Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց այս քանակով ընդդիմությունն արդյունքի չի հասնի

Մայիս 13,2022 13:30

Ընդդիմության պահվածքից եւ կատարած քայլերի տրամաբանությունից հստակ զգացվում է, որ նա գործող իշխանությանը՝ մեղմ ասած, այնքան էլ լավ չի ճանաչում: Եթե մի իշխանություն, որը պատրաստ է 30-ամյա անկախությունից հետո, Արցախի կայացած Հանրապետությունը տեսնել Ադրբեջանի կազմում, մոռանալով տասնյակ հազարավոր մարդկային զոհերը, մոռանալ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի 30-ամյա մաքառումներն ու տառապանքները, ապա ոչ մի պարագայում նա չի հանձնի իշխանությունը եւ կգնա ամեն քայլի՝ ընդդիմության պահանջը վիժեցնելու համար: Թե ապրիլի 25-ից սկսած ինչ քայլեր է իրականացնում ընդդիմությունը եւ ինչ է կատարվում Ֆրանսիայի հրապարակում, բոլորս ենք տեղյակ, սակայն մի որոշիչ հանգամանք, որ ընդդիմության պահանջների հարցում ժողովրդի մոտեցումները միասնական չեն, դրանք կիսվում են տարբեր կարծիքների, սա արդեն շատ բանի մասին է խոսում: Ժողովրդի այն հատվածը, որը համակարծիք է ընդդիմության պահանջների հետ, մասնակցում է անհնազանդության ակցիաներին եւ հանրահավաքներին, իսկ այն հատվածը, որն անտարբեր է կամ դեմ է դրանց, լավագույն դեպքում տանից է հետեւում ընթացող իրադարձություններին եւ ֆիզիկապես չի միանում ընդիմության ակցիաներին: 10-12 օրվա իրադարձությունները վկայում են, որ դրանց նմանատիպ շարունակության դեպքում մարդկանց թիվը միջինում լինելու է մոտավոր այդքան, իսկ այդ քանակով ընդդիմությունը որեւէ լուրջ բանի չի կարող հասնել: Կարծում եմ՝ լուրջ հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է որոշակի փոփոխություններ մտցնի իր որդեգրած ռազմավարության ու մարտավարության մեջ, որպեսզի կարողանա օր օրի ավելացնել ակցիաների մասնակիցների թիվը, քանզի կրկնեմ, մարդկանց նման թվաքանակի պարագայում որեւէ հաջողության հասնել հնարավոր չէ: Իրավիճակը հստակ է. կամ ընդդիմությունն այդ փոփոխությունների ճանապարհով պետք է հավաքի մասնակիցների կրիտիկական քանակ (նվազագույնը՝ 100 000 մարդ), եւ հետագա գործողությունները կառուցի ոսկերչական հաշվարկներով, կամ այս ամենը կավարտվի անարդյունք, կամ էլ ամենաանցանկալին՝ ամենայն հավանականությամբ այն կավարտվի քաղաքացիական պատերազմով, որն էլ կլինի ամենավատ ելքը:

Սա քաղաքական պայքար է՝ իր երեւացող եւ չերեւացող մի շարք հետեւանքներով, որի շարունակությունը կախված է բազմաթիվ ու բազմապիսի հանգամանքներից, որոնց վերաբերյալ լավագույն դեպքում կարելի է ընդամենը կանխատեսումներ անել եւ առաջնորդվել դրանցով: Ամեն դեպքում, սա պայքար է եւ արդյունքը կպայմանավորվի նրանով, թե որ կողմն ավելի ճիշտ կգնահատի եւ կհաշվարկի իր ուժերն ու հնարավորությունները, որից կախված էլ կընտրի իր համապատասխան մարտավարությունը: Պետք է զգոն լինել եւ հասկանալ, որ չնայած ցանկացած ընտրության անցկացումը եւս քաղաքական պայքար է, սակայն այս պայքարն էապես տարբերվում է դրանից, քանզի այս պայքարն ամեն վայրկյան կարող է վերածվել զինված պայքարի, որի հետեւանքների մասին դժվար է կանխագուշակում անել:

Միայն մի բան կարող եմ ասել, որ այդ պայքարն ամեն վայրկյան կարող է փոխակերպվել քաղաքացիական պատերազմի, որը էլ ավելի կթուլացնի մեր երկիրը, որն էլ հենց մեր թշնամու մշտական երազանքն է: Փաստացի, այսօր հասել ենք մի եզրագծի, որ բնավ բացառված չէ քաղաքացիական պատերազմի վտանգը, այնպես որ՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պետք է չափազանց զգոն գործեն եւ ամեն կերպ փորձեն խուսափել նման ճակատագրական բախումից, որը մեր երկիրը վերջնականապես կնետի անդունդը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031