«Մեր դիմադրության շնորհիվ այսօր գործընթացներ են տեղի ունենում ոստիկանությունում, բազմաթիվ արժանապատիվ ոստիկաններ հրաժարվել են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, դիմումներ են գրում եւ դուրս գալիս համակարգից: Խաչիկ Թովմասյանը կարմիր բերետավոր, Նարեկ Հարությունյան՝ ոստիկանությունից, դիմում է գրել եւ համակարգից դուրս են եկել»,֊ այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց ընդդիմադիր առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
Նա ամփոփեց՝ 12 օր ութժամյա ռեժիմով փողոցում են եւ հավաքվածներին կոչ արեց՝ «վստահեք ինքներդ ձեզ, վստահեք մեզ եւ հաջողության ենք հասնելու»:
Իշխան Սաղաթելյանը դիմեց նաեւ ՀՀ֊ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային կառույցներին՝ կոչ անելով իրենց լռությամբ չխրախուսել օրվա իշխանության հակահայկական եւ հակապետական քաղաքականությունը․«Հայաստանում այլեւս չկա ժողովրդավարություն, կա մեկ մարդու բռնապետություն, որը մենք շուտով ջարդելու ենք»:
Իշխան Սաղաթելյանը ելույթի սկզբում հիշեց նաեւ, որ 1994 թվականի այս օրը մեր բանակը զինադադար պարտադրեց Ադրբեջանին: Ժողովրդին նպատակասլացության, կազմակերպվածության եւ կամքի շնորհիվ կարողացանք պարտադրել թշնամուն, որպեսզի զինադադար կնքի: Անցած տարվանից, ՀՀ գործող իշխանության դավադրական գործունեության հետեւանքով, ադրբեջանական զորքերը մտան Սեւ լճի տարածք: Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Սեւ լճի 30 տոկոսի համար չենք գնալու առճակատման:
Կարդացեք նաև
«Մայիսի 12-ի հաղթանակի օրը նորից վերականգնելու ենք»,֊ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը:
Անհնազանդության գործողությունները վաղը կրկին կշարունակվեն: 16.00-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք կլինի․ «Հետքայլ չկա, սրանց պետք է հեռացնել եւ վերջ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ