ինչ է անում ինքը՝ իր գործերում արդարությունն ու բարեպաշտությունը ապահովելու համար»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    “սենատը օրենսդիր մարմին չէ՝ դա բարոյական եւ ռազմական հեղինակություն ունեցող մարդկանց խումբ է: Պատահական չէ, որ…”

    Իսկապես պատահական չէ, որ իշխանության գալուց անմիջապես հետո թրքահպատակները սկսեցին հետապնդել բարոյական եւ ռազմական հեղինակություն ունեցող մարդկանց. պետք էր բարոյազրկել հասարակությունը եւ կազմաքանդել բանակը՝ նախապատրաստելու ապագայի ծրագրավորված պարտությունը…

    “անհրաժեշտություն կա … Հայաստանի ներսում հակամարտող կողմերին «հետքայլ» կատարել”

    Խնդիրն այն է, որ այդ «հակամարտող» կողմերից մեկը ներկայացնում է ոչ թե Հայաստանի ներսը, այլ դուրսը. վաղուց արդեն ակնհայտ է, որ 2018 թ. իշխանությունը զավթածները թուրքական գործակալներ են: Մի մասը սովորական ազդեցության գործակալներ են, բայց կան նաեւ ուղղակի բացահայտ գործակալներ, որոնք կատարել են եւ այժմ էլ շարունակում են կատարել պետական դավաճանության հանցակազմ պարունակող արարքներ: Մարկոս Ավրելիոս պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ դավաճանի ու թշնամու հետ չի կարելի գնալ երկխոսության: Առավելագույն «հետքայլը» կարող է լինել միայն դրանց համար հումանիտար միջանցք տրամադրելը…

    “համացանցում կան սեւեռուն գաղափարներով տառապող հազարավոր մարդիկ:”

    Դա այնքան էլ կարեւոր չէ. համացանցը միշտ էլ լեփ-լեցուն է եղել տարատեսակ աղբով: Շատ ավելի վտանգավոր է, որ սեւեռուն գաղափարներով տառապող թրքահպատակ մի խմբակ զավթել է իշխանությունը եւ հաստատել բռնապետական կոլաբորացիոնիստական հակահայկական վարչակարգ: Այդ փառապանծ խմբակի պարագլուխը տառապում է մի քանի սեւեռուն գաղափարներով՝ «թուրքական վիլայեթ», «խաղաղության դարաշրջան», «դժբախտ ու դժգույն Շուշի», «ադրբեջանական անկլավներ», «կիրթ ու կառուցողական ընկեր», «թուրքական հաղորդակցությունների ապաշրջափակում», «տականք ղարաբաղցիներ», «տվեք ինձ արյան գետեր» եւ այլն: Էլ ավելի վտանգավոր է, երբ իրենց Նելսոն Մանդելա երեւակայող մարդիկ կոչ են անում նստել մի սեղանի շուրջ այս կոլաբորացիոնիստ բռնապետի հետ ու «հետքայլ» կատարել…

  2. Ruben says:

    Հակահայկական ուժերի, օտարերկրյա կազմակերպությունների և հատուկ ծառայությունների համար Խորհրդային Հայաստանի ղեկավարի լավագույն թեկնածուն 1990 թվականին Լևոն Տեր Պետրոսյանն էր։ Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավարությունը հիացած էր Լեւոնով. Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևը գործարկեց մեխանիզմ՝ ի շահ թուրք-թաթար եղբայրության՝ օգտագործելով Լևոնին և նրա թիմին՝ Աշոտ Մանուչարյան + Վանո Սիրադեղյան (ՆԳՆ), Վազգեն Մանուկյան + Վազեն Սարգսյան (Զինված ուժեր), Համբարձում Գալստյան + կադրավիկ և սուրհանդակ Անդրանիկ Քոչարյան և այլն։ ԼՂԻՄ-ում ԼՏՊ-ն ղեկը փոխանցեց է Ադրբեջանական ԽՍՀ Կոմունիստական կուսակցության անդամների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի («разведчик» Սերոժի) ձեռքը: Եվ մեկնարկեց վիրտուալ (սուտ) անկախությունը, օրինականացված թալանը, ազգի դեգրադացիան, անկարգությունների սկիզբը…
    Արդարությունն ու բարեպաշտությունը հեռացան Հայկական լեռնաշխարհից:

  3. Լավատես says:

    Սովետը պարտվեց, որովհետեւ պարտվեցին նրա հատուկ ծառայությունները, իսկ հատուկ ծառայությունները պետության համար նույնն են, ինչ մարդու համար իմունիտետը, եթե մարդ իմունիտետ չունի, ինչ պարազիտ ասես չի ներթափանցի օրգանիզմի բոլոր ստրատեգիական օրգանները եւ կստիպի օրգանիզմին եթարկվել ու ծառայել այդ պարազիտներին: Հիմա պարազիտները վխտում են նախկին սովետի նախկին հանրապետությունների ռազմավարական պետական պաշտոններում եւ գործող ընդդիմություններում: Հատուկ ծառայությունների հետ միայն հատուկ ծառայություններն են ընդունակ մենամարտել կամ համագործակցել, բայց դրա համար պետք է լինել կոլեգաների հետ մի մակարդակի, իսկ դրա համար պետք է անչափ շատ սովորել ու վարժվել մասնագիտության մեջ եւ միայն այդ ժամանակ ոչ միայն Արարիչը թիկունքիդ կկանգնի, այլեւ ավելի պակաս սովորած ու վարժված կոլեգադ կամ մրցակիցդ անկախ իրենց ցանկությունից կծառայեն քո հաղթանակին: Մենք հայերս պետք է շատ ավելի շատ սովորենք ու վարժվենք մեր մասնագիտությունների մեջ, անկախ տարիքից, քան դա արել ենք մինչեւ հիմա եւ դրանով հասնենք մյուս ազգերին ու մի բան էլ անցնենք: Տաղանդը քիչ է արարելու ու նորը ստեղծելու համար, դրա հետ մեկտեղ պետք է քրտնաջան սովորել ու վարժվել, միայն դրա արդյունքում Արարիչը հրաշք հաղթանակներ մեզ կպարգեւի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031