Կառավարության մայիսի 5-ի նիստում որպես չզեկուցվող նախագիծ, գործադիրը հավանություն տվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին խնդրահարույց նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը։ Սակայն, կառավարության առաջարկությունը պատգամավորների հեղինակած նախագծին հակառակ կամ հավասարակշռող առաջարկություն չէ, պարզապես ԱԺ-ին ասում է՝ այն, ինչ ուզում եք անել, օրենքով հիմքեր ստեղծեք։
Իսկ նախագծով սահմանվում է, որ պետական մարմինը կարող է տվյալ գերատեսչությունում հավատարմագրված լրագրողի հավատարմագրումը դադարեցնել։ Գործող կարգավորմամբ, լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:
Նշենք, որ այս նախագծի հեղինակները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն (Հովհաննիսյանը մինչ պատգամավոր դառնալը լրագրող է աշխատել) ու Լիլիթ Մինասյանն են։
«Առաջարկում ենք դիտարկել լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը դադարեցնելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը»,-սա կառավարության առաջարկն է, որն ըստ հեղինակների, բխում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:
Կարդացեք նաև
«Առավոտ»-ի հետ զրույցում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, որը խիստ քննադատել է նախագիծը, հիշեցնում է՝ կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որը ծնվել է իշխանական կուլիսներում, եւ այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ առումով արդեն տեխնիկական գործընթաց է, իսկ հիմքը դրվեց անցած տարվա դեկտեմբերին՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով։ Մելիքյանի խոսքով՝ թեեւ օրենքում առաջացել էր կազուս, ինչպես որ հեղինակներն են նշում, եւ ենթադրվում էր, որ պետական մարմինը կարող էր դադարեցնել հավատարմագրումը, բայց դա ամրագրված չէր որեւէ դրույթով, հիմա մակագրում են. «Ես այդ մոտեցումը մերժում եմ»։
Մելիքյանը միջազգային փորձն է ներկայացնում՝ Արեւելյան գործընկերության երկրներում, Լիտվայում, Էստոնիայում, Չեխիայում նման ընթացակարգ չկա. «Լիտվայում համարվում է, որ լրագրողի հավատարմագրումը ոչ թե պետական մարմնի իրավունքն է, այլ՝ լրատվամիջոցի։ Եթե լրատվամիջոցը ցանկանում է այս կամ այն պետական մարմնում ունենալ հավատարմագրված լրագրող, ուրեմն պետական մարմինը իրավունք չունի մերժել դա եւ ավելին նա դադարեցնելու իրավունք չի վերապահվում։ Եվրոպայի խորհուրդն էլ ասում է, որ դա ընդամենը տալիս է իրավունք պետական մարմնի դուռը բացել լրատվամիջոցի առջեւ եւ վերջ։ Ուսումնասիրելով ժողովրդավարական երկրների փորձը, պարզ է դառնում, որ Հայաստանում հակառակ քայլերն են ձեռնարկվում այս ուղղությամբ, եւ սա, ռեգրեսիվ օրենսդրական փոփոխությունների այն շղթայի շարունակությունն է, որը սկսվեց նախորդ տարի, երբ 3 անգամ բարձրացվեց վիրավորանքի եւ զրպարտության փոխհատուցման շեմը, վիրավորանքի մի մասը ծանր վիրավորանք սահմանելով՝ քրեականացրեցին»։
Մելիքյանը նշում է՝ մեդիա օրենսդրությունը պետք է արմատապես փոխել, որի համար լրագրողական կազմակերպությունները նախապատրաստում են հայեցակարգ. «Դրանով ուզում ենք ապագայում կանխել այս ռեգրեսիվ զարգացումները եւ իշխանությունը պարտավորվածություն ստանձնի ԶԼՄ-ներին առնչվող ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, քննարկվի մեզ հետ, մենք ներկայացնենք միջազգային փորձը, մեր առաջարկությունները եւ այլն։ Հակառակ դեպքում միշտ արժանանալու ենք միջազգային կառույցների քննադատությանը։ Համոզված եմ, եթե սա ուղարկվի փորձաքննության, քննադատվելու է այս օրենքը։ Երբ սկսվեն իմ նշած բարեփոխումները, ես նպատակ ունեմ պնդել, որ այդ դրույթները չեղարկվեն»։
Ինչ վերաբերում է նախագծի հեղինակների հիմնավորմանը, թե այն բխում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներից, ապա Աշոտ Մելիքյանը հիշեցնում է Սահմանադրության 42-րդ հոդվածը, որը երաշխավորում է լրատվամիջոցների ազատ աշխատանքը, խոսքի ազատությունը, առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության՝ տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:
Փաստորեն, իշխանությունը իրենց նյարդայնացնող, գլխացավանք դարձած մի քանի լրագրողից «ազատվելու» համար իրար է խառնում է՛լ խորհրդարան, է՛լ կառավարություն, է՛լ ռեսուրս ու օրենք փոխում, որպեսզի երբ ուզեն՝ ոչ ցանկալի լրագրողի հավատարմագրումը դադարեցնեն։ Եվ ինչ երաշխիք կա, որ այդ մեկ ոչ ցանկալի լրագրողից ազատվելուց հետո նրան փոխարինող մեկ հավատարմագրված լրագրողը էլ ավելի չի նյարդայնացնի պաշտոնյաներին ու կրկին ոչ ցանկալի հարցերով «հետապնդի» ասենք իշխող ուժի պատգամավորներին։ Անլուրջ է մի քանի լրագրողի «համար» նման քայլի դիմելը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2022