Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Արամ Նավասարդյանը վրաերթից հետո գար դեպքի վայր, այդ մեքենան շուռ կտային ու կվառեին»

Մայիս 12,2022 19:55

Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին,  վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը Երեւանի գլխավոր դատախազի ցուցումով այսօր կրկին ձերբակալվել է: Այսօր՝ ուշ երեկոյան, դատարանը կքննի կալանքի միջնորդությունը:

«Այս միջնորդությունն ինձ համար շատ անընդունելի է, 10 օր է՝ դրսում է, որեւէ բանից չի խուսափում: Քննիչները պարզապես քաղաքի գլխավոր դատախազի ցանկությունն են կատարում, քանի որ Երեւանի գլխավոր դատախազը ցուցում է գրել, օրենքը նրան թույլ է տալիս: Նա ուղղակիորեն պահանջ է ներկայացրել՝ կալանավորել: Քրեական   օրենսգրքի 244 հոդվածով մեղադրանք առաջադրել, ձերբակալել ու կալանավորել: Ես սա չեմ ընդունում,որովհետեւ այստեղ փախուստ չկա, դեպքի վայրը թողնել չկա: Սա էլ իրենց համար տրոլեյբուսի վարորդ չէ, որ չիմանա՝ ինչ անի: Իրեն բավարար է ռադիոկապ ու հեռախոս, որ ինքը բարձր մակարդակով այդ օգնությունը կազմակերպի: Հետո իրենք մոռանում են, որ վրաերթից հետո տեսուչը քաշքշուկի է ենթարկվել հավաքված քաղաքացիների կողմից, ու Արամ Նավասարդյանը ռադիոկապով  տեղեկացել է այդ մասին: Այդ պայմաններում Ոստիկանության հասցեին վատ բաներ է հնչեցվել, ոչ կոռեկտ արտահայտություններ: Այսինքն՝ այս պայմաններում իմ պաշտպանյալը սխա՞լ է վարվել, այդ մեքենայով, եթե հետ գար, այդ մեքենան շուռ կտային ու կվառեին: Այս քաղաքական խմորումներում  կան նմանատիպ կերպարներ, որոնք պատրաստ են  ամեն ինչի: Այս վրաերթը քաղաքական նպատակներով է  օգտագործվում»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Փաստաբանի խոսքով, ոչ մեկ իրավունք չունի ասել՝ Արամ Նավասարդյանը լքել է դեպքի վայրը, նա քաղաքացիական հագուստով եկել ու մասնակցել է դեպքի զննությանը. «Անվտանգության նկատառումներով նա դեպքի վայր այդ պահին չի վերադարձել»:

Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հայտարարել էր, որ տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը, այդպիսով նաև նրա մահվան համար մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությանը հասնելու ուղղությամբ:

Ովքեր են մեղավորները մեր հարցին փաստաբան Ռուբեն Բալոյանը պատասխանեց. «Իրենց համար մեղավորը Արամ Նավասարդյանն է, ինձ համար՝ հետիոտն աղջիկն է: Քանի որ իր գործողություններով է պայմանավորված այս վրաերթը»:  Այս գործով տեսուչը նույնպես հարցաքննվել է, նա, ըստ փաստաբանի,  նույնպես հայտնել է, որ աղջկանից պահանջել է կանգնել. «Հիմա ինձ մոտ որոշակի անձինք հարց են բարձրացնում, թե աղջիկը չի տեսել, ուրեմն 15 ավտո  լուսային ու ձայնային ազդանշանները միացրած գալիս են, ինքը ոնց կարող է չտեսնել»:

Իսկ ինչ է ասել  տեսուչը՝ մահացած կինը տեսե՞լ է, թե՞ չի տեսել, փաստաբանն ասաց՝ եկեք մանր հարցեր մի տվեք, տեսուչը պահանջել է կանգնել, ճանապարհը չշարունակել:

Անդրադառնալով տուժող կողմի պնդմանը, թե աղջկան անօգնական են թողել, հեռացել, Ռուբեն Բալոյանը չհամաձայնեց. «Դեպքի վայրում հարյուրավոր մարդիկ կան, ինչ անօգնական վիճակի մասին է խոսքը: Հարյուրավոր մարդիկ են եղել, այդ թվում ոստիկանության աշխատակիցներ, որոնք շատ արագ ձեւով ու պատշաճ կազմակերպել են տուժողի  տեղափոխումը հիվանդանոց, ընդորում՝ շտապ օգնության կայանը գտնվում է դեպքի վայրի հարեւանությամբ:  Գրեթե մեկ րոպեի ընթացքում շտապ օգնության մեքենան հասել է դեպքի վայր տեսուչի կանչով ու միանգամից տեղափոխել  Նաիրի բժշկական կենտրոն, ցույց են տվել անհապաղ ու բարձրակարգ օգնություն: Այս հարցին միջամտել է նաեւ հենց  Արամ Նավասարդյանը, խոսել է հիվանդանոցի բաժնի վարիչի հետ, խնդրել է բարձրակարգ օգնություն ցուցաբերել, ամեն ինչ անել, որ կյանքը փրկեն»:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Արամ Նավասարդյանն անձամբ չի այցելել տուժողի հարազատներին, բայց նրա եղբայրն ու այլ հարազատներ մասնակցել են աղջկա թե՛ հոգեհանգստի, թե՛ թաղման արարողությանը, բայց չեն ներկայացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031