Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր քայլ` փիլիսոփայական գրականությունը թարգմանելու առումով

Մայիս 13,2022 13:00

Ջորջօ Ագամբէնի «Մնացորդք Աւշուիցի. Արխիւը եւ վկան», Յուրգեն Հաբերմասի «Հանրության կառուցվածքային փոփոխությունը», Ալան Բադիուի «Դարը» եւ Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» կարելի է կարդալ հայերեն

Վերջերս գրքի շուկայում հայերենով հայտնվել են 20-րդ դարի արեւմտյան փիլիսոփաների 4 գործեր. Ջորջօ Ագամբէն՝ «Մնացորդք Աւշուիցի. Արխիւը եւ վկան», Յուրգեն Հաբերմաս՝ «Հանրության կառուցվածքային փոփոխությունը», Ալան Բադիու՝ «Դարը» եւ Միշել Ֆուկո՝ «Գիտելիքի հնագիտությունը»։ Առաջին միտքը, որ ծագեց մեզ մոտ, այն էր, թե արդյո՞ք 20-րդ դարում մենք ունեցել ենք փիլիսոփայական միտք, որը արժե ներկայացնել Արեւմուտքին կամ գուցե թարգմանվե՞լ են որոշ հեղինակներ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ակտուալ արվեստ» հրատարակչության խմբագիր Դավիթ Մոսինյանը այդ մասին ասաց. «Մեզ մոտ դասական իմաստով փիլիսոփայությունը չի հասել այն գագաթնակետին այնպես, ինչպես գրականությունը, փորձագրությունը։ Բայց ունենք մտավորականներ, այդ թվում՝ Նիկողայոս Սարաֆյան, որի «Վենսենի անտառը» եւ Ինտրայի (Տիգրան Չրաքյան) «Ներաշխարհը» աշխատությունները փորձագրություններ են եւ ունեն խոր փիլիսոփայական շերտեր։ Փորձեր են արվել դրանք թարգմանել, սակայն մեծ արձագանք չեն գտել, գուցե մեր մեղքով, որ գործերը բավարար կերպով չենք ներկայացրել»։

Անդրադառնալով արեւմտյան փիլիսոփաների հայերեն թարգմանված ու հրատարակված գրքերին, «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն Արեւիկ Աշխարոյանին, որը անմիջական մասնակցություն է ունեցել այդ գործին, խնդրեցինք հակիրճ ներկայացնել գրքերը՝ հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը, թեեւ հասկանալի է, որ դրանք ուղղված են մասնագիտական շրջանակներին։ «Նախ ասեմ, որ «Գալուստ Կիւլպենկէան թարգմանական մատենաշար» ծրագիրը անցյալ տարվանից սկսել է հրատարակել 20-րդ դ. արեւմտյան փիլիսոփաների գործերը հայերեն։ Տասը գրքից բաղկացած շարքից երկուսը տպագրվելու է արեւմտահայերեն։ Ինչպես ասացիք՝ մինչ օրս չորսն են տպագրված։ Առաջին անգամ է, որ 20-րդ դ. արեւմտյան մեծագույն փիլիսոփաների գործերը հասանելի կլինեն հայերենով, ինչպես նաեւ նախատեսել ենք ստեղծել ու տպագրել փիլիսոփայական տերմինաբանական բառարան։ Այո, գրքերը նախատեսված են հիմնականում ակադեմիական շրջանակների եւ հումանիտար գիտություններ ուսումնասիրող ուսանողների համար եւ, ինչու ոչ՝ դրանք կարող են հետաքրքրել նաեւ ինտելեկտուալ ընթերցողներին եւս։ Ծրագրի աշխատանքներում ներգրավված են թարգմանիչներ Հրաչյա Ստեփանյանը, Նազենի Ղարիբյանը, Նազարեթ Կարոյանը, Շուշան Մակարյանը, պորտուգալաբնակ Մարկ Նշանյանը եւ այլք։

Հատկապես նշեմ, որ լեզվաբանական առումով բացառիկ աշխատանք է տարվում, քանի որ առաջին անգամ թարգմանվում են փիլիսոփայական ժամանակակից տերմինաբանություն եւ եզրույթներ, որոնք, կրկնում եմ՝ երբեւէ հայերեն չեն թարգմանվել։ Գրքերում տեղ են գտել բառարաններ եւս։ Իսկ թե որքանով նոր բառերը կմտնեն շրջանառության մեջ՝ ժամանակը ցույց կտա։ Սա կարեւոր եւ անհրաժեշտ գործընթաց է նաեւ հայոց լեզվի զարգացման համար։ Առաջիկայում կհրատարակվեն Ֆրանսուա Լյոտարի, Սիմոն դը Բուվուարի, Անտոնիո Գրամշիի, Էդվարդ Սայիդի, Հաննա Արենդի եւ Ժիժեկ-Լակլաու-Բաթլերի աշխատություններից»,- ասաց տիկին Աշխարոյանը։ Խնդրեցինք օրինակ բերել թեկուզ թարգմանված մեկ եզրույթ։ «Օրինակ՝ «դիսկուրս» բառի շուրջ իսկապես մեծ բանավեճ եղավ, արդյունքում այն թարգմանվեց «ճառաբանություն», որը կկիրառվի եւ արեւմտահայ, եւ արեւելահայ հեղինակների գործերը թարգմանելիս»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս է որոշվել հրատարակվող գրքերի ցանկը, Արեւիկ Աշխարոյանը պատասխանեց. «Այս ծրագրի սկզբում՝ ավելի քան 7 տարի առաջ, Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետներից ձեւավորվեց խորհրդատվական հանձնախումբ։ Ի վերջո, մեր գիտնականները, ուսանողները թարգմանված գրքերի շնորհիվ կկարողանան աշխարհի հետ համընթաց զարգանալ իրենց մասնագիտություններում։ Ինչ խոսք, այս տասը գիրքը չի կարող լրացնել այն բացը, որն առկա է ոլորտում, բայց միանշանակ սա կարեւոր քայլ է փիլիսոփայական գրականությունը թարգմանելու, գործընթացը խթանելու համար։ Անկասկած, շատերը ծանոթ են այդ հեղինակներին, իհարկե՝ միջնորդ լեզուների շնորհիվ։ Կրկնում եմ՝ հատկապես ուսանողներին դրանք մայրենիով ներկայացնելը իսկապես անհրաժեշտություն է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031