Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեցների ու ընդդիմադիրների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քիչ առաջ կալանավորվել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի որոշումը։
Տարոն Մանուկյանի փաստաբանը՝ Աբգար Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը»։
Փաստաբանը նաև հրապարակել է Տարոն Մանուկյանի կոչը․ «Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։
Կարդացեք նաև
Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք , չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք…մենք պայքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։
Կա՛մ մահ, կա՛մ ազատություն»։
Հիշեցնենք, որ այս գործով առաջինը կալանավորվել էր Արսեն Մարտոնյանը։
Գլխավոր դատախազությունից մեզ առավոտյան փոխանցել էին, որ տվյալ գործով կա երեք մեղադրյալ, այս պահին՝ ևս երկու կասկածյալ:
Մեղադրյալներից երկուսը կալանավորվել են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից