Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե ընդդիմադիր պայքարի առաջին շահառուն Մոսկվան է

Մայիս 13,2022 12:00

«Մենք ավելի լավ կբանակցենք, քան գործող իշխանությունը», առայժմ ընդդիմության միակ խոստումը սա է

«Սա պայքար է հանուն հայրենիքի, սա պայքար չի հանուն իշխանության», «Նիկոլը պետք է գնա՝ հետո կփորձենք նրա թողած ավերածությունները շտկել» կարգախոսները քաղաքական են: Ընդդիմությունը դրել է իշխանափոխության նպատակ, հետեւաբար՝ ընդդիմության պայքարը քաղաքական է, որովհետեւ իշխանափոխության պահանջը չի կարող լինել ոչ քաղաքական, եւ ավելին, այդ գործընթացը կապված է Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական պրոցեսների հետ:

Մայիսի 9-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին «Առավոտը» փոխանցել էր Էդմոն Մարուքյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները, որ հիմա պատեհ պահը չէ իշխանափոխության, Հայաստանի բանակցային դիրքերը կվատթարանան, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նկատել էր, որ՝ «իշխանությունները այս շարժումը կարող են օգտագործել՝ արտաքին քաղաքականության մեջ՝ ասելով, որ մեր ժողովուրդը դեռ չի կոտրվել, պայքարի ոգին կա»: Ըստ Ս. Օհանյանի՝ «Պետությունը կարող է մեր պայքարի ոգին օգտագործել՝ արտաքին հարաբերությունների համար»: Հետեւաբար, անգամ ընդդիմությունն է գիտակցում, որ ոչ միայն իրենք են արտաքին ազդակներ ուղղում Հայաստանից դուրս գտնվող կենտրոններին, այլեւ Փաշինյանը կարող է ներհայաստանյան քաղաքական պայքարն օգտագործել թե՛ Հայաստանի գործընկեր պետությունների հետ փոխհարաբերություններում, թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցություններում: Այլ հարց է, թե որքանով է Հայաստանի ներկայիս իշխանությունն ունակ օգտվել այդ «հնարավորությունից»՝ ի շահ Հայաստանի:

Մայիսի 9-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջին անգամ հանդես եկավ քիչ թե շատ քաղաքական տեքստով՝ ներկայացնելով ընդդիմադիր շարժման պատկերացումները, սկզբունքները, արձագանքելով քննադատությանը, թե ընդդիմությունը չունի ծրագիր: Մի քանի առիթներով Իշխան Սաղաթելյանն արդեն իսկ նշել է՝ «չենք ասում, որ գալիս ենք Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները»: Օրեր առաջ նա նշել էր. «Երբ միջազգային հանրությունը տեսնում է, որ ծնկի եկած ու պարտված ղեկավարը ներկայացնում է երկիրը, այդ մարդու հետ այդպես են խոսում: Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, ելք կա, դա հնարավոր է ու դա նոր պատերազմ չի բերելու: Մենք երբեք չենք ասում, որ գալիս ենք Թուրքիային ու Ադրբեջանին պատերազմ հայտարարենք, դադարեցնենք բանակցությունները, կամ նոր պատերազմ բերենք:

Ընդհակառակը, մենք ասում ենք՝ գալիս ենք բերելու արժանապատիվ խաղաղություն: Նիկոլն ասում է՝ բանակ չունենք, միջազգային հանրությունը մի բան է ուզում, ամեն ինչ ավարտված է: Մենք էլ ասում ենք՝ մեր պատմության ընթացքում շատ ծանր իրավիճակներում, հաճախ բերում եմ 92 թվականի, 98-ի օրինակը, մեր ժողովուրդը ցույց է տվել, որ կարելի է չզիջել ու խաղաղ զարգանալ: Դուք ասում եք՝ հնարավոր չի, մենք ասում ենք՝ հնարավոր է»: Այսինքն, որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը, երբ նրանք իշխանության գան, դրանք են արդյունավետ կառավարում, բանակի եւ սպառազինության վերականգնում, ամրացում:

Մի քանի օր առաջ Իշխան Սաղաթելյանի մի խոստովանությունից հստակ դարձավ, որ Փաշինյանի ստորագրած հայտարարություններից, բանակցություններից հրաժարվել ընդդիմությունը չի պատրաստվում: Հայտարարությունները, թեեւ անընդունելի են նրանց համար, բայց արդեն կայացած փաստ են, ըստ «Ազատության» ասել է նա. «Նոյեմբերի 9-ի հետ կապված մենք ասել ենք, որ սա կայացած փաստ է, բայց մեր համար անընդունելի։ Գիտե՞ք ինչ, մենք պետք է կանխենք, որպեսզի Նիկոլը էս կապիտուլյացիան հասցնի վերջնական ավարտին: Մենք պատերազմ չենք հրահրելու։ Մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցությունները չենք դադարեցնելու, ոչ էլ պատերազմ ենք հայտարարելու, բայց էդ բանակցություններին ոչ թե գնալու ենք ասենք՝ «ձեզ ի՞նչ ա պետք», այլ գնալու ենք իրականում պաշտպանենք մեր երկրի շահերը»։

Մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքում անդրադարձավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նշելով, թե կբացառեն՝ որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։ Իսկ ժամանակավոր կառավարության ձեւավորման թեմային անդրադառնալով՝ նա ասաց. «Անմիջապես կձեւավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաեւ Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։ Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաեւ՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դերի նվազեցումն անթույլատրելի է»։

Սրանք ընդհանրական դիրքորոշումներ են, որոնց իրականացման համար անհրաժեշտ են նախադրյալներ, ձեւավորված բարենպաստ մթնոլորտ եւ մշակված ծրագրեր: Ընդդիմադիրներն այսօր էլ ասում են, որ բանակցելու են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սակայն ոչ այն դիրքերից, որում գտնվում է Փաշինյանը, այսինքն՝ իրենք ավելի լավ կբանակցեն, քան՝ գործող իշխանությունը: Առայժմ պարզ չէ, թե օրինակ՝ ինչպե՞ս են ընդդիմադիրները հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային դարձնելու Արցախի կարգավիճակի հարցը, եթե նրանք հաշվի են նստում մինչ այժմ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունների հետ, որոնցում ԼՂ կարգավիճակի մասին հիշատակում չկա, ավելին՝ այդ հայտարարությունների գլխավոր հովանավոր Ռուսաստանը Հայաստանից ու Ադրբեջանից ակնկալում է ձեռքբերված համաձայնությունների կատարում՝ սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա եւ խաղաղության համաձայնագրի ստորագրում:

Դատելով մայիսի 9-ին Երեւանում կազմակերպած միջոցառումների ատրիբուտիկայի գործածումից՝ ռուսական դրոշների ծածանումից մինչեւ «Z» նշանների կիրառում, ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաստանում ոչ միայն նկատեն ներհայաստանյան քաղաքական թեժ պայքարի ռուսական ուղղվածությունը, այլեւ՝ Մոսկվան գնահատի այդ պայքարն ըստ արժանվույն:

Իսկ ընդդիմադիրները բացառո՞ւմ են, որ Հայաստանում ընդդիմադիր պայքարի առաջին շահառուն կարող է դառնալ Մոսկվան, որը Փաշինյանի հետ ուղղակի կարող է գնալ հերթական «գործարքի», որի արդյունքում հնարավոր է ստորագրվի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հերթական եռակողմ փաստաթուղթը, իսկ ընդդիմադիրներին Կրեմլից անուղղակիորեն հասկացնել տան, որ՝ բավական է, Հայաստանին այժմ «կայունություն» է անհրաժեշտ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    «Դատելով մայիսի 9-ին Երեւանում կազմակերպած միջոցառումների ատրիբուտիկայի գործածումից՝ ռուսական դրոշների ծածանումից մինչեւ «Z» նշանների կիրառում, ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաստանում ոչ միայն նկատեն ներհայաստանյան քաղաքական թեժ պայքարի ռուսական ուղղվածությունը, այլեւ՝ Մոսկվան գնահատի այդ պայքարն ըստ արժանվույն»:

    Հարգելի Էմմա Գաբրիելյան, միանգամայն ճիշտ եք, բայց շատ ցանկալի է, որ Դուք և Ձեր նման վերլուծողները գնաք հանրահավաքի, բարձրանաք հարթակ և ասեք նաև այլ տեսակետներ: Համարձակ եղեք և մի կասկածեք Ձեր ուժերին: Ինչու՞ եք կարծում, թե հարթակը միայն ռուսական ուղղվածության քաղաքական գործիչների սեփականությունն է: Հանրահավաքի գնացող քաղաքացիների մեծ մասը կարոտ է տրամաբանական և հավասարակշռված կարծիքներ լսել, խոհեմ մարդկանց վստահել իրենց առաջնորդելու: Գիտենք, որ պաթոսախառը կոչերից բացի, անվտանգ լուծումներ պետք է գտնել:

    Այ ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը մի քանի հարցերի վերաբերյալ.
    1. Արևմուտքն այս պահին կցանկանա՞ և կհասցնի՞ ռուս խաղաղապահներին արագ փոխարինել Արցախում, որ այդ ընթացքում պատերազմական բախումները չվերսկսվեն:
    2. Արևմուտքը Ռուսաստանին Անդրկովկասից Թուրքիայի միջոցով հեռացնելուց բացի, այլ լծակներ ունի՞ արդյոք: Ռուսաստանին դուրս մղելու դեպքում թուրքական ազդեցությունը Հայաստանում չի՞ մեծանա (ինչպես դա եղավ Վրաստանում ): Այդ դեպքում մեր երկրի էթնիկական կազմում մահմեդականների աստիճանական աճ տեղի չի՞ ունենա (ինչպես հիմա դա ընթանում է Վրաստանում) և դա հատկապես այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանները բացվեն (որին Արևմուտքը միշտ էլ կողմ է եղել):
    3. Պարզ է, որ Ռուսաստանին այս տարածաշրջանում պերմանենտ լարվածություն է անհրաժեշտ, որպեսզի իրեն «խնդրենք», որ նա այստեղ զորք պահի: Ասենք թե Արևմուտքն էլ ուզում է այս տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց նրա համար շատ կարևո՞ր է, թե հայ-ադրբեջանական սահմանները մի 10 կիլոմետր այս կողմ կամ այն կողմ կգծվեն: Այն, որ Հայաստանը քրիստոնյաների պետություն է, դա Արևմուտքի համար որևէ նշանակություն չունի, հիշենք, թե ինչպես նա վարվեց Սերբիայի հետ և ճանաչեց 87% մահմեդականների (ալբանացիների) կազմով Կոսովոյի անկախությունը:

    Խնդրում եմ Ձեր հետագա վերլուծություններում անդրադառնաք նաև նման հարցերի: Կարծում եմ դրանք նույնպես կարևոր են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031