Չեն բացառում խորհրդարան վերադառնալը, Էդմոն Մարուքյանին խորհուրդ են տալիս դիմել Դավիթ Շահնազարյանին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Եռաբլուրում անդրադառնալով ընդդիմության փողոցային պայքարին, ասաց, որ ցանկացած ցնցում հղի է նոր պատերազմներով, իրենք դա անգիր գիտեն, բայց ավելի բարձր են դասում Սուրիկ Խաչատրյանին հետ բերելը, որ մարզպետ աշխատի, քան Հայաստան պետությունը: Ավելի վաղ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր փողոցային պայքարի անցած ընդդիմությանը Փաշինյանի հետ մի սեղանի շուրջ նստել ու խոսել: Ըստ նրա, եթե մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը:
Տեսակետ կա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում սրանով լավություն է անում ընդդիմությանը, միջանցք է թողնում ընդդիմության համար, որ փրկեն իրենց դեմքը ու կարողանան վերադառնալ խորհրդարան, հակառակ դեպքում շարժումը մարում է ու կանգնելու են կոտրած տաշտակի առջեւ:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Նախ, ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, որ շարժումը մարում է: Երկրորդը՝ ընդհանրապես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ փորձում է լավություն անել: Երրորդը՝ ուզում եմ հիշեցնել, որ վերջին ընտրություններին, որին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դեմքով մասնակցել է, հավաքել է մի բուռ ձայն ընդամենը: Իսկ Էդմոն Մարուքյանը մարդ է, կարդացեք իր գրառումները, կտեսնեք՝ առավոտյան մի բան է ասում, կեսօրին մի բան, երեկոյան՝ լրիվ ուրիշ բան: Ինքը եւ Նիկոլ Փաշինյանը մի սանրի կտավ են, նույն մտածողությամբ նույն օպորտունիստներն են: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, այդ օրակարգը միշտ եղել է, որովհետեւ մենք միշտ տեսել ենք, որ այս իշխանության վարած քաղաքականությունը մեզ տանում է դեպի անդունդ: Ինչքան մենք մոտենում ենք անդունդին, իսկ մենք մոտենում ենք անդունդին, իր վերջին հայտարարությունները նայեք՝ նշաձողը իջեցնելու, այդ ֆոնի վրա Ալիեւի վայրահաչություններն ու սպառնալիքները, մենք ուղղակի նահանջելու տեղ չունենք, ժամանակ չունենք: Սպասենք, որ երկիրը գլորվի անդունդ, նո՞ր փորձենք հանենք, թե՞ չթողնենք, որ երկիրը գլորվի անդունդ: Այդ բոլոր սոփեստությունները մի նպատակ ունեն՝ փորձեն շարժումը մարել: Նպատակը դա է: Մի մասը դա պարուրում է ինտելեկտուալ տեքստերով, մյուս մասը՝ ճղճղոցներով եւ գոռգոռոցներով, բայց դա խորքի մեջ ընդամենը մի նպատակ ունի՝ շարժմանը հարվածել եւ Փաշինյանի իշխանությունը պահել»:
Հարցին՝ ընդդիմադիրներ կան, որ վստահ են՝ եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չգա, ձեզ հետ չքայլի, ավելի շատ մարդ դուրս կգա փողոց, այսինքն, նա խոչընդոտող դեր է կատարում շարժման մեջ, չե՞ք կիսում այդ տեսակետը՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Թող այդ ընդդիմադիրները իրենք վեր կենան քայլեն, իրենց շուրջ մարդ հավաքվի, եթե այդքան խելոք են: Սա ցանցային, ապակենտրոն պայքար է ու ովքեր այս իշխանությանը դեմ են, ովքեր հասկանում են, որ երկիրը սխալ ընթացքի մեջ է, կարող են կողք կողքի քայլել, փորձել կասեցնել այս ընթացքը եւ հետո արդեն, երբ կլինեն նորմալ ընտրություններ, կորոշենք, թե ինչ ուղղությամբ ու ինչպես երկիրը դուրս հանենք այս անդունդից: Բայց նրանք, ովքեր խորհուրդներ են տալիս, թող մի 1000 հոգի էլ իրենք իրենց շուրջ հավաքեն»:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից խորհրդարան չվերադառնալու մասին հայտարարություն չի եղել, ուստի այնպես չէ, որ բացառվում է խորհրդարան վերադառնալը. «Շարժման մարելու մասին բացարձակապես համաձայն չեմ: Ամեն օրվա որակական ու մարդկային փոփոխությունը խոսում է լրիվ հակառակի մասին: Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, կարծեմ ասել էր՝ բանակցային պրոցեսին խանգարում է. Հոռոմ գյուղում գերիներից մեկի հարազատ ներկայացած մի կին ասում էր, որ եթե մի շաբաթ առաջ Թուրքիայի դրոշը չայրեիք, մեր տղերքին կվերադարձնեին: Ապշած էի, թեեւ հասկանալի է, որ մարդը կարող էր նման էժանագին մանիպուլյացիայի զոհ դառնալ: Չգիտեմ՝ Էդմոն Մարուքյանին Նիկո՞լն է այդ ձեւի մանիպուլյացիայի զոհ դարձրել, որ ընդդիմությունը բողոքի հանրահավաքներ անում է եւ դրանով դժվարացնում է բանակցային պրոցեսը: Տարիքի հարց է, բայց Էդմոն Մարուքյանին խորհուրդ կտամ, օրինակ, դիմի Դավիթ Շահնազարյանին եւ հարցնի՝ 93 թվականին, երբ միջազգային հանրությունը ճնշում էր Հայաստանի վրա զորքերը Քարվաճառից հետ քաշելու եւ ընդդիմությունը բազմահազարանոց ցույցեր էր անում Հայաստանում՝ ընդդեմ այդ ծրագրերի, ինչպիսին էր արտաքին քաղաքական վիճակը: Միգուցե Էդմոն Մարուքյանը նիկոլական կամ սեփական մանիպուլյացիաներից դուրս գա»:
Մենք ճշտեցինք՝ եթե շարժումը, ինչ-որ մի պահի հասկանաք, որ չի տալիս բավարար արդյունք, դուք հետ կվերադառնաք խորհրդարան եւ կաշխատեք այնտե՞ղ, ի վերջո այս երթերն ու ցույցերն էլ ժամկետ ունեն՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Նախ, պայքարից նահանջ չի լինելու: Երկրորդը՝ իրականում շարժումը տվյալ պահին առնվազն երկու առումով արդյունք տվել է, մեկ՝ իշխանությունները շատ ավելի զգուշավոր ու սարսափած են իրենց գործողություններում եւ այն ամենը, ինչ նրանք պատրաստ էին թշնամու կամ այլոց պահանջով շատ ավելի արագ ու առանց դիմադրության տրվելու պահանջներին, այսօր շատ ավեի զգուշավոր են ու չեն համարձակվում անել կտրուկ գործողություններ: Այդքանով արդեն շարժումը այն կարգախոսներով, որ մեկնարկեց ու այն պահանջները, որ հնչեցվում են կարմիր գծերի մասին, իր արդյունքները տվել է: Երկրորդը մի քիչ ավելի հուզական թեմա է, բայց հանրային հոգեբանության վրա ազդեցությունն ունի քաղաքական հետեւանքներ: Եթե վերհիշենք 2021-ի մայիսի 9-ին հանրային տրամադրությունները, նույնիսկ օրվա առիթով խոսքերի շեշտադրումները եւ այս մայիսի 9-ին, մեր հայրենակիցների մոտ մեջք է մի փոքր ուղղվել, արժանապատվություն է մի փոքր վերականգնվել, ապագայում հաջողություններ ստանալու նկատմամբ հույսն է արթնացել: Ինքնին դա շարժման հետեւանք է: Իսկ շարժումը երիտասարդացել է, համազգային է անգամ այն առումով, որ քաղաքացիների մեծ մասը ընտանիքներով են գալիս: Շարժումը կանացիություն է ձեռք բերել, կանանց ներկայությունն է շատ ավելի ակտիվ ու շարժումը նաեւ շատ ավելի մարտունակ է դարձել, ավելի համատարած է դարձել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2022
Ղեկավարը ինչքան թույլ ու վախկոտ է լինում, այնքան ավելի հիստերիկ ձևով է հանձնարարում լավ վարձատրվող իր բերետավորներին բիրտ ձևով ցրել ցույցերը, պատժիչ կառույցներին հանձնարարում է շինծու գործեր կարել ակտիվ ու հայրենասեր անհատների վրա, հաշվի չառնելով, թե պատժվողը հայրենիքի համար կռված զինվոր է, ազնիվ ու սկզբունքային երիտասարդ, կին, տարեց մարդ, լրատվամիջոցի ներկայացուցիչ: Իշխանական աթոռի կորստի վախերից ունեցած հիստերիկ ջղաձգումներն են այս ամենի պատճառը:
Իսկ ընդդիմադիր կուսակցությունների մի մասն էլ սպասում են, որ սկսված ցույցերը մարեն, որպեսզի հետո էլ իրենք սկսեն ակտիվանալ և փորձեն հաջողության հասնել: Մեկը մյուսին մեղադրում են պրոռուսական և պրոարևմտյան կողմնորոշումների մեջ: Ամբիցիաների ավելցուկ և հայրենասիրության պակաս՝ ահա թե ինչն է ընդգծված մեր կուսակցական առաջնորդների մոտ (էլ չեմ խոսում իշխանության հետ ջերմ շփումներ ունեցող և նրանից բոնուսներ ստացող խղճուկ մարդ-կուսակցությունների մասին):
Մեր քաղաքական գործիչները և ակտիվ մտավորականները իրար հետ միավորվելու և երկրի փրկության պայքարը կազմակերպելու փոխարեն (ինչպես դա եղավ 1988թ.), տենդագին ձևով այս կամ այն արտաքին կողմնորոշման առավելություներն են ապացուցում և իրենց դրսևորում մանկամտորեն՝ Սարոյան եղբայրերի նման: