«Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում համայնքի 11 բնակավայրի՝ համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների 20 շենք-շինությունների վրա 350 ԿՎ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում:
Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով, Բերդի համայնքապետարանի մասնակցությամբ (ներդրումը՝ընդհանուր արժեքի 10%)՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում Բերդ համայնքի տեխնիկական պարկը համալրվել է 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչով, 1 մինիամբարձիչով, 1 տեխօգնության ամենագնաց պիկապով, 3 աղբատար մեքենայով: Ձեռք է բերվել նաև 150 հատ մետաղական աղբաման: Նշենք, որ առաջիկայում համայնքը ձեռք կբերի 1 անիվավոր տրակտոր՝ գութանով և գրեյդերային շերեփով:Ծրագրի ընդհանուր արժեքը 347, 590,000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 34, 759, 000 ՀՀ դրամ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի