Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորները հրամանի մասին գիտե՞ն

Մայիս 13,2022 14:00

Մինչդեռ նախարարը, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի լույսի ներքո, չունի ինքն իրեն լիազորելու՝ որոշակիության սկզբունքին
համապատասխան լիազորություն

Հայաստանի արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության վիճահարույց լինելու մասին իրենց կարծիքներն են հայտնել ինչպես միջազգային կառույցները, այնպես էլ ՀՀ դատավորները, փաստաբանները։ Այդ հարցը բազմաթիվ անգամ Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման ժամանակ բարձրացվել է թե՛ դատավորների կողմից, թե՛ նրանց ներկայացուցիչների։ Սակայն պետք է նշել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդություններից արտառոցը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն էր, որի առիթը հանդիսացել էր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի զեկուցագիրը, որը ինքնուրույն հայտնաբերել էր դատավոր Վազգեն Ռշտունու կողմից թույլ տված դատավորի վարքագծի կանոնի ենթադրյալ խախտում։

«Առավոտի» հետ զրույցում փաստաբան Լուսինե Մկրտչյանը ներկայացնում է ստորաբաժանումների, գրասենյակների (գործակալությունների), ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատավորի թույլ տված առերեւույթ կարգապահական խախտմանն առնչվելու դեպքում, վերջիններիս կողմից նախարարին ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ նախարարի հանձնարարությամբ` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը եւ վերլուծումը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտերի մշտադիտարկումը, ինչպես նաեւ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը եւ վերլուծումը եւ անհրաժեշտության դեպքում, սույն կետի 1-4-րդ ենթակետերով ներկայացված հիմքերին առնչվող դատական գործերի (ակտերի) հետ փոխկապակցված այլ դատական գործերի (ակտերի), ինչպես նաեւ տվյալ դատական գործում (ակտում) առկա այնպիսի հանգամանքների եւ հիմքերի ուսումնասիրություն, որոնք մատնանշված չեն համապատասխան հաղորդման, հրապարակման կամ ակտի մեջ: «Նման լիազորությունները նախարարը իրեն վերապահելով (չմոռանանք, որ նախարարը ի պաշտոնե այդ կառույցի ղեկավարն է եւ իր գործունեությունն իրականացնում է նախարարության աշխատակազմի միջոցով), ըստ էության, բովանդակում են փաստերն ի պաշտոնե պարզելու վարչադատավարական սկզբունքը, վերահսկողություն դատավորների գործունեության նկատմամբ, միջամտություն դատավորների գործունեությանը եւ այլն։ Իսկ արդյո՞ք նախարարը լիազորված է իրեն վերապահել այդպիսի լիազորություն»,-ասում է զրուցակիցս՝ փաստաբանը:

«Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է նախարարի լիազորությունները եւ նախարարը կարող է վերահսկողություն իրականացնել միայն նախարարությանը ենթակա մարմինների նկատմամբ, սակայն՝ ոչ դատավորների նկատմամբ։ Մինչդեռ, նկատում է փաստաբանը, նախարարի հրամանի բովանդակությունը վկայում է, որ նախարարը փաստացի վերահսկողություն է իրականացնելու դատավորների գործունեության նկատմամբ. «Ավելին՝ սահմանելով, որ նախարարության այլ ստորաբաժանումների կողմից եւս տեղեկություններ փոխանցվեն առաջին բաժնին, այլ կերպ ասած, նախարարության ամբողջ աշխատակազմից ստացված տեղեկությունները կարող են պոտենցիալ հաղորդում դիտվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Այսինքն՝ նախարարը այդ ինքնուրույն հայտնաբերումը՝ իբր իր լիազորությունների իրականացման ժամանակ, դիտում է լայն իմաստով»։ Մինչդեռ նախարարը, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի լույսի ներքո, չունի ինքն իրեն լիազորելու՝ որոշակիության սկզբունքին համապատասխան լիազորություն։ Ստացվում է, որ նախարարը առանց լիազորող նորմի՝ իրեն լիազորել է այնպիսի լիազորություններով, որոնք նախ հասարակ օրենքով նախատեսված չէ։ Դատավորների գործունեության նկատմամբ փաստացի վերահսկողությունը մեկնաբանվում է դատաիրավական փոփոխությունների ռազմավարության մշակմամբ՝ որպես նախարարությանը վերապահված գործունեության ոլորտ ու քաղաքականության մշակում։

Փաստաբանը հիշեցնում է, որ գոյություն ունի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը հենց իրականացնում է դատավորների գործունեության գնահատումը։ Իսկ նախարարի այդ հրամանով նախարարը ոչ միայն իրեն վերապահել է այնպիսի լիազորություններ, որոնք նախ հասարակ օրենքով սահմանված չեն, այլեւ փաստացի իրականացնելու ե՛ւ դատավորի գործունեության գնահատում, ե՛ւ նախաձեռնելու է դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց։ Ըստ նրա, եթե պարզ խոսքով ներկայացվի, ապա նախարարն իր լիազորության իրականացումը շարադրել է առաջին բաժնին վերապահված լիազորությունների եւ գործառույթների նոր խմբագրմամբ, որով իրեն վերապահել է այնպիսի լիազորություններ, որոնք չեն բխում նախարարության գործունեության ոլորտից, որի լիազորությունը որոշակիության սկզբունքին համապատասխան չունի եւ փաստացի այդ ամենի քողի ներքո իրականացնում է դատավորների գործունեության նկատմամբ հսկողություն, փաստերն է ի պաշտոնե պարզում, դատավորների գործունեության գնահատում է իրականացնում եւ այդ ամենի արդյունքը կարող է լինել այն, որ նախարարը ինքնուրույն կարող է բոլոր դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել եւ միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին։

Ի՞նչ լուծում կա, հարցիս փաստաբան Մկրտչյանը պատասխանում է՝ նախարարի նշված հրամանը անհրաժեշտ է, որպեսզի գործող դատավորները վիճարկեն ՀՀ վարչական դատարանում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան, քանի որ այդ հրամանի շահառուները հանդիսանում են դատավորները։ Այն կիրառելը կարող է քննարկման առարկա դառնալ Բարձրագույն դատական խորհրդում, սակայն այդ հրամանի իրավաչափությունը չի կարող քննարկման առարկա դառնալ Բարձրագույն դատական խորհրդում, քանի որ այն նորմատիվ իրավական ակտ է, որի իրավաչափությունը կարող է ստուգել միայն ՀՀ վարչական դատարանը։ Եվ վերջում, որքան էլ նախարարի այդ հրամանով փաստացի նախարարին՝ նախարարության աշխատակազմի միջոցով վերապահված լիազորության ոչ իրավաչափ լինելու մասին դատավորները խոսեն Բարձրագույն դատական խորհրդում նիստի ժամանակ, ըստ իս՝ քանի դեռ այն չի վիճարկվի դատավորների կողմից, ապարդյուն կլինի դրա դեմ պայքարել Բարձրագույն դատական խորհրդում։

Ըստ նրա, նախարարի հրամանը վկայում է այն պարզ իրողությունը, որի մասին դատավոր Վազգեն Ռշտունու ներկայացուցիչները բարձրաձայնում էին դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի նիստով. նախարարը չուներ իր նախաձեռնությամբ դատավորների նկատմամբ փաստացի ստուգումներ անցկացնելու, վերահսկողություն իրականացնելու գործառույթ, որը նաեւ փաստացի դատավորի գործունեության գնահատում է՝ քողարկված կարգապահական վարույթով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ.- Նախարարն ունի առաջին բաժնի լիազորությունը սահմանելու, փոփոխություն անելու լիազորություն, փաստացի ինքը իրականացնում է, ինչը չունի:

«Առավոտ» օրաթերթ
12.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031