Այսօր կեսօրից հետո զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի:
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած իրազեկման երթը նույնպես շարժվեց դեպի Գլխավոր դատախազություն: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ գնում են ի աջակցություն զոհվածների ծնողներին, նրանց կողքին գտնվելու եւ նույնպես պահանջելու, որ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվի:
Հիշեցնենք, որ ծնողները դատախազությանը նման պահանջ են ներկայացրել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ կարող էր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը եւ ավելի քիչ զոհեր կլինեին: Երթն անցավ Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով: Մարդիկ վանկարկում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «միություն, պայքար, հաղթանակ»:
Կարդացեք նաև
Իրազեկման երթն առաջնորդում էին Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Վանեցյանն ու այլ պատգամավորներ:
Գլխավոր դատախազության մոտ երթի մասնակիցներին սպասում էին մեծ թվով ոստիկաններ:
Այստեղ էր նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Երթի մասնակիցները ողջունեցի հերոսների ծնողներին, հայտնեցին իրենց աջակցությունը:
Այստեղ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա ասաց, վերջին օրերի ընթացքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել: Խոսքը դատախազի ցուցումի մասին է, որը ծնողներին տվել է տուժողի իրավահաջորդի կարգավիճակ: Սա, ըստ Արթուր Ղազինյանի, կարելի է համարել, որպես փոքրիկ հաղթանակ:
«Հետագայում քրեական գործը վերցվեց Սասուն Խաչատրյանի ղեկավարվող կառույցից եւ փոխանցվեց Քննչական կոմիտեի ռազմական հանցագործությունների գլխավոր վարչություն, որտեղ ընթանում է գործի ամբողջական քննություն: 5-6 օր առաջ ծնողների շահերը ներկայացնող իրավաբանը պահանջ է ներկայացրել՝ անհապաղ քննության կանչել Նիկոլ Փաշինյանին, որը վերջին մեկու կես տարվա ընթացքում քննիչի մոտ չի հարցաքննվել: Մենք Ազգային ժողովում նրան հարցաքննել ենք: Նա խոստովանել է, որ ինքը պետական դավաճան է, որ ինքն է մեղավոր պատերազմի մեջ, որ ինքն է մեղավոր այդքան լուսավոր տղաների մահվան մեջ»,-ասաց Արթուր Ղազինյանը՝ նշելով, որ այդ ամենին տրվել է իրավական ձեւակերպում եւ անհապաղ պետք է ձերբակալել Նիկոլ Փաշինյանի: Ըստ նրա, դա պետք է արվի, որպեսզի կանխվեն պետական դավաճանության նոր դրվագները, որ «թշնամուն» չհանձնվեն նոր տարածքները. «Ձերբակալումը պարտադիր է, քանի որ կարող է փախչել Նիկոլ Փաշինյանը»:
Նա հիշեցրեց՝ ինչ հատվածներ է մեր հայրենիքից հանձնվել Ադրբեջանին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նաեւ հանձնել Տավուշի 7 գյուղերը, Տիգրանաշենը: Սրա ապացույցն այն է, որ ՀՀ կառավարությունը չի հերքել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Զոհված զինծառայողի ծնողներից մեկը նույնպես ելույթ ունեցավ, պատմեց՝ ինչ են խոսել դատախազի, քննիչի հետ: Նրա խոսքով, ամենաթանկը կորցրել են, հիմի էլ կանգնել են հայրենիքը կորցնելու վտանգի առաջ: Ասաց, որ քննիչից պահանջել են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ ինքն է սպանել 5000 տղաներին. «Նույն հարցը տվեցի քննիչին, ասեցի, եթե այդ 5 հազար տղաները անկարգություն արած լինեին զորամասում, հիմա դատել էիք: Բա ինչո՞ւ չէիք դատում էն մարդուն, որ 5000 տղայի սպանեց»:
Դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ասաց, որ ծնողները նրա կողքին են եւ նա պետք է անհապաղ ձերբակալի Նիկոլ Փաշինյանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ