Լրահոս
Օրվա լրահոսը

Օձունն ու Ախթալան բոյկոտել են իրենց համայնքները 2-րդ անգամ խոշորացնելու հանրային լսումները

Մայիս 13,2022 15:00

Բնակիչները չեն ուզում կրկին խոշորացվել:

Երեկ Լոռու մարզի Օձուն եւ Ախթալա համայնքապետարանում նշանակված հանրային լսումներն այդպես էլ չեն կայացել: Պատճառն այն է, որ համայնքի բնակիչները լսումները չսկսած՝ դահլիճից դուրս են եկել, այսինքն՝ բոյկոտել են՝ չցանկանալով լսել իշխանության ներկայացուցիչների հիմնավորումները: Ինչպես տեղեկացանք, համայնքների բնակիչների հետ հանդիպման էին գնացել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Ըստ նախագծի, նախատեսվում է խոշորացնել նաեւ Օձուն համայնքը՝ այն ներառելով Ալավերդի խոշորացված համայնքի կազմում։ Կմիավորվեն Ախթալան, Շնողը, Օձունն ու Ալավերդին, որոնք արդեն մեկ անգամ եւս խոշորացվել են:

Նշենք, որ Օձուն համայնքն իր շուրջը միավորել է Ամոջ, Այգեհատ, Կարմիր Աղեկ, Արդվի, Արեւածագ, Հագվի, Ծաթեր, Մղարթ գյուղերը:
Ախթալան էլ 2017 թվականին է խոշորացվել՝ ընդգրկելով Շամլուղ, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց եւ Փոքր Այրում համայնքները։

Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր համայնքի բնակչությունը դեմ է խոշորացմանը եւ այսօր էլ հայտնել է, որ չի ցանկանում մասնակցել հանրային լսումներին:

Մեր հարցին՝ ինչպե՞ս են հիմնավորում դեմ լինելու հանգամանքը, պարոն Թամազյանն ասաց՝ նշում են, որ իրենց համայնքն արդեն իսկ խոշորացված է եւ ունի զարգացման առաջընթաց, ինչից բնակչությունը գոհ է եւ ցանկություն չունի երկրորդ անգամ խոշորանալու:
Արկադի Թամազյանի խոսքով, կառավարությունը, մարզպետարանը, ԱԺ պատգամավորներն էլ հայտարարում են, որ Ախթալան շատ մեծ տեմպերով զարգանում է:

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ճիշտ կլիներ բնակիչների կարծիքը հարցնեին՝ նախքան որոշելը՝ որ համայնքներն են խոշորանում, այլ ոչ թե արդեն նշանակել են ՏԻՄ ընտրությունների օրը եւ «ձեւական» հանրային լսումներ են իրականացնում. «Հենց այդ փուլում պետք է բնակիչների կարծիքը հաշվի առնել: Թե չէ՝ ձեւական քննարկում ենք անում, նրանց ձայնն էլ որոշիչ չէ, որի նախադեպերն արդեն ունենք, ի՞նչ իմաստ ունի այդ քննարկումը»:

Համայնքի ղեկավարի խոսքով, խոշորացման դեմ լինելու պատճառներից մեկը Օձունի հեռավորությունն է մյուս համայնքներից. «Նախկինում այդպիսի փորձ չունենք, որ արդարացված խոշորացում է: Եվ չի էլ կարող արդարացված խոշորացում լինել: Երբ որ նման մեծ համայնքները դառնում են վարչական տարածքներ, դա հաստատ կբերի իր վատ հետեւանքներին՝ արտագաղթ, դպրոցների փակում եւ այլն: Այն չի կարող իր լավ հետեւանքներն ունենալ»:

Արսեն Տիտանյանի խոսքով, Օձունն արդեն խոշորացված է, եւ համայնքը մեկ հարթակի վրա ունի իր սովորույթները. «Նախկինում տեղի ունեցած խոշորացումն արդարացված ենք համարում, բայց, երբ այն դառնում է ոչ նախկին շրջանային կառուցվածքով համայնք, չի կարող արդարացված լինել»:

Թե խոշորացման արդյունքում քանի դպրոց կփակվի կամ այլ կառույցներ, համայնքի ղեկավարը տեղեկատվություն չունի, միայն գիտի, որ հաստիքներ կրճատելու համար անպայման այդպիսի օպտիմալացումներ լինելու են: Ասում է՝ համայնքների խոշորացման գաղափարի հիմքերից մեկը հենց օպտիմալացումն է:

Մեր հարցին՝ համայնքների խոշորացման հիմնավորումներից մեկն էլ այն է, որ փոքր համայնքներն էլ կարողանան օգտվել սուբվենցիոն ծրագրերից, Օձունն ունի՞ այդ խնդիրը, Արսեն Տիտանյանը պատասխանեց. «Օձունը նման խնդիր չունի, որովհետեւ մենք ամեն տարի գրեթե մեր բյուջեի չափ իրականացրել ենք սուբվենցիոն ծրագրեր: Մենք նման խնդիր չունենք: Մենք չունենք նաեւ կողմնակի ֆինանսավորման խնդիր: Օձունի գրեթե բոլոր խնդիրները լուծել ենք»:

Համայնքապետի խոսքով՝ գումարը առաջանում է հարկուտուրքերից, եկամուտներից եւ չնայած՝ մյուս համայնքների պես չունեն հանքեր, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերում համայնքներին, բայցեւայնպես՝ կարողանում են խնդիրները լուծել:

Հետաքրքրվեցին՝ քանի՞ տոկոսով են հավաքագրում հարկերը, տուրքերը: Ի պատասխան՝ պարոն Տիտանյանն ասաց, որ մինչեւ 2018 թվականը 100 տոկոսով հավաքագրել են, հիմա հավաքագրում են 20-30 տոկոսով, քանի որ բնակչության շրջանում աղքատության ցուցանիշները բարձրացել են. «Տարվա այս ժամանակն է՝ բնակիչներին դեռ պարարտանյութ չենք տրամադրել, դիզվառելիք չենք տրամադրել, մարդիկ աղքատության շեմին են, որտեղի՞ց կկարողանան հարկ վճարել»:

Համայնքի ղեկավարի խոսքով, մեկուկես ամսից ցորենը հնձելու ժամանակն է, բայց դեռեւս պարարտանյութ չեն ստացել, որ բաժանեն գյուղացիներին: Պատճառը Լարսի անցակետում առաջացած խնդիրներն են: Արսեն Տիտանյանի խոսքով, այդ խնդիրների լուծման մասին պետք է մտածեին աշնանը, որովհետեւ գյուղատնտեսությունը չի կարող սպասել:

Համայնքի ղեկավարն ասաց, որ խոշորացմանը դեմ է ամբողջ համայնքի բնակչությունը՝ ներառյալ մյուս բնակավայրերի. «Բայց որեւէ մեկի կարծիքը հաշվի չեն առնում, ձեւական հանրային լսում են կազմակերպում: Լսումները նրա համար են, որ կարծիքներ հաշվի առնեն, բայց լսումների արդյունքները ընդհանրապես որեւէ մեկին հետաքրքիր չեն: Դա ընդամենը նկարվելու միջոց է, որ լսում անցկացրինք»:
Արսեն Տիտանյանի համոզմամբ՝ բնակիչները դեմ լինեն-չլինեն՝ խոշորացնելու են եւ այդ համայնքները միավորվելով՝ դառնալու է խոշոր անարդյունավետ փունջ:

Համայնքի ղեկավարի տվյալներով՝ Օձուն խոշորացված համայնքն ունի 8 հազար բնակիչ: Արսեն Տիտանյանի խոսքով, այդ 9 համայնքներով կարողանում են խնդիրները լուծել՝ ճանապարհները բարեկարգում են, այլ հարցեր եւս լուծում են, բայց ամենամեծը Մղարթ գյուղի ջրի խնդիրն է, որին սպասում են երկու տարի. կառավարությունը խոստացել է գումար տրամադրել:

Այս տարվա սեպտեմբերին Օձունում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Արսեն Տիտանյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի նոյեմբերին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031